ՓԱԽԵ՛Ք «հոգեբան»-ից, եթե…

  Արդեն լայն տարածում է ստացել որոշ «հոգեբան»-ների կողմից անթույլատրելի՝ հոգեբանական էթիկայի նորմերի բազում խախտումներով, որոշ դեպքերում հոգեբանական աշխատանքի հետ աղերս չունեցող գուրծունեության ծավալումը։

 «Այգ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնը, լինելով առաջինը, և ըստ էության պրակտիկ հոգեբանության հիմնադիրը Հայաստանում, պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող հոգեբանական գործունեության բոլոր դրսևորումների համար։ Մենք անհանգստացած ենք նման մասնագետների ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում վտանգավոր գործունեությամբ և տեղեկացնում ենք այն հնարավոր վտանգավոր քայլերի մասին, որոնց դեպքում օգտակար է անմիջապես հեռանալ նման մասնագետներից: 

Պատկերավոր լինելու համար վերնագրել ենք․

ՓԱԽԵ՛Ք «հոգեբան»-ից, եթե․

  • Ձեր հրավերով համաձայնում է խորհրդատվություն իրականացնել սրճարանում, զբոսայգում կամ այլ հասարակական վայրում:
  • Ձեզ հրավիրում է սուրճ խմելու և առաջարկում սրճարանում խորհրդատվություն իրականացնել:
  • Առաջարկում է կամ համաձայնում է զուգահեռ աշխատել ընտանիքի տարբեր անդամների (բացառությամբ ընտանեկան կամ զույգերի թերապիա) կամ ընկերների և բարեկամների հետ:
  • Ձեզ համեմատում է իր կամ իր ծանոթների հետ:
  • Բացահայտ իր կողմ կամ դեմ լինելն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
  • Խոսում է Ձեզ անհասկանալի տերմիններով:
  • Հիվանդություն է ախտորոշում և դեղեր նշանակում:
  • Այցելուին ընդունում է ոչ ապահով միջավայրում (խորհրդատվության տարածքում կարող է իրենց լսեն կամ այլ մարդ մտնի սենյակ):
  • Այցելուի հետ աշխատում է մեկ այլ այցելուի ներկայությամբ:
  • Նույն ժամին զուգահեռաբար աշխատում է երկու և ավելի այցելուի հետ (միաժամանակյա աշխատանքի սեանս ցուցադրում):
  • Այցելուի հետ աշխատանքի ժամանակ պատասխանում է հեռախոսի զանգերին, ինքն է զանգում կամ հեռախոսում ինչ-որ բան է փնտրում։
  • Առանց այցելուի թույլտվության ձայնագրում է հանդիպումը։
  • Քննադատում կամ խրախուսում է այցելուի այս կամ այն արարքը։
  • Գնահատականներ է տալիս, պիտակավորում է, ամոթանք տալիս։
  • Սեփական կյանքի օրինակները, դրվագները պարտադրում է այցելուին։
  • Քարոզներ է կարդում, «դաստիարակչական» աշխատանք տանում
  • Փորձում է ցուցադրել, որ ինքն այցելուից ավելի բանիմաց է, օգտագործում է «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» և նման արտահայտություններ։
  • Խտրական վերաբերմունք է ցուցաբերում այցելուի կրոնական, սեռական, ռասսայական կամ որևէ այլ կողմնորոշման նկատմամբ։
  • Արժեզրկող, գնահատողական վերաբերմունք է դրսևորում այցելուի հանդեպ, օգտագործում է «թեթև տար» և նման արտահայտություններ։
  • Անհիմն հուսադրում է, երաշխիքներ է տալիս, օգտագործում է «լավ կլինի», «կանցնի կգնա» և նման արտահայտություններ։
  • Խորհուրդներ է տալիս, օգտագործում է «գնա մազերդ այս գույնի ներկի, քանի որ իմ մայրիկի մազերն այդ գույնի են», «Դու ինձ լսիր, սպասիր, տես՝ ես քեզ ինչ եմ ասում» կամ նման արտահայտություններ։
  • Սեռական ոտնձգությունների դիմում, սեռական հարաբերությունների առաջարկ է անում այցելուին կամ ցանկացած այլ կերպ խախտում մարմնական սահմանը՝ չափազանց մոտ է նստում, հպվում է, ․․․
  • Համաձայնվում է աշխատել ներկա կամ նախկին սեռական զուգընկերոջ հետ։
  • Համաձայնում է գնալ տուն կամ որևէ այլ վայր, այցելուին հանդիպել իբրև նրա բարկամներից որևէ մեկի ծանոթ և, առանց նրան տեղեկացնելու իր մասնագիտության մասին, փորձի իրականացնել «հոգեբանական» աշխատանք։
  • Այցելուին հրավիրում է տուն։
  • Ընդունում կամ տալիս է նվերներ։

Խնդրում ենք ուշադիր լինել, և եթե հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կասկածելի է թվում, չեք հասկանում նրա որևէ խոսք, վերաբերմունք, վարմունք, գրեք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։ 

 Հոգեբանական գործունեություն իրականացնող բոլոր  մասնագետներին ևս մեկ անգամ հորդորում ենք անվերապահորեն հետևել հոգեբանի էթիկական կոդեքսին։


Warning: Undefined variable $aria_req in /home2/hogeban/public_html/wp-content/themes/hogeban_24/comments.php on line 60

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.