Ես ոչ մեկին չեմ վստահում, որովհետև ես ռեալիստ եմ
Կան անհատներ, ովքեր նույնիսկ տարիներ անց, մտերիմ թվացող հարաբերություններում ունենում են խուսափողական վարքագիծ։ Կարծես նրանց ներքին ձայնն ասում է՝ «ո՛չ, այսքանով կանգ առ», «դեռ ոչ», «հերիք է այսքան մոտ թողնես մարդկանց»։
Վստահելու դժվարությունը հաճախ կարող է ընկալվել որպես բնավորության գիծ կամ «փակ լինելու» նշան։ Սակայն հնարավոր է, որ այս երևույթն ունենա հոգեբանական արմատներ։ Անհատը կարող է ունենալ վստահության հետ կապված խնդիրներ, որովհետև ինչ-որ ժամանակ վստահելու փորձը վերածվել է անապահովության զգացումի, իսկ հոգեկանն արդյունքում ստեղծել է որոշակի «տրամաբանական» պատճառահետևանքային կապ։
«Ես պարզապես ռեալիստ եմ»․ վարքագծային դրսևորումները
Վստահելու դժվարություն ունեցող անհատները սովորաբար նշում են. «Ես ուղղակի լավ գիտեմ մարդկանց տեսակը, ես ռեալիստ եմ, վարդագույն ակնոցով չեմ նայում կյանքին»։
Կյանքի փորձն ու սթափությունը, անշուշտ, արժեքավոր են։ Սակայն պրակտիկայում նման դժվարություն ունեցող անհատները սովորաբար նախընտրում են միայնակ լուծել իրենց խնդիրները և հակված են օգնության չդիմել։ Անհատը կարող է անդադար վերլուծել, դիտարկել ու դատողություններ անել։
Մտերիմ կապի կամ ամուսնության մեջ նա կարող է պահպանել որոշակի հեռավորություն, որն այդպես էլ չի կրճատվում։ Հնարավոր է նաև, որ անհատը նվազեցնի իր ակնկալիքները դիմացինի հանդեպ կամ ընդհանրապես որևէ բան չսպասի՝ հուսախաբությունից խուսափելու համար։
Առաջին հայացքից այս ամենը կարող է թվալ սառը, տրամաբանական դատողություն և չդիտարկվել որպես պաշտպանական ռեակցիա։ Սակայն հարկ է լինում ներքին, անկեղծ հարց ուղղել. «Արդյո՞ք ես աշխարհը տեսնում եմ այնպիսին, ինչպիսին կա, թե՞ ես ամենուր միայն վտանգ եմ փնտրում»։
Տես նաև՝ Պերֆեկցիոնիզմ, երբ 99%-ը հավասար է 0-ի
Ինչի՞ կարող է հանգեցնել վստահության պակասը
Երբ անհատը դժվարանում է վստահել, նա հայտնվում է հուզական երկվության մեջ։ Որպես սոցիալական էակ՝ նա ունի կապի և մտերմության բնական կարիք, սակայն մեկ այլ անձի մոտ թողնելը կարող է ընկալվել որպես տրավմատիկ փորձառություն։
Այս հակասությունը ծնում է հեռավորությունը վերահսկելու մշտական տատանումներ.
-
Մտերմության պահին առաջանում է ներքին տագնապ, որ կապը կհանգեցնի ցավի, ինչը ստիպում է կրկին հեռավորություն սահմանել։
-
Հեռավորության պահին հայտնվում է հուզական մեկուսացվածության ու տևական միայնության զգացումը՝ անգամ մտերիմների միջավայրում։
Այս անվերջանալի շրջապտույտը դժվարեցնում է կայուն հարաբերությունների ձևավորումը, քանի որ յուրաքանչյուր նոր կապ սկսում է դիտարկվել ոչ թե որպես ապահովության աղբյուր, այլ որպես հնարավոր վտանգ։ Սրա հետևանքով անհատը հակված է անտեսել նաև սեփական հուզական կարիքները։ Սեփական խնդիրների, վախերի ու էմոցիաների հետ ամբողջությամբ միայնակ մնալը, անդադար վերահսկելու, կանխատեսելու և ամեն ինչին պատրաստ լինելու մղումը կարող են ստեղծել ներքին մեծ լարվածություն։
Վստահելու դժվարության 3 հնարավոր պատճառները
Վստահելու դժվարության պատճառները խիստ անհատական են։ Կան որոշակի հնարավոր գործոններ ու իրավիճակներ, որոնք ազդում են մարդկանց հանդեպ անհատի մոտեցման վրա.
1. Մանկության տարիներին ծնողների կամ նշանակալի մեծահասակի անկայուն վարքագիծը
Երբ երեխայի կողքին եղած մեծահասակը ցուցաբերում է անկանխատեսելի վերաբերմունք՝ հուզական ջերմությանը հաջորդում է անհասկանալի սառնություն կամ մերժում, անհատի մոտ կարող է ձևավորվել պատկերացում, որ հարաբերություններն ընդհանրապես անկայուն երևույթ են։ Նմանատիպ վարքը կարող է հանգեցնել մտերիմ հարաբերություններում պահպանվող կտրուկ հուսախաբության կամ փոփոխության ներքին սպասման։
2. Նշանակալի հարաբերություններում խաբված լինելու փորձը
Երբ անհատի համար նշանակալի մեկը չի արդարացնում վստահությունը, այն կարող է ընկալվել որպես «հուզական հարված»։ Նման ցավոտ ապրումներից հետո ուղեղը հակված է ձևավորել ներքին մի կանխադրույթ, որ վստահությունը կարող է բերել միայն տառապանքի։ Արդյունքում, նոր շփումներում պաշտպանական մեխանիզմները կարող են ավտոմատ կերպով արգելակել «բացվելու» փորձերը՝ նոր հիասթափությունից խուսափելու նպատակով։
3. Զգացմունքների անտեսումը կամ արժեզրկումը
Վստահությունը ենթադրում է սեփական խոցելի կողմերը, վախերն ու կարիքները դիմացինին ցույց տալու պատրաստակամություն։ Եթե անցյալում անհատի հուզական ապրումները կամ թուլության պահերը հանդիպել են ծաղրի, անտեսման կամ «մի՛ լացիր, ամոթ է» տիպի արձագանքների, կարող է ձևավորվել ներքին համոզմունք, որ զգացմունքներն արտահայտելն անվտանգ չէ։ Սրա հետևանքով անհատը կարող է սովորել ամեն ինչ պահել իր ներսում՝ կանխավ սպասելով մերժման կամ քննադատության։
Տես նաև՝ Մարդիկ, ովքեր բողոքում են, բայց ոչինչ չեն փոխում
Աստիճանական վստահություն. ոչ բոլորին և ոչ միանգամից
Վստահության վերականգնումը չի ենթադրում բացարձակ ապավինում բոլորին։ Խոսքը սեփական սահմանները հասկանալու և դիմացինին աստիճանաբար, փոքր քայլերով ճանաչելու մասին է։
Սա թույլ է տալիս անհատին պահպանել սթափությունը, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս հարաբերություններին զարգանալ բնականոն հունով՝ առանց արհեստական պատնեշների։
Ինչպե՞ս է օգնում հոգեթերապիան
Երբ անվստահության արմատները խորն են, միայն սեփական կամքի ուժով կամ մտքերի վերլուծություններով մոտեցումը փոխելը կարող է բարդ լինել, քանի որ պաշտպանական համակարգը գործում է անգիտակցական մակարդակում։
Հոգեթերապիան տրամադրում է անվտանգ, մասնագիտական տարածք, աջակցող ու անքննադատ միջավայր, որտեղ անհատը հնարավորություն է ստանում մասնագետի աջակցությամբ դիտարկել իր ներքին տագնապների աղբյուրները։
Թերապևտիկ աշխատանքի ընթացքում հնարավոր է դառնում վերամշակել անցյալի ցավոտ ապրումները, հասկանալ սեփական վարքագծային կաղապարները և աստիճանաբար ձեռք բերել ապահով հարաբերություններ կառուցելու նոր, գործնական փորձառություն։ Թերապիան կարող է օգնել նաև ներքին հենարանների ձևավորման հարցում, ինչի շնորհիվ սեփական խոցելիությունն աստիճանաբար դառնում է պակաս վտանգավոր։
Հ․Գ․ Վստահելու դժվարությունն ու դրա հետ կապված ներքին ապրումները բազմաշերտ են և ունեն դրսևորման տարբեր ձևեր։ Այս հոդվածն ունի ընդհանուր տեղեկատվական բնույթ, չի հանդիսանում հոգեբանական ախտորոշում և չի փոխարինում մասնագիտական անհատական խորհրդատվությանը։