Ծնողի դերը լոգոպեդական աշխատանքում

Լոգոպեդական աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքան լավ է կազմակերպված լոգոպեդ-ծնող-երեխա շարունակական համագործակցությունը: Լոգոպեդական շտկողական աշխատանքը չի կարող լիարժեք արդյունավետ լինել, եթե այն չի ներառում ընտանիքը: Լոգոպեդի համատեղ աշխատանքը ծնողների հետ լոգոպեդական շտկողական աշխատանքի բաղկացուցիչ մասն է:

Ծնողները հաճախ ամբողջովին չեն պատկերացնում երեխաների խոսքի զարգացման ընթացքը, խոսքի զարգացման ճգնաժամային փուլերը և ուրեմն լոգոպեդի համար կարևոր է ծնողներին ներգրավել շտկողական աշխատանքի մեջ, նրանց ծանոթացնել խոսքի ուսուցման և զարգացման մեթոդներին: Որպեսզի լոգոպեդի և ընտանիքի համագործակցությունն առավելագույնս արդյունավետ լինի, անհրաժեշտ է հստակորեն սահմանել լոգոպեդական աշխատանքի խնդիրները: Լոգոպեդական աշխատանքում շատ կարևոր է ծնողների օգնությունը, որովհետև ծնողի կարծիքը երեխայի համար ունի որոշիչ դեր: Ծնողը հնարավորություն ունի ամենօրյա անմիջական հաղորդակցման միջոցով ամրապնդել երեխայի ձեռք բերած հմտությունները:

Լոգոպեդ-ծնող համագործակցության կարևոր կետերից է անամնեստիկ տվյալների հավաքագրումը, որի ընթացքում լոգոպեդը փորձում է բացահայտել երեխայի խոսքային հմտությունների ծավալը, հոգեկան զարգացման մակարդակը, այն համեմատում է օնտոգենեզում տարիքային նորմերի հետ։ Անամնեստիկ տվյալների վերլուծության արդյունքում լոգոպեդը կազմակերպում է նպատակաուղղված շտկողական աշխատանքը: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ծնողների դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում և լոգոպեդական շտկողական աշխատանքում  շատ կարևոր է:

Հոդվածի հեղինակ՝ Լիաննա Ղազարյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.