Հետարձակուրդային ընկճախտ. ինչպես կանխել այն՝ ըստ հոգեֆիզիոլոգի
Նյութը՝ www.168.am-ի
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեֆիզիոլոգ Աննա Ստեփանյանի դիտարկմամբ՝ արձակուրդը ցանկացած աշխատող մարդու համար կարճ, բայց շատ հագեցած մի ժամանակահատված է, որի յուրաքանչյուր օրը ներառում է բազմաթիվ իրադարձություններ և մի շարք նոր տպավորություններ, որոնք բավականացնում են ամբողջ տարվա համար։ Սակայն, նրա խոսքով՝ այս ժամանակը շատ արագ է անցնում և արձակուրդից աշխատանքին վերադառնալը հաճախ համակցվում է թախիծով, իսկ երբեմն վերածվում նաև ընկճախտի։
«Այս ամենը բավականին տարածված մի երևույթի՝ հետարձակուրդային համախտանիշի նշաններն են։ Հետարձակուրդային համախտանիշը հաճախ դրսևորվում է բարձր ինտենսիվությամբ աշխատողների շրջանում՝ այն մարդկանց, ովքեր ունեն լարված աշխատանքային գրաֆիկ, գիշերային աշխատանք, բարձր պատասխանատվությամբ, մեծ քանակությամբ մարդկանց հետ շփում պահանջող կամ բազմաթիվ խնդիրների լուծում ենթադրող աշխատանք։ Այս համախտանիշի առաջացման մեջ կարևոր դեր ունի նաև արձակուրդի տևողությունը, ինչպես նաև սեփական աշխատանքով բավարարվածության աստիճանը։ Ռիսկի խմբում են այն աշխատակիցները, ովքեր բավարարված չեն իրենց մասնագիտությամբ, կարգավիճակով, աշխատավարձով կամ կոլեկտիվով։ Վիճակագրական տվյալներով՝ աշխատանքից ազատվելու դիմումների մոտ 80%-ը ներկայացվում է հենց արձակուրդից հետո»,- ասում է մասնագետը։
Հետարձակուրդային համախտանիշի կլինիկական պատկերը բնորոշվում է սթրեսային դրսևորումներով` հոգնածության զգացումով, ճնշվածությամբ, որոնց գումարվում է գլխացավը, արագասրտությունը, քնի և մարսողության խանգարումները և այլն: Ընդ որում, նրա խոսքով՝ այս նշանները կարող են արտահայտվել թե այն մարդկանց մոտ, ովքեր արձակուրդն անցկացրել են այլ երկրում, և թե նրանց մոտ, ովքեր չեն հեռացել երկրից, հանգստացել են ամառանոցներում կամ տանը։ Հետարձակուրդային համախտանիշի շրջանակներում արձակուրդի վերջին օրերին կամ աշխատանքի վերադառնալու առաջին իսկ օրերին հաճախ մարդու մոտ դրսևորվում է սուր շնչառական հիվանդություն, մրսածության նշաններ, որոնք օրգանիզմի յուրահատուկ պաշտպանական հակազդումն են։ Այն թույլ է տալիս «երկարացնել» արձակուրդը և ավելի մեղմ անցում կատարել հանգստի վիճակից աշխատանքային լարվածությանը։
«Հետարձակուրդային համախտանիշի երկարաձգման դեպքում մարդու մոտ կարող է ձևավորվել նաև ընկճախտ, որը դրսևորվում է տրամադրության երկարատև անկումով, տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությամբ, աշխատանքի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ, ներքին մոտիվացիայի բացակայությամբ և այլն։ Այս բոլոր նշանների դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունը»,- ասում է նա։
Իհարկե, հետարձակուրդային համախտանիշը կարելի է նախևառաջ կանխել, ինչի համար, Աննա Ստեփանյանի խոսքով՝ առավել կարևոր է ճիշտ պլանավորել արձակուրդը, ընտրել արձակուրդից վերադառնալու օպտիմալ ժամանակը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել աշխատանքը արձակուրդից վերադառնալուց հետո առաջին օրերն։
«Պետք է հիշել, որ ինչքան երկար է տևել արձակուրդը, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր օրգանիզմին վերահարմարվելու փոփոխված պայմաններին։ Այդ իսկ պատճառով, եթե դուք հատկապես հանգստանում եք այլ երկրում, ապա պլանավորեք ձեր վերադարձը 2-4 օր շուտ՝ մինչև աշխատանքի վերադառնալը։ Այդ ժամանակահատվածը թույլ կտա օրգանիզմին վերահարմարվել և խուսափել հետարձակուրդային համախտանիշից։
Աշխատանքի վերադառնալու նախօրեին շատ կարևոր է լիարժեք քունը և ցանկալի չէ իրականացնել բոլոր կուտակված տնային աշխատանքները։ Ավելի ճիշտ է բաշխել կուտակված տնային աշխատանքները մի քանի օրվա, իսկ աշխատանքի վերադառնալու նախօրեին լիարժեք հանգստանալ»,- ասում է Աննա Ստեփանյանը։
Շատ կարևոր է նաև հետևել սննդակարգին և ոչ մի դեպքում չսկսել դիետաներ, որոնք հավելյալ սթրես են օրգանիզմի համար։
«Աշխատանքին վերադառնալը շաբաթվա կեսին, և ոչ երկուշաբթի օրը, նույնպես թույլ կտա օրգանիզմին արագ հարմարվել աշխատանքային ծանրաբեռնվածությանը, քանի որ արձակուրդից հետո դուք կունենաք «կարճ» աշխատանքային շաբաթ։ Աշխատանքի վերադառնալու առաջին օրերին շատ կարևոր է չփորձել կատարել բոլոր կուտակված հանձնարարությունները միանգամից։ Առաջին օրերին պլանավորեք ձեր անելիքը, բաշխեք աշխատանքը, պատասխանեք կուտակված նամակներին և կատարեք ցածր կարևորություն ունեցող աշխատանք։ Դա նույնպես թույլ կտա արագ վերահարմարվել աշխատանքային ռեժիմին և խուսափել հետարձակուրդային համախտանիշից»,- ասում է Աննա Ստեփանյանը։
Աղբյուրը` www.168.am