Միավորում են ուժերը

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն ու Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնը համաձայանգիր են ստորագրել՝ ազդարարելով համագործացության նոր սկիզբ:

«Մենք կարևոր նախաձեռնությամբ ենք հանդես եկել: Հայաստանում պրակտիկ հոգեբանության դաշտի երկու հիմնական ուժեր, որ տարիների ընթացքում չեն շեղվել մասնագիտական արհեստավարժության սահմաններից, մասնագիտական էթիկայի նորմերից, որոշել են համագործակցել»,-ասում  է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վարուժան Մելքոնյանը:

Երկու կենտրոնների միջև ստորագրված համաձայնագիրը նպատակաուղղված է կողմերի գործունեության և նրանց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում մշտական շփումների և համագործակցության հաստատմանը:

Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար Դավիթ Գևորգյանը կարևորում է մասնագիտական ռեսուրսները և ուժերը մեկտեղելը:

«Շատ մեծ սպասում ունեմ, որ մեր համագործակցությունը կտա հնարավորություն՝ ստեղծելու առողջ մասնագիտական հարթակ , որտեղ մենք կկարողանանք կիսվել թե՛ մեր ձեռքբերումներով, թե՛ մեր խնդիրներով և օգնել միմյանց, թե՛ նոր որակի բարձրացնել Հայաստանում հոգեբանական ծառայությունների մատուցումը»,- ասում է Դավիթ Գևորգյանը:

Համագործակցությունն ավելի լայն հնարավորություն է ընձեռնում կյանքի կոչելու բազում նոր մտահաղացումներ և ծրագրեր, որոնք ուղղված են կենտրոնների հիմնական խնդիրների իրագործմանն ու հիմք են հանդիսանում  պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացմանը, մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը Հայաստանի Հանրապետությունում:

Համագործակցության հիմնական ուղղություններից են.

  • Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական որակավորման համատեղ հանձնաժողովի ձևավորում և աշխատանքների կազմակերպում,
  • Կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերում համագործակցություն,
  • Մասնագետների համար սուպերվիզաների ապահովում,
  • Համատեղ գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների ու փորձի փոխանակման կազմակերպում,
  • Ծավալուն պետական և միջազգային ծրագրերին, մրցույթներին համատեղ մասնակցություն,
  • Երիտասարդ կադրերի ընտրության և մասնագիտական աճի ապահովման աշխատանքների կազմակերպում,
  • Իրականացվող ծրագրերում և աշխատանքներում մյուս կողմի մասնագետների ներգրավում,
  • Կողմերի համաձայնությամբ պետական, միջազգային, քաղաքացիական, ներմասնագիտական և միջմասնագիտական հարթակներում, ինչպես նաև ԶԼՄ-ներում ընդհանուր դիրքորոշումների ներկայացում,
  • ՀՀ-ում մասնագիտական գործունեության էթիկական նորմերի, ինչպես նաև արտոնագրման մեխանիզմի մշակում
  • Մասնագիտական արհեստավարժության խրախուսմանն ուղղված տարատեսակ միջոցառումների իրականացում,
  • Մասնագիտական հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
  • Լուսավորչական աշխատանքների իրականացում:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.