Ինչո՞ւ ենք ստանձնում պատասխանատվություն ուրիշների զգացմունքների համար

Մանկության արմատները. ինչպե՞ս է ձևավորվում «փրկարարի» բարդույթը

Ուրիշների հույզերի և վատ տրամադրության համար  պատասխանատվությունը վերցնելը հնարավոր է  ձևավորվել մանկության տարիներին։ Այդ շրջանում երեխան սկսում է չափազանց զգայուն դառնալ շրջապատի մեծահասակների տրամադրության նկատմամբ:

Ձգտելով լինել «հարմարավետ» և ամեն կերպ շտկել իրավիճակը՝ երեխան փորձում է հարմարվել, հատկապես երբ ընտանիքում առկա է սովորություն՝ սեփական հույզերն ու բացասական լարվածությունը «թափել» երեխայի վրա։ Այդ պահից սկսած՝ կարող է   ձևավորվել հետևյալ  համոզմունքը.

«Եթե դիմացինն իրեն վատ է զգում, ուրեմն մեղավորը ես եմ, ուրեմն բավականաչափ ջանք չեմ գործադրել, կամ ես այնքան էլ լավը չեմ»։


Տե՛ս նաև՝ Աուտիզմ․ ի՞նչ է այն, ինչպե՞ս է արտահայտվում և ինչպե՞ս աջակցել երեխային


Ինչպե՞ս է այս խնդիրը դրսևորվում հասուն տարիքում

Մեծ տարիքում այս հոգեբանական մեխանիզմն արտահայտվում է ամենատարբեր իրավիճակներում՝ առաջացնելով հետևյալ դժվարությունները.

  • «Ոչ» ասելու դժվարություն և սեփական սահմանները պաշտպանելու անկարողություն։

  • Մշտական մեղքի զգացում՝ անկախ սեփական գործողությունների արդարացվածությունից։

  • Անմիջապես օգնելու մղում և դիմացինին հիասթափեցնելու վախ։

Այս ամենի հետևում հաճախ ոչ թե անկեղծ հոգատարությունն է, այլ տագնապը: Օգնելով ուրիշներին՝ մենք անգիտակցաբար փորձում ենք վերադարձնել սեփական վերահսկողության զգացումը. «Եթե ես ամեն ինչ շտկեմ (ցանկալի է՝ շատ արագ), ուրեմն հարաբերությունները կփրկվեն, ինձ չեն մերժի, և ամեն ինչ նորից լավ կլինի»։


Տե՛ս նաև՝ Ես ոչ մեկին չեմ վստահում, որովհետև ես ռեալիստ եմ


Տեսանյութ

Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ կլինիկական հոգեբան Նատալյա Գալստյանը հանգամանալից անդրադառնում է այս թեմային։

Աջակցությո՞ւն, թե՞ փրկարարի դեր. որտե՞ղ է սահմանը

Կարևոր է հստակ տարբերակել. աջակցելն ու փրկարարի դեր ստանձնելը նույն բանը չեն: Մենք կարող ենք լինել մարդու կողքին, անկեղծորեն կարեկցել ու օգնություն առաջարկել, սակայն պարտավոր չենք լուծել ուրիշների խնդիրները կամ կարգավորել նրանց հույզերը:

Հաջորդ անգամ, երբ զգաք այս կպչուն մղումը, փորձեք կանգ առնել և տալ հետևյալ հարցը.

«Ինձնից իրո՞ք օգնություն են խնդրել, թե՞ ես պարզապես փորձում եմ նվազեցնել սեփական տագնապս»։

Հիշե՛ք. մենք պատասխանատվություն ենք կրում բացառապես մեր սեփական խոսքերի, արարքների ու ընտրության համար։


Տե՛ս նաև՝ Պերֆեկցիոնիզմ, երբ 99%-ը հավասար է 0-ի


Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.