Անհատական խորհրդատվություն

Գրանցվել խորհրդատվության

Հոգեբանական անհատական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ, դժվարություններ կամ պարզապես ձգտում է ինքնաճանաչման և ինքնակատարելագործման: 

Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, այն ուղղված է այցելուի խնդիրների, դժվարությունների հստակեցմանը, հայցի ձևակերպմանը, ներքին ռեսուրսների, հնարավորությունների բացահայտմանը, խնդիրների հաղթահարման մարտավարության մշակմանը և դրա համար անհրաժեշտ հոգեբանական աշխատանքի պլանավորմանը: 

Հոգեբանական խորհրդատվությունը կարճաժամկետ հոգեբանական աջակցության ձև է՝ 1-ից մինչև 15 հանդիպում: Երբեմն հենց առաջին հանդիպումից անձը գտնում է իր հարցերի պատասխանները և մշակում դժվար իրավիճակից դուրս գալու սեփական տարբերակները, իսկ երբեմն այդ գործընթացը ավելի շատ ժամանակ է պահանջում:

Հոգեբան-խորհրդատուն իր աշխատանքի ընթացքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ այցելուն ունի իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր ներքին ռեսուրսները, պարզապես նրա համար դժվար է ինքնուրույն կերպով բացահայտել սեփական կարողությունների և հնարավորությունների ողջ պաշարը:

Առավել դժվար է վերհանել անլուծելի թվացող խնդրի սկզբնաղբյուրն ու իրական դրդապատճառները, որոնք շատ հաճախ թաքնված են լինում անգիտակցականի խորը շերտերում: Առանց մասնագետի օգնության՝ հաճախ անհնար է դառնում տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը, օբյեկտիվ գնահատել կատարվածը և խնդրին սպառիչ լուծում տալ:

Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում, լիարժեք վստահության մթնոլորտում, այցելուն ազատ և անկաշկանդ քննարկում է իրեն հուզող բոլոր հարցերը: Խորհրդատվության բարենպաստ մթնոլորտը մղում է այցելուին ինքնահետազոտման և բոլոր այն բացասական գործոնների գիտակցման, որոնք խաթարում են նրա հոգեկան ներդաշնակությունը:

Այցելուի անձի նկատմամբ հոգեբանի անքննադատ վերաբերմունքն ու խորը հարգանքը հիմք են հանդիսանում նրանց միջև անկեղծ հարաբերությունների հաստատման համար: Վստահելի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև հոգեբանի բարոյաէթիկական ամենակարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ այցելուի հետ հանդիպումների գաղտնիության ապահովումը: Դա նշանակում է, որ այցելուի տրամադրած ցանկացած ինֆորմացիա գաղտնի է և չի տրամադրվում երրորդ անձին: Հոգեբան-այցելու փոխհարաբերությունները, իրենց յուրահատուկ բնույթով, արդեն իսկ ունեն թերապևտիկ ազդեցություն այցելուի համար:

Խորհրդատվական հանդիպումների ժամանակ ուշադիր լսելով, դիտելով, զննելով և հարցեր ուղղելով այցելուին՝ հոգեբանը կոնկրետացնում, հստակեցնում է նրա խնդրի իրական բնույթը, դրա լրջության աստիճանը, առաջացման պատճառները: Այդ ամենը պարզաբանելուց հետո հոգեբանը այցելուի հետ սկսում է քննարկել, թե ինչ իրատեսական և օպտիմալ տարբերակներ կան խնդիրը լուծելու համար:

Հոգեբանական խորհրդատվության ընթացքում այցելուին տրվում է ակտիվ դեր՝ իր խնդիրների հասկացման, լուծումներ փնտրելու և որոշումներ կայացնելու հարցում: Պատրաստի խորհուրդներ, լուծումներ և գնահատականներ տալու փոխարեն հոգեբանը հատուկ խոսքային տեխնիկաներով և մեթոդներով ակտիվացնում է այցելուին՝ իր մեջ փնտրելու շատ հարցերի պատասխանները, վերանայելու իր դիրքորոշումներն ու արժեքները, այլ դիտակետից նայելու իր կյանքին և ներաշխարհին, առավել լայն և համակողմանի ճանաչելու սեփական Ես-ը: Հոգեբանը բարձրացնում է սեփական կյանքի և որոշումների նկատմամբ այցելուի պատասխանատվության զգացումը, ինչպես նաև իր կյանքի միակ տերը լինելու գիտակցումը: 

Հոգեբանն առանջնորդվում է այն սկզբունքով, որ անկախ և պատասխանատու անձը համապատասխան իրավիճակներում ի զորու է ինքնուրույն որոշում կայացնել, հետևաբար՝ նա խրախուսում է այցելուի ազատ կամքի դրսևորումը:

 


«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Մարիա Թևոսյան Անահիտ Շահատունի Գոհար Լևոնյան Ինգա Մուկուչյան
IMG_0118
Գայանե Գուսիկյան Մարգարիտա Սաղաթելյան Իզապէլ Մաթոսեան Սերգեյ Ղասաբյան
Նելլի Զարգարյան Նաիրա Մարտիրոսյան Հայկ Խաչիկյան Անուշ Նիկոլյան
Վերժինե Տեր-Գասպարյան
Վերժինե Տեր-Գասպարյան Անի Սարգսյան Անի Բուդաղյան Շուշաննա Հովհաննիսյան
Ամիր Ղալէ Դիանա Գալստյան Թալին Միրզախանյան Նաիրա Հարոյան
Իվետա Ավետիսյան Հրաչյա Շահինյան

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում խորհրդատվություն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով։

Կենտրոնի մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ: Գրանցման տարբերակներն են՝ 

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք  համապատասխան մասնագետի մոտ:

Աշխատանքային օրեր`  երկուշաբթիից շաբաթ, ժամը10:00 – 21:00 

Ոչ աշխատանքային`  կիրակի