Ինչո՞ւ են մարդիկ անտեսում էմոցիաները

Երբեմն կարելի է հանդիպել  այն թյուր պատկերացմանը, թե էմոցիաներն անտեսելը բարձր ինտելեկտի և շրջապատում ամեն ինչ կառավարել կարողանալու  գլխավոր նշաններից է։  Սակայն, հնարավոր է՝ մարդն «անջատում» է էմոցիաները՝ փոխարինելով չոր տեսական դատողություններով, որ չունենա ծանր ապրումներ։ Կարող է պատահել, որ սա հոգեկանի  ինքնապաշտպանական ռեակցիան է, երբ արտաքին կամ  ներքին աշխարհի հուզական ծանրաբեռնվածությունը դառնում է «դժվարամարս» և անհատին վախեցնում է իր իսկ խոցելի լինելը։

Կարճաժամկետ եվ երկարաժամկետ հետեվանքները

Կարճաժամկետ հատվածում էմոցիաներն «անջատելն» ունի իր «առավելությունները»։ Անհատը կարող է խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են տագնապ կամ ցավ առաջացնել։ Մարդն ասես հրաժարվում է զգալ այն ամենը, ինչը տվյալ պահին իր հոգեկանի համար անտանելի  կամ վտանգավոր է թվում։ Արդյունքում կարող է ստեղծվել բացարձակ վերահսկողության ու ներքին անձեռնմխելիության պատրանք։ Թվում է, որ մարդը հաջողակ է և ուժեղ։

Երկարաժամկետ հատվածում հնարավոր է՝ մարդն իրեն զգում է որպես սեփական կյանքի դիտորդ, այլ ոչ թե մասնակից։ Օրինակ՝  նա կարող է լինել շատ արդյունավետ աշխատավայրում, կատարել իր բոլոր պարտականությունները, բայց ներսում ունենալ դատարկության զգացում։ Շրջապատի հետ շփումները կարող են զուտ ֆունկցիոնալ բնույթ կրել, քանի որ առանց էմոցիոնալ կապի հնարավոր չէ ստեղծել իրական մտերմություն։ Մարդը կարող է լինել բազմության մեջ, ունենալ ընկերներ ու ընտանիք, բայց միևնույն է, իրեն զգալ չափազանց միայնակ, որովհետև ոչ ոք չի կարողանում տալ նրան «էմոցիանալ ջերմություն» և ինքն էլ անհաղորդ է ուրիշների «ջերմությանը»։


Սակայն․․․

Անտեսված էմոցիաները որևէ տեղ չեն անհետանում, նրանք սկսում են հարմար տեղավորվել մարմնում և երբեմն-երբեմն իրենց մասին հիշեցնել։ Օրինակ, հնարավոր է, որ մարդը սկսի զգալ անբացատրելի հոգնածություն, որը չի անցնում նույնիսկ երկար քնելուց հետո, բախվում է առողջական խնդիրների, որոնք բժշկական բացատրություն չունեն և դեղորայքային ուժումը որևէ արդյուքն չի տալիս, հնարավոր է՝ ամենապատասխանատու պահերին մի այնպիսի սխալ կամ այնպիսի էմոցիանալ պոռթկում է տեղի ունենում, որը զարմանք է առացանում։


Կարդացեք նաև՝ Մարդիկ, ովքեր բողոքում են, բայց ոչինչ չեն փոխում

Հնարավո՞ր է նորից սկսել զգալ էմոցիաները, եթե դրանք տարիներ շարունակ անտեսվել են

Այո։ Բայց պետք է պատրաստ լինել նրան, որ դա տեղի չի ունենում մեկ վայրկյանում՝ կոճակի սեղմումով, հրաշք դեղամիջոցով։ Հոգեկան աշխարհը ժամանակի, համբերության, փորձառության կարիք ունի։ Հնարավոր է՝ առաջին քայլերը վատ փորձառություն դառնան․ անհատը կարող է զգալ անասելի տխրություն, ուժեղ վախ, անկառավարելի զայրույթ․․․ Այս «հուզական հեղեղը» կարող է վախեցնել, և հնարավոր է,  շատերը շտապեն նորից «անջատել» էմոցիաները՝ մտածելով, թե զգալը վտանգավոր է։ Բայց այն կարող է ոչ թե խնդիր լինել, այլ լուծման սկիզբ։

Ի՞նչ դեր ունի հոգեթերապիան այս գործում

Հոգեթերապիան այն անվտանգ և ապահով փորձառությունն է, երբ հնարավոր է առանց շտապելու վերադառնալ սեփական ապրումներին, էմոցիաներին։ Թերապիայի ընթացքում անհատն աստիճանաբար բացահայտում է այն իրական վախերն ու ցավը, որոնցից փորձել է «փրկվել»։ Մասնագետի աջակցությամբ մարդը սովորում է չվախենալ սեփական էմոցիաների ուժգնությունից՝ քայլ առ քայլ գիտակցելով, որ էմոցիաները ոչ թե սպառնալիք են, այլ կյանքին իմաստ ու էներգիա հաղորդող աղբյուր։

Կարդացեք նաև՝ ՓԱԽԵ՛Ք «հոգեբան»-ից, եթե…

Հ․Գ․ Կարևոր է հիշել, որ մարդկային հոգեբանությունը երբեք միաշերտ կամ միանշանակ չէ։ Յուրաքանչյուր անհատի պատմություն եզակի է, և այս տեքստը ընդամենը մի հայացք է հնարավոր շատ տարբերակներից մեկին։

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.