ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎՐԱ

Տեղեկատվական հասարակության ձևավորումով վերաարժևորվում են ավանդական կողմնորոշիչներն ու արժեքները, փոխվում են մարդկային կեցության ամբողջականության, ճշմարտության ըմբռնումը, ձևափոխվում են արժեքային կողմնորոշումները: Այդ ամենը նկատելիորեն արտացոլվում են սոցիոմշակութային գործընթացներում: Մասնավորապես, անհնար է մերժել տեղեկատվական հասարակությունում առաջացող այն միտումները, որոնք խարխլում են հումանիստական արժեքները: Հաճախ չկառավարվող հսկայական քանակի ձայնային, հեռուստատեսային և համակարգչային տեղեկատվական հեղեղը տարածվում է զանազան մշակութային միջոցներով և տեղատարափի նման թափվում է հասարակական գիտակցության վրա և հնարավոր չի լինում հասկանալ, զատել կարևորը՝ անկարևորից, էականը՝ երկրորդականից, որը առաջ է բերում սոցիալական անտարբերություն (ապատիա):

Տեղեկատվական այդ հեղեղը իր քաոսականության, անընդհատության և անվերջության պատճառով անհնար է դարձնում տեղեկությունների հանգամանալից վերլուծությունը: Նման միտումները քայքայում են մշակույթի ամբողջականությունը (բարոյական, գեղագիտական ընկալումները, վարքային դիրքորոշումները) և հանգեցնում, մասնավորապես, այնպիսի սոցիոմշակութային երևույթի, ինչպիսին է «նեոտրայբալիզմը» (գլոբալային ցեղ): Վիրտուալ իրականության մեջ հայտնված մարդիկ, զրկվելով նույնականությունից և կորցնելով մշակութային ինքնատիպությունը, վերածվում են յուրահատուկ ամենակուլ, անդեմ զանգված-հասարակության: Նման գլոբալ փոփոխությունների պայմաններում ձևավորվում են մտածողության և գործունեության նոր ուղղություններ, մասնավորապես մեծանում է սոցիումի կազմակերպման վրա մանիպուլյացիոն ազդեցությունների դերը:

Ի դեպ, հասարակության կյանքում և մշակույթի մեջ մանիպուլյատիվ ազդեցությունները ակտիվանում են անցումային դարաշրջաններում, երբ տեղի է ունենում աշխարհայացքային ելակետային կողմնորոշիչների փոփոխություն, երբ հասարակության մեջ մեծանում է անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, ապագան դառնում է անորոշ: Ինչպես իրավացիորեն նշում է Դ. Վ. Կոնիշևսկին. «Մանիպուլյատիվ միջոցների կիրառումով ձեռք է բերվում սոցիոմշակութային նույնականության թվացողություն, ժամանակի հետ համաքայլ ընթանալու զգացողություն: Մանիպուլյատիվ սիմվոլները լցնում են սոցիոմշակութային իմաստների դուրս մղման հետևանքով առաջացած դատարկությունը և հող են պատրաստում նոր մշակութային կազմավորումների, միտումների և կարծրատիպերի ձևավորման համար»: Ժամանակակից զանգվածային հաղորդակցման միջոցների բացասական ազդեցության հետևանք է հասարակության հոգևոր կյանքի աղքատացումը, հետաճը: Տեղեկատվական հոսքը և փաստերի ամենօրյա աճի հետևանքով առաջացած տեղեկատվական ավելցուկը հանգեցնում է մտավոր գերլարման: Մարդու գիտակցությունը անընդհատ ենթարկվում է ինֆորմացիոն «գրոհի»` վերածվելով մանիպուլյացիոն թիրախի: Որոշակի իմաստով հասարակությունը մանիպուլյացիաների անհրաժեշտություն է զգում: Բանն այն է, որ մանիպուլյատիվ ազդեցությունները ունակ են զանգվածային գիտակցության մեջ ստեղծել և տարփողել պատկերներ ու առասպելներ: Մասնավորապես, հասարակության մեջ առաջացած լարվածությունը, կախված հետապնդվող նպատակից, հնարավոր է մեղմել, թուլացնել կամ խորացնել գործադրելով մշակութային սիմվոլներ:

Մանիպուլյացիան պարտադրում է այնպիսի մեկնաբանություն, որը առաջարկում է իրականության մասին ցանկալի պատկերացում: Ժամանակակից հասարակության մեջ տիրապետողը, պատմամշակութային իմաստը որոշողը ոչ թե ճշմարտության, բարու, գեղեցիկի ու արդարի կատեգորիաներն են, այլ պրագմատիզմը՝ մերկ շահի և օգուտի գիտակցությունը: Նման իրադրության մեջ բախվում են դասական ու կեղծ մշակույթը: Իսկ վերջինիս առաջացումն ու զանգվածային տարածումը` աշխարհի ու մարդու կեցության ամբողջականության, կայունության կորստի գիտակցման անմիջական հետևանք է: Այդ համատեքստում արդի հասարակությունում առավել մեծ նշանակություն է ստանում տիրապետելու և սպառելու առանձնահատուկ ձևերի գիտակցության ձևավորման հիմնախնդիրը:

Ժամանակակից մարդուն կարելի է բնորոշել ոչ թե «Homo sapiens», այլ «Homo consumers». Homo consumers-ի (սպառող մարդու) հիմնական ցանկությունը սպառելն է՝ առանց արտադրելու մասին մտածելու: Սպառող մարդը նպատակասլացորեն ստեղծվում է տիրապետող գաղափարախոսությամբ խիստ որոշակի նպատակով, այն է՝ կառավարելու: Ընդ որում, սպառող մարդը որպես սուբյեկտ նշանակություն, արժեք չունի, այն նշանակալից է միայն իբրև ստատիկ միավոր՝ որպես ազդեցության օբյեկտ: Ոչ բռնի կառավարում իրականացնելու համար պարզեցվում է անձնավորության կառուցվածքը, նրանից խլվում գիտակցությունը, փոխարենը խրախուսվում է սպառելու ձգտումն ու ցանկությունը հիմնարար և մեծամասամբ արհեստական պահանջմունքների բավարարման համար: Եթե դեռևս տասնամյակներ առաջ առկա էր «բարի-չար, լավ-վատ», երկընտրանքը, ապա ժամանակակից հասարակությունը չի ենթադրում միասնական բարոյական կողմնորոշիչներ և հասարակության գործունեությունը կարգավորող արդի բարոյականությունը դարձել է հեղհեղուկ: Հասարակական շերտերը կողմնորոշված են դեպի հակասական բնույթի տարբեր արժեքներ: Ոչ կայուն արժեքային կողմնորոշումների ֆոնի վրա, որտեղ մտավոր զարգացվածությունը զուգակցվում է հուզական հետամնացության հետ, չափազանց դժվար խնդիր է ձևավորել հասուն և բարձր բարոյական գիտակցությամբ օժտված անձնավորություններ, ովքեր ընդունակ կլինեն կատարելու բարոյական ընտրություն և տալու բարոյական խնդիրների համարժեք լուծումներ: Անձը միշտ իր դարաշրջանի և երկրի կյանքի արդյունքն է, որից հետևում է, որ անհրաժեշտ է «պատրաստել» ապագայի մարդկանց, ովքեր օժտված կլինեն ճկուն հոգեկան կառուցվածքով, այլ ոչ թե անդեմ արժեքային համակարգի հարմարվողական միտումներով: Մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ոչ թե իրականության կործանարար վերափոխմանը, այլ` ստեղծագործական ակտիվությամբ արձագանքելու աշխարհում կատարվող փոփոխություններին, մարդիկ, ովքեր ոչ թե գիտելիք են կուտակում, այլ կարող են որոնել այն և մտածել դրա շուրջ:

Իհարկե, մենք տեսնում ենք, որ մարդկությունը հոգևորի զոհաբերումով գնում է տեխնոկրատիայի ճանապարհով, մոռանալով, որ հենց հոգևորն է, որ բանական մարդուն տարբերում է կենդանուց: Հոգևոր կյանքը, ներառյալ փիլիսոփայությունը, կրոնը, արվեստը, գրականությունը, առհասարակ մշակութային այն բոլոր արժեքները, որ ստեղծել է մարդկությունը իր պատմության ընթացքում, և եթե դրանց լրջորեն, ակնածալի վերաբերմունք չի լինելու, ապա ժամանակակից մարդկության համար չի կարող լինել «լուսավոր» ապագայի հեռանկար: Մարդկության պատմական փորձը վկայում է, որ բարոյական գիտակցությունը ձևավորվում և զարգանում է գրքերի ընթերցումից, խելացի և հոգևոր բարձր զարգացում ունեցող մարդկանց հետ շփվելիս, գեղեցիկ ու վեհ երաժշտություն լսելիս: Մարդու հոգևոր ոլորտը միակն է, որը չկա այլ էակների մոտ:

Չպետք է մոռանալ, որ, հիրավի, գիտությունը աշխարհի մասին, այն աշխարհի, որում մենք ապրում ենք, տեղեկություններ քաղելու առավել հզոր միջոց է, բայց հոգևորը անհրաժեշտ է որպես կյանքի իմաստի աղբյուր: Եվ հոգեբանության կարևորագույն խնդիրներից մեկն էլ հենց մարդկային կեցության իմաստի որոնման և հայտնաբերման մեջ է: Բնագիտությունը չի լուծում որոշ էկզիստենցիալ և փիլիսոփայական հարցեր: Վերջիններս վերաբերում են հոգևոր-բարոյական արժեքներին: Ժամանակակից հոգեբանության խնդիրն է թույլ չտալ արժեզրկելու, ապամարդկայնացնելու մարդկային կյանքն ու նրա իմաստը: Ահա թե ինչու գիտության սրընթաց զարգացման պայմաններում աննախադեպ աճում է հումանիտար գիտելիքի դերը: Արվեստը, գրականությունը, հոգեբանությունը և հումանիտար գիտություններն ամբողջությամբ կոչված են անձի մոտ ձևավորելու պատասխանատվության գիտակցություն այն ամենի հանդեպ, ինչ մարդկային է:

Հոդվածի հեղինակ՝ հ․գ․թ․, դոցենտ Նելլի Հարոյան

20

Related Post

Թողնել մեկնաբանություն