Ի՞նչ է սոմատիկ թերապիան

Սոմատիկ թերապիան հոգեթերապիայի ուղղություն է, որտեղ ուշադրության կենտրոնում ոչ միայն խոսքն է, այլ նաև մարմինը և նյարդային համակարգը։

Աշխատում ենք ոչ միայն պատմության հետ՝ «ինչ է տեղի ունեցել», այլ նաև՝
  • ինչ է տվյալ պահին տեղի ունենում մարմնում,
  • ինչպիսին է շնչառությունը,
  • որտեղ է լարվածությունը,
  • ինչ է ակտիվանում կոնկրետ իրավիճակներում,
  • ինչպես է նյարդային համակարգը արձագանքում
Սոմատիկ մոտեցման շրջանակում մարմինը դիտարկվում է որպես փորձառություն և հիշողություն կրող համակարգ։ Շատ փորձառություններ պահպանվում են ոչ միայն ճանաչողական մակարդակում, այլև ֆիզիոլոգիական արձագանքների ձևով։

 Ինչի՞ հետ է աշխատում սոմատիկ թերապիան

  • քրոնիկ լարվածություն
  • անհանգստություն, խուճապային գրոհներ
  • հուզական այրում (burnout)
  • սթրես
  • սահմանների պահպանման դժվարություններ
  • մարմնի հետ կապի վերականգնում
  • հարաբերություններում կրկնվող սցենարներ
  • տրավմատիկ փորձառություններ
Սա ամբողջական ցանկ չէ։ Եթե ձեր հարցը այստեղ նշված չէ, կարող եք գրել անձնական հաղորդագրությամբ։

Ինչպե՞ս է կազմակերպվում աշխատանքը

Սեսիաները կառուցվում են երկխոսության հիման վրա, սակայն պարբերաբար ուշադրություն ենք դարձնում մարմնական զգացողություններին և նյարդային համակարգի արձագանքներին։
Աշխատանքի ընթացքում կարող եմ առաջարկել՝
  • դանդաղեցնել ընթացքը,
  • կանգ առնել և նկատել ներկա փորձառությունը,
  • նկատել շնչառությունը,
  • ուսումնասիրել առաջացած զգացողությունը,
Մենք խորանում ենք այնքան, որքան այցելուի նյարդային համակարգը պատրաստ է դիմակայել։ Եթե պատրաստակամությունը կամ ռեսուրսը բավարար չէ, առաջնահերթ աշխատում ենք կայունացման և ներքին ռեսուրսների ձևավորման վրա։

Կարևոր է հասկանալ, որ

Սոմատիկ թերապիան «արագ արդյունքի» մեթոդ չէ։
Այն գործընթաց է, որի ընթացքում մարդը աստիճանաբար սովորում է՝
  • ճանաչել իր ֆիզիոլոգիական և հուզական արձագանքները,
  • տարբերել ակտիվացումը և կիրառել կարգավորում,
  • վերականգնել մարմնի հետ անվտանգ կապը, ապրել ոչ թե մշտական լարվածության, այլ ընտրության և ինքնակարգավորման դիրքից։

Նյութի հեղինակ՝ սոմատիկ թերապևտ Հասմիկ Թանգյան 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.