Ինչպե՞ս պահպանել հոգեկան անդորրն ու ֆիզիկական անվտանգությունը պատերազմական իրավիճակում

1. ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ՝ «Ի՞ՆՉ ԵՄ ԵՍ ԶԳՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ»:

Աշխատեք ազնվորեն անվանել այն հույզը, որն ապրում եք տվյալ պահին՝ ընդհանուր լարվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, զայրույթ, ատելություն, կարեկցանք ռազմի դաշտում գտնվողների հանդեպ, օգտակար լինելու ցանկություն, մեղքի զգացում, ամոթ այն բանի համար, որ ուրիշները կռվում են, իսկ Դուք՝ ոչ, հպարտություն, երբ կարդում եք հաղթական լուրեր, անօգնականության զգացում, հուսալքություն, հիասթափություն և այլն: Այս հարցի պատասխանը թույլ կտա գիտակցել տվյալ պահին ապրվող հույզը և դրանով իսկ կառավարել այն:

Հիշեք, որ ԱՅՆ ՀՈՒՅԶԸ, ՈՐՆ ԱՆՎԱՆՎՈՒՄ Է, ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՄՏՆՈՒՄ Է ՄԵՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԻՍԿ ԱՅՆ ՀՈՒՅԶԸ, ՈՐԸ ՉԻ ԱՆՎԱՆՎՈՒՄ, ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ՄԵԶ:

2. ԽՈՒՍԱՓԵՔ ԱՆՄԻՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

Պատերազմական իրավիճակը ծնում է ընդհանուր անհանգստության մթնոլորտ, որին տարբեր մարդիկ հակազդում են տարբեր կերպ: Կան հակազդման ինչպես կառուցողական, այնպես էլ դեստրուկտիվ ձևեր: Հակազդման ամենատարածված դեստրուկտիվ եղանակներից մեկն է գործել՝ մտածելու փոխարեն: Օրինակ՝ անվերջ զանգել ծանոթ-բարեկամներին, ժամերով անիմաստ զրուցել տագնապը հանգստացնելու համար, 24 ժամ լինել համացանցում և կարդալ տարաբնույթ լուրեր՝ չկարողանալով կտրվել դրանցից, անընդմեջ հեռուստացույց դիտել, շատ ուտել, կպչուն ձևով մեքենա վարել, գրգռվել և վիճաբանել առանց պատճառի:

3. ՋԱՆԱՑԵՔ ՉԸՆԿՆԵԼ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՄԵՋ:

Չափազանց մեծ սթրեսին մարդկանց մի մասը հակազդում է արգելակմամբ. մարդն օրեր շարունակ դադարում է որևէ բանով զբաղվել, դուրս է ընկնում աշխատանքային ռեժիմից, չի կարողանում պլանավորել իր օրը, անընդհատ քնած է, թմրած:

4. ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:

Սթրեսին որոշ մարդիկ հակազդում են սոմատիկ հիվանդությունների կտրուկ սրացմամբ: Պետք է գիտակցել, որ ի հայտ եկած այդ երևույթները ևս պատասխան են սթրեսին:

5. ՄԻ ԼՌԵՔ, ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՔՆՆԱՐԿԵՔ ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ:

Սա կօգնի լիցքաթափվել, խոսքային ձևակերպումներ տալ չափազանց ուժեղ հույզերին:

6. ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼՍԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ:

Հոգեբանական առաջին օգնության հիմնական կանոնը լսելն է: Եթե ցանկանում եք օգնել Ձեր մտերիմներին, ովքեր չափից ավելի տագնապած են, ապա լսեք նրանց՝ առանց ընդհատելու: Դա թույլ կտա նրանց լիցքաթափվել, խոսքով արտահայտել ապրումները, գիտակցել, այսպիսով՝ տիրապետել իրենց հույզերին:

7. ՄՏԱԾԵՔ՝ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ:

Բոլորս ունենք կարծրատիպ, որ պատերազմում է միայն զինվորը մարտի դաշտում, սակայն զինվորի հետևում ոչ պակաս գործ է անում նաև ԹԻԿՈՒՆՔԸ: Եթե Դուք անմիջականորեն չեք մասնակցում մարտական գործողություններին, ապա կարող եք այլ կերպ օգտակար լինել մարտի դաշտում գտնվողներին: Այս պարագայում հատկապես դժվար է  տղամարդկանց համար, քանի որ նրանք շատ մեծ ներքին կոնֆլիկտ և մեծ մեղքի զգացում են ապրում այն պարագայում, երբ անմիջականորեն չեն մասնակցում մարտական գործողություններին: Նրանց ինքնագնահատականը կարող է կտրուկ անկում ապրել / մի՞թե ես վախկոտ եմ, մի՞թե ես մորթապաշտ եմ, ի՞նչ կմտածեն իմ մասին մարդիկ, և այլն/:

Անհրաժեշտ է, որ թիկունքում գտնվող տղամարդիկ գիտակցեն վերոնշյալ բացասական զգացմունքները, որոնք ծնում է իրավիճակը: Այդ զգացմունքները հաղթահարելու համար կարելի է ինչ-որ օգտակար մի բան անել դիրքերում գտնվողների համար: Նույնը վերաբերում է նաև կանանց: Նրանք ևս, լինելով թիկունքում, կարող են  որևէ օգտակար բան անել դիրքերում գտնվողների համար: Սա կօգնի նրանց խուսափել բացասական շատ ապրումներից, նաև ունենալ կռվողների հետ միասնության զգացում, որը կօգնի հաղթահարել տագնապը:

8. ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵԶ ՀԱՍՆՈՂ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ:

Մեր ժամանակներում ինֆորմացիայի հոսքը, հատկապես նման արտակարգ իրավիճակներում, չափազանց մեծ է, հաճախ անկառավարելի, չստուգված, առանձին դեպքերում հակասական: Ընտրեք ինֆորմացիայի մեկ կամ երկու հուսալի աղբյուրներ և օրվա ընթացքում մի քանի անգամ /բայց ոչ անընդհատ/ թարմացրեք Ձեր տեղեկացվածությունը: Դա կօգնի տիրապետել իրադրությանը և չապրել ավելորդ տագնապ:

9. ՄԻ ՏԱՐԱԾԵՔ ՉՍՏՈՒԳՎԱԾ ԿԱՄ ԽԻՍՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ:

Ինֆորմացիան հզոր զենք է և դրա հետ պետք է շատ զգույշ վարվել: Արդի կյանքում մեզնից յուրաքանչյուրը կարող է տարածել ինֆորմացիա, որի հետևանքները երբեմն անկանխատեսելի են լինում ինչպես մեզ, այնպես էլ ուրիշների համար: Խելամիտ կերպով տարածեք ինֆորմացիան սոց. ցանցերում:

10. ՈՒՆԵՑԵՔ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՊԼԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ:

Եթե Դուք ծեր եք, հիվանդ կամ Ձեր խնամքի տակ ունեք երեխաներ, ծեր կամ հիվանդ մարդիկ, անհրաժեշտ է, որ Դուք մտքում ունենաք պլան՝ Ձեր քաղաքի վրա հարձակում գործելու պարագայում Ձեր քայլերի վերաբերյալ: Ունեցեք մոմեր, սննդի պահուստ, տաք հագուստներ, բենզին, փոխադրամիջոց, ապաստարան և այլն:

11. ՄՏԱԾԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ՁԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ:

Մի կորցրեք Ձեր սառնասրտությունը, բանականությունը: Փախեք, եթե հնարավոր է, կամ թաքնվեք, եթե փախչելը անհնար է: Փրկեք Ձեր կյանքը:

Հ.գ.թ, դոցենտ, հոգեբան-խորհրդատու Մանե Հակոբյան

20

Related Post

Թողնել մեկնաբանություն