Երեխաների սոցիալական և հուզական զարգացումը

Երեխայի հոգեկան կյանքն առաջին շաբաթում իր բնույթով նարգիզական է և կառավարվում է «հաճույք – ցավ» սկզբունքով: Միակ իրականությունը, որ կարող է զգալ նորածինը իր մարմինն ու կարիքներն են: Այս առաջնային նույնականացման փուլում, դեռևս նոր ծնվող հոգեկանը, դեռ պատկերացում չունի արտաքին աշխարհի մասին: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցավոտ ազդակները բավարարում են «Էգոյին» կամ առաջացնում անբավարարության զգացում՝ օրինակ ցավ կամ սովածություն: Էգոն ձգտում է պահպանել իր բավարարության անձեռնմխելիությունը՝ նույնականացվելով հաճելի ազդակների հետ և դիսոցացվում բոլոր ցավալիներից:  Կյանքի այս շրջանը Ֆրեյդն անվանել է պրիմիտիվ նարգիզական՝ այսինքն բոլոր լավը ընդունում է ներս, իսկ վատը՝ մերժում: Սակայն չպետք է մոռանանք, որ այս նարգիզական հոգեկան աշխարհը հանդիսանում է «ցնորք»՝ հիմնված զգայությունների վրա և զգացմունքներով կառավարվող / բավականություն-ցավ/, ամբողջովին աուտիկ՝ զուրկ օբյեկտիվությունից և առաջին հերթին նաև օբյեկտներից: Հաճելի արտաքին գրգիռները երեխան ընկալում է որպես իր մի մասը, իսկ վատը դուրս շպրտում: Մի օրինակ բերեմ անբավարարության վիճակից, երբ երեխան սոված է, ապա ամբողջ մարմինն այդ պրոցեսին մասնակցում է՝ նա լաց է լինում, ջղաձգվում է, սպազմատիկ շնչառություն է ունենում և այս բոլոր սիմտոմները վկայում են տագնապի մասին: Եթե ցանկալի կուրծքը չի հայտնվում և երեխայի ագրեսիան անցնում է իր մարմնի թույլատրելի սահմանները, ապա այդ ժամանակ առաջանում է խորը անբավարարվածության վիճակ: Եթե մայրը չի բավարարում երեխայի պահանջմունքը, ապա նա նույնպես դառնում է անտանելի՝ նույնականացվելով ցավի և  պահանջմունքի հետ:

Ծնողները, լավագույն ցանկություններից մղված, ստեղծում են հատուկ պայմաններ երեխաների համար՝ ելնելով արտաքին պայմաններից, տրամաբանությունից և ռացիոնալությունից: Սակայն երեխան այդ ամենը տեսնում է լրիվ այլ տեսանկյունից. նա ընկալում է իրավիճակը՝ ելնելով իր ֆանտազիաներից, վախերից ու ցանկություններից: Ծնողը կարող է երեխային ուղարկել մանկապարտեզ՝ լավագույն ցանկություներից մղված։ Հնարավոր է նաև նրա համար, որ երեխան տանը չձանձրանա: Ծնողը մտածում է, որ հասակակիցների հետ շփումը դրական կազդի երեխայի զարգացման վրա, քանի որ ինքը նույնպես զբաղված է և շատ ժամանակ չի կարող հատկացնել երեխային։ Սակայն երեխայի համար մանկապարտեզ գնալը  ընկալվում է որպես տնից արտաքսում:

Երեխաների հուզական աշխարհը։ Ինչպիսի՞նն է այն.

  1. Երեխայի գոյության ձևը էգոցենտրիզմն է: Վաղ մանկական շրջանում գոյություն չունեն օբյեկտիվ գործոններ. միայն՝ սուբյեկտիվ: Երբ մայրիկի գլուխը ցավում է, ապա երեխան հետևյալ կերպ է հասկանում՝ «Նա այսօր չի ցանկանում խաղալ ինձ հետ», «Մայրս իմ դեմ է․ հավանաբար ես ինչ-որ բան այն չեմ արել» կամ էլ «Մայրս ինձ այլևս չի սիրում»: Օրինակ, եթե անձրև է գալիս, ուրեմն ծնողը չի ցանկանում իրեն դուրս տանել, այսինքն անձրևը  բակ չիջնելու պատճառ է: Երեխան երբեք չի մտածում, որ անձրև գալիս է նաև նրանց համար, ովքեր իրենց լավ են պահում: Այս ամենը նորմալ է վաղ մանկական շրջանում, քանի որ աշխարհը պտտվում է երեխային շուրջ: Երբ մենք նման երևույթի ենք հանդիպում մեծերի մոտ, ապա ասում ենք, որ նրանք սնահավատ են:
  2. Մեծերի և նախադպրոցական երեխաների կամ ավելի փոքր տարիքի երեխաների առանցքային տարբերությունը նրանում է, որ ոչ թե մեծերն ավելի ռացիոնալ են, քան փոքրերը, այլ որ մեր գաղափարներն ազդում են մեր վարքի վրա, իսկ երեխայի մոտ, իհա՛րկե, հասկացումն առկա է, բայց նրա վարքը ենթարկվում է վախերին, ցանկություններին, ֆանտազիաներին, իմպուլսներին: Օրինակ, ատամնաբույժի գնալուց առաջ երեխան խոստանում է մորը, որ իրեն լավ կպահի, բայց այնտեղ չի կատարում խոստումը։ Եվս մեկ առանձնահատկություն մանկական հոգեկանի ֆուկցիոնավորումից, այն է, որ մեծերը կարող են մոտիվացվել երկարաժամկետ հեռանկարներով: Երեխայի համար միշտ անհրաժեշտ է գործել անմիջապես, նա չի կարող սպասել, չիրականացաված ցանկությունից առաջացած ֆրուստրացիան հսկայական է: Սա նշանակում է, որ երեխաների զգացմունքներն ու ցանկություններն ավելի ինտենսիվ են:
  3. Երեխաների մոտ շատ տարբեր է նաև ժամանակի ընկալումը: Երբ նրան ծնողն ասում է, որ կգա մանկապարտեզից կվերցնի 3 ժամից։ Երեխայի համար դա հավերժություն է։ Նա չի հասկանում ժամանակի գործոնը, և դա ընկալում է շատ երկարատև բաժանում:

Նյութը կազմեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Նաիրա Մարտիրոսյանը

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.