Պերֆեկցիոնիզմ, երբ 99%-ը հավասար է 0-ի

Եթե անհատի համար ցանկացած արդյունք, որը կատարյալ չէ, հավասարազոր է ձախողման, ապա սա կարող է հուշել պերֆեկցիոնիզմի մասին։  Պերֆեկցիոնիզմը ամեն ինչ իդեալական անելու անիրական ձգտումն է։ 

Պերֆեկցիոնիստը հազվադեպ է գոհ լինում սեփական աշխատանքի արդյունքից։ Նրա համար սովորաբար անկարևոր են դառնում իրական ձեռքբերումները՝ լինեն դրանք բարձր գնահատականներ՝ դպրոցում, կարիերայի աճ՝ աշխատավայրում, տան մաքրություն, թե արտաքին տեսք․․․«չէ՞ որ կարելի էր ավելի լավ անել, ավելի լավ արդյունք ունենալ, ավելի լավը լինել․․․»։

Այսպիսի մարդը , սովորաբար,  ծայրահեղ քննադատաբար է մոտենում իր հաջողություններին, իսկ անգամ չնչին թերությունները համարում է իսկական աղետ կամ ունենում է անհասկանալի մեծ մեղքի զգացում։ Տպավորություն է ստեղծվում, որ անհատի ներսում ապրում է մի խիստ «քննադատ», ով ղեկավարում է նրա վարքը, քայլերը, հույզերն ու մտքերը։ Հնարավոր է՝  պերֆեկցիոնիստը այս անհասանելի պահանջները ուղղում է նաև իր շրջապատին՝ ծանր բեռ դնելով մտերիմների ու գործընկերների ուսերին։

Պատճառների որոնումները մեզ հաճախ տանում են դեպի մանկություն։ Պերֆեկցիոնիզմի խորքային ակունքները կարող են թաքնված լինել ծնողների կամ երեխայի համար նշանակալի մեծահասակների կողմից արված համեմատությունների մեջ, որոնք, բնականաբար, երեխայի օգտին չեն եղել։ Հնարավոր է՝ ծնողների բարձր պաանջկոտությունը՝ ուղղված միայն գերազանց արդյունքներին ու հաղթանակներին, երեխայի կողմից ընկալվի որպես սիրո նախապայման։ Երեխան կարող է հավատալ, որ ջերմությունն ու ուշադրությունը պետք է «վաստակել»  բացառիկ ձեռքբերումներով, իսկ առանց դրա նա արժեքավոր չէ։

Հանգամանքներով պայմանավորված սերը  հասուն տարիքում կարող է   վերածվել  է  տագնապների ինքնիրացման բարդությունների,  կյանքի որակի վատթարացման։ Իրավիճակը հնարավոր է ավելի սրվել հասարակական կարծիքի ճնշման և սոցիալական ցանցերի «իդեալական կերպարների» ազդեցության տակ, որը կարող է վերածվել անդադար և հյուծող համեմատությունների։ «Չէ՞ որ միշտ էլ կարող է գտնվել մեկն, ով ավելի իդեալական է, քան դու․․»։

Ամեն ինչում իդելական լինելու ցանկությունը,  հնարավոր է, ոչ թե լավագույնին հասնելու մոտիվացիա է, այլ սխալվելու և այլոց կողմից մերժված լինելու վախ։ Պերֆեկցիոնիզմի հետևանքով անհատը, հնարավոր է, ձեռք բերի քրոնիկ տագնապ, քննադատության վախ և սխալվելուց առաջացող խորը մեղքի զգացում։

Այս գիծը կարող է տալ դրական արդյունքներ, եթե այն չի «թունավորում» անհատի կյանքը։ Պերֆեկցիոնիստական հակումներ ունեցող մարդը կարող է լինել ավելի պատասխանատու, ուշադիր դետալների նկատմամբ և որակյալ կատարել առաջադրանքները։


Տես նաև՝ Ինչո՞ւ եմ միշտ հայտնվում հարաբերություններում, որտեղ ինձ անտեսում են


Սակայն, երբ այս դրսևորումը անառողջ է, այն «թունավորում է» կյանքը։ Մարդը, հնարավոր է, սկսի  վախենալ նոր ձեռնարկումներից, շարունակել տեղում դոփել կամ լճանալ։ Կյանքը լիարժեք ապրելու և հնարավորություններից օգտվելու փոխարեն, պերֆեկցիոնիստը նախընտրում է ոչինչ չանել, քան անել ոչ կատարյալ։ Պերֆեկցիոնիզմը խլում է հսկայական էներգիա և ջանքեր՝ ցանկացած գործողություն դարձնելով անտանելի փորձություն, անգամ եթե դա սիրելի հոբբին  է։

Ի՞նչ անել։ Եթե անհատը  զգում է, որ պերֆեկցիոնիզմը ազդում է կյանքի որակի վրա, անհրաժեշտ է ձեռնարկել  որոշակի քայլեր, և առաջինը ինքնաճանաչումն է։ Անհատը կարող է փորձել ինքն իրեն հարցնել. ինչու՞ եմ ցանկանում ամեն բան կատարյալ անել, և ի՞նչ վատ բան կարող է պատահել, եթե արդյունքը լինի ոչ թե իդեալական, այլ պարզապես լավ։

Մենք արդեն խոսել էինք երկրորդային շահի մասին, հնարավոր է, որ պերֆեկցիոնիզմի հետևում ևս թաքնված լինեն որոշ երկրորդային շահեր, միգուցե, անհատը ցանկանում է լսել գովասանքի և սիրո խոսքեր, որ փոքր տարիքում չի լսել, և կարծում, որ դրան արժանանալու  միակ ճանապարհը «իդելականն»  է։  Ներքին «քննադատի» հետ աշխատանքը նույնպես կարող է օգտակար լինել, անհատը կարող է ուշադրություն դարձնել, թե երբ, ինչու, ինչի համար է քննադատում ինքն իրեն։ Ինչ տոնով է այդ քննադատը խոսում և փորձի փոխել այդ քննադատի տոնը, խոսքերը․․․

Այս ամենը կարող են օգտակար լինել, սակայն եթե անհատը ժամանակի ընթացքում, որևէ  դրական փոփոխություն չի նկատում, ցանկալի է, դիմել հոգեբանի աջակցությանը։ Հոգեբանի սենյակում՝ ապահով, անվտանգ միջավայրում կայուն փորձառության  շնորհիվ,  փորձառու մասնագետի միջոցով անհատը կարող է վեր հանել պերֆեկցիոնիզմի տակ թաքնված երևույթները։ Պետք է նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր խնդրի հաղթահարման, կյանքի որակի բարձրացման համար անհրաժեշտ է ժամանակ։

Հ․Գ․ Կարևոր է գիտակցել, որ հոգեբանական երևույթները  չունեն միայն մեկ բացատրություն: Այս նյութը մի ընդհանրացված հայացք է, որը հաշվի չի առնում անհատի պատմության ողջ բարդությունն ու առանձնահատկությունը:

Տես նաև՝ Ինչո՞ւ են մարդիկ անտեսում էմոցիաները

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.