Մինչև 2 տարեկան երեխան հեռախոս պիտի չտեսնի, որ խոսքի զարգացման խնդիր չունենա
Oragir.news-ը երեխաների մոտ սոցցանցերից կախվածությունից առաջացած խոսքի հապաղման խնդրի վերաբերյալ զրուցեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Լիաննա Ղազարյանի հետ։
Հարցին, թե ինչ ազդեցություն ունեն սոցիալական հարթակների հոլովակները երեխաների խոսքի զարգացման վրա, մասնագետը պատասխանեց.
«Ամերիկյան հետազոտողներն ասում են, որ երեխան պետք է մինչև 2 տարեկանը հեռախոս չտեսնի։ Իսկ Հայաստանում դրա հակառակ պատկերն է։ Ծնողները չեն ֆիքսում, թե քանի ժամ տևեց երեխայի հեռախոսով կամ պլանշետով զբաղվելը։ Այս դեպքում երեխան անվերջ կարող է ոչ հայերեն հոլովակներ դիտել։ Դրանք բոլորն ազդում են խոսքի զարգացման վրա»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ խոսքի խնդիր չունեցող երեխան հոլովակներ դիտելուց ունենա խոսքի զարգացման հապաղում, լոգոպեդն ասաց.
«Հնարավոր է։ Մենք ունենք երեխաներ, որոնց խոսքն ուշացել է՝ ծնողի կողմից հեռախոս տրամադրելու պատճառով։ Երեխան ցանկանում է զբաղվել հեռախոսով և շփման ցանկություն չի ունենում։
Գենետիկ նախատրամադրվածությամբ 100% խոսող երեխան հեռախոսով շատ զբաղվելուց հետո կարող է վերածվել 60% խոսող երեխայի։ Երեխաներին սթրես չպատճառելու համար պետք է աստիճանաբար նվազեցնել հեռախոսի օգտագործման ժամանակը։ Այս դեպքում խոսքի զարգացման խնդիր չի առաջանա»։