Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի
հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
– Ո՞ր տարիքից է պետք լրջորեն մտածել մասնագիտության ընտրության մասին:
-Մասնագիտության ընտրության հարցը կրթության ամենաառաջին տարիներից էլ դրվում է, իսկ արդեն 14 տարեկանում դեռահասը պետք է կողմնորոշված լինի, թե որ մասնագիտության մեջ է իրեն տեսնում ապագայում: Կրթական համակարգով պայմանավորված՝ դեռահասն այդ տարիքում ավագ դպրոց կամ մասնագիտացում է ընտրում, և այդ ընտրությունը պետք է նպատակային և խելամիտ լինի: Եվրոպական տարբեր երկրների դպրոցներում դասավանդվում են հատուկ առարկաներ (ինչպես օրինակ հասարակագիտությունն է), որոնց շրջանակներում երեխաներին դեռ վաղ հասակից նախապատրաստում են մասնագիտության ընտրությանը, ծանոթացնում են մասնագիտություներին, դրանց ներկայացրած պահանջներին և տվյալ երկրում առկա պահանջարկին: Սա մեզ մոտ ցավոտ և ռիսկային հարց է, քանի որ մենք դեռ չունենք այդ մշակույթը: Իսկապես, սա խնդիր է, և պետք է լուրջ մոտեցում լինի բոլորի կողմից:
– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դեռահասը 14, 15 տարեկանում ընդունակ է ճիշտ կատարելու իր կյանքի, թերևս, ամենապատասխանատու քայլերից մեկը:
-Կարծում եմ՝ կարող է: Այո, համաձայն եմ, իսկապես շատ պատասխանատու քայլ է, բայց ամեն դեպքում դարերով է եկել այն փաստը, որ մարդը հենց այդ տարիքում պետք է մասնագիտական ընտրություն կատարի: Մասնագիտական կողմնորոշման ծառայության շրջանակներում շփվելով այդ տարիքային խմբի հետ` տեսնում ենք, որ դեռահասն ունի շատ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան որոշում կայացնել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար: Եթե տվյալ դեռահասի մոտ ցածր է պատասխանատվության զգացումը, ապա պետք է աշխատանք տանել այդ ուղղությամբ, այլապես այդ որակը կուղեկցի նրան հետագա ողջ կյանքում: Այո, դեռահասը կարող է ընտրել մասնագիտության ընդհանուր ոլորտ, իսկ մասնագիտացումը պետք է նա հստակեցնի ավելի ուշ, երբ առավել ծանոթ կլինի մասնագիտության առանձնահատկություններին:
– Իսկ ինչպե՞ս վարվի այն դեռահասը, ով ընտրել է իր կարողություններին և հակումներին առավելագույնս համապատասխանող մասնագիտություն, բայց իր որոշումը դարձել է ծնողների հետ լուրջ կոնֆլիկտի պատճառ:
-Եթե դեռահասն իր որոշումը կայացրել է հետազոտության արդյունքում և մասնագետի օգնությամբ, ապա կարելի է հրավիրել ծնողներին, ներկայացնել բոլոր այն գործոնները, որոնց հիման վրա ընտրվել է այդ մասնագիտությունը, և բացատրել, թե ինչ խնդիրների առաջ հետագայում կարող է կանգնել երեխան, եթե սխալ լինի ընտրությունը: Այս պարագայում մեծ է հավանականությունը, որ ծնողները կհասկանան և կընդունեն: Եթե դեռահասի որոշումը կայացվել է ինքնուրույն, առանց մասնագետի, ապա այդ բացատրական ֆունկցիան նա ինքը պետք է կատարի: Ծնողներին պետք է հանգամանալից ներկայացնել, բացատրել և հիմնավորել սեփական ընտրությունը` մատնանշելով բոլոր այն գործոնները, որոնք հաշվի են առնվել ընտրություն կատարելիս:
– Նույն իրավիճակը դիտարկենք հակառակ տեսանկյունից. ինչպե՞ս վարվեն այն ծնողները, երբ իրենց կողմից մշակված, հանգամանալից մտածված և ամենաճիշտը թվացող տարբերակը մերժվում է զավակի կողմից:
-Սա իսկապես լուրջ խնդիր է, երբ ստիպում են դեռահասին անել մի բան, որն իրենը չէ: Այդ տարիքում արդեն ծնողները պետք է ընդունեն և հաշվի նստեն իրենց երեխայի անհատականության և կարծիքի հետ: Ավտորիտար ոճով երեխայի հետ շփումը հետագայում կբերի շատ խնդիրներ նրա համար: Անգամ եթե ծնողները ճիշտ են կողմնորոշվել իրենց երեխայի մասնագիտության հարցում, այնուամենայնիվ, եթե երեխան համաձայն չէ, ապա պետք չէ ստիպողաբար, կոնֆլիկտով ուսում սկսել: Հետագայում, նա աշխատանքային իր խնդիրների համար միշտ կմեղադրի ծնողներին: Լինում են դեպքեր, երբ երեսուն տարեկանում մեզ դիմում են նոր մասնագիտություն ձեռք բերելու համար, և պարզվում է, որ ժամանակին իրենք որոշում են կայացրել ծնողների դրդմամբ:
– Խոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող է մասնագետը օգնել մասնագիտության ընտրության խնդրի առջև կանգնած դեռահասին:
-Դեռահասի համար, իսկապես, դժվար խնդիր է ճիշտ կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում և ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելապես համապատասխան և հեռանկարային կլինի իր համար: Մասնագետի հետ այս խնդիրն անհամեմատ արագ և արդյունավետ է լուծվում: Մեր կենտրոնում տարբեր հետազոտությունների արդյունքում բացահայտում ենք անձի ընդունակությունների ոլորտը, հետաքրքրությունները, անձնային առանձնահատկությունները և մասնագիտական տիպերը: Երբեմն անձին առաջարկում ենք նույն մասնագիտական տիպի մեջ մի քանի մասնագիտություններ:
Մեր կենտրոնի մասնագետներին կարող են դիմել բոլոր այն անձինք, ովքեր կանգնած են մասնագիտության ընտրության առաջ, ովքեր ուզում են ընտրել նեղ մասնագիտացում, և նրանք, ովքեր ուզում են փոխել իրենց մասնագիտությունը:
– Ի՞նչ է ներառում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը:
-Ընդհանրապես, մասնագիտական կողմնորոշման գործընթացը ենթադրում է բժշկական, հոգեբանական և մանկավարժական համալիր հետազոտություն: Տարբեր երկրներում այս երեք մասնագետներն էլ ներառվում են գործընթացի մեջ: Մեզ մոտ միայն հոգեբաններն են այս հարցով զբաղվում, ինչպես նաև որոշ դպրոցների սոցիալական աշխատողները:
Մեր կենտրոնում մասնագիտական կողմնորոշումը երկու հիմնական բաղադրիչ է ներառում՝ 1. հետազոտական, 2. տեղեկատվական: Անձի ընդունակությունները, անձնային որակները հետազոտելուն զուգահեռ մենք ինֆորմացիա ենք տրամադրում մասնագիտությունների աշխարհի մասին, ներկայացնում ենք մասնագիտական պահանջները, պայմանները, աշխատաշուկայում եղած պահանջարկը, զարգացման միտումները, ինչպես նաև տվյալ մասնագիտությունը ձեռք բերելու եղանակները: Մասնագիտական կողմնորոշման գործընթացը տևում է երկու օր, որից հետո արդյունքները գրավոր եզրակացության տեսքով տալիս ենք հետազոտվող անձին:
– Կպատմե՞ք կենտրոնում կիրառվող հետազոտական մեթոդների մասին:
-Որպես մեթոդ՝ կիրառում ենք հարցազրույցը, թեստավորումը և պրոյեկտիվ մեթոդիկաները:
Մեր մասնագետները կիրառում են «Պրոֆեսիանս» պրոյեկտիվ քարտային- խաղ մեթոդիկան, որն առավել լայն հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր մասնագիտությունների առարկաների, նպատակների, միջոցների և պայմանների հետ: Այս բոլորը փորձարկվողը տեսնում է քարտերի միջոցով, որոնք հետազոտական նպատակից բացի նաև գիտելիքներ են հաղորդում մասնագիտական աշխարհի մասին: Սա շատ հետաքրքիր, արդյունավետ մեթոդիկա է, որը կիրառելու համար մեր մասնագետները վերապատրաստում են անցել Ռուսաստանից ժամանած մասնագետների կողմից:
– Մասնագիտական կողմնորոշման գործընթացում արդյո՞ք պարտադիր է դեռահասի ծնողների ներկայությունը:
-Պարտադիր չէ, բայց ցանկալի է: Մենք խրախուսում ենք նրանց ներկայությունը, քանի որ հետազոտության ընթացքում ծնողներն առավել խորությամբ են ճանաչում իրենց երեխաներին: Բացի դրանից` ծնողները ստանում են իրենց հարցերի պատասխանները` կապված զավակի ապագա մասնագիտական ճանապարհի հետ: Ամեն դեպքում, հետազոտության կենտրոնում երեխայի անձն է, ծառայություն ստացողը, ով պետք է տեսնի և հասկանա, որ իր ապագան պայմանավորված է միմիայն սեփական ռեսուրսներով, ընդունակություններով և ունեցած հետաքրքրություններով:
Հարցազրույցը վարեց Արփինե Դանիելյանը
Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:
Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։