Հոգեբանական խորհրդատվության տեսակներն են.
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անհատական խորհրդատվությունը համարվում է հոգեբանական աջակցության ամենատարածված և հիմնական ձևաչափը: Այժմ հայտնի են անհատական խորհրդատվության շատ տարատեսակներ, որոնք քիչ թե շատ հիմնվում կամ հատվում են հիմնական հոգեբանական/ հոգեթերապևտիկ ուղղությունների հետ, ինչպիսիք են հոգեվերլուծական թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան, գեշտալտ-թերապիան և այլն:
Անհատական հոգեբանական խորհրդատվության հիմնական գործոններն են՝ այցելուի խնդիրների հստակեցումը և ռեսուրսների ակտիվացումը՝ անկախ տվյալ թերապիայի ուղղությունից և դպրոցից: Անհատական խորհրդատվության նպատակներն են՝ անձի ինքնազգացողության բարելավումը, ներանձնային և միջանձնային խնդիրների, բարդույթների, կոնֆլիկտների կանխարգելումն ու լուծումը, դեպրեսիայի հաղթահարումը, սթրեսի կառավարումը, անձի վարքային դրսևորումների ընդլայնումը և այլն:
Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվում են այցելուին հուզող տարբեր թեմաներն ու իրավիճակները, հստակեցվում են այցելուի խնդիրների իրական պատճառները: Այդ հանդիպումները այցելուին հնարավորություն են տալիս բարելավել իր կյանքի որակը՝ հետզհետե տեսանելի փոփոխություններ մտցնելով իր որոշումներում և վարքի դրսևորումներում: Նա սկսում է ավելի լավ ճանաչել իր ապրումները, պահանջմունքները, այս կամ այն իրավիճակներում իր հակազդումների բնույթն ու էությունը:
Անհատական խորհրդատվության յուրահատուկ տարատեսակ է անհատական օնլայն խորհրդատվությունը:
ԽՄԲԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Խմբային խորհրդատվությունը հոգեբանական աջակցության յուրահատուկ ձևաչափ է, որի ընթացքում աշխատանք է տարվում ոչ թե մեկ անձի, այլ այցելուների խմբի հետ: Այստեղ անձը դիտարկվում է սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, շրջապատողների հետ փոխհարաբերությունների ենթատեքստում։ Խմբային խորհրդատվության ընթացքում թերապևտիկ նպատակներով կիրառվում է խմբային դինամիկան, այսինքն՝ խմբի մասնակիցների միջև առաջացող փոխհարաբերությունների և փոխազդեցությունների ողջ համակազմը: Խումբը հանդես է գալիս որպես իրական կյանքի մոդել, որտեղ յուրաքանչյուր մասնակից, հոգեբանի պրոֆեսիոնալ աջակցությամբ, ընդունակ է դառնում ոչ միայն իմաստավորել իր դիրքորոշումները, հուզական ու վարքային հակազդման եղանակները, այլև վերամշակել դրանք խմբային դինամիկայի և արդյունավետ հետադարձ կապի շնորհիվ։ Անձի համար ստեղծվում է բարենպաստ և անվտանգ մի փորձադաշտ, որտեղ նա կարող է փորձարկել վարքի այլընտրանքային դրսևորումները, մարդկանց հետ շփվելու նոր եղանակները, ապա մասնակիցներից հետադարձ կապի շնորհիվ հասկանալ դրանց արդյունավետությունը:
Հոգեբանական խմբային աշխատանքի նպատակն է՝ խմբի անդամների հոգեբանական խնդիրների կանխարգելումը, շտկումը, լարվածության լիցքաթափումը, գործնական հարաբերություններին նպաստող հմտությունների ձևավորումը, խմբերի (կոլեկտիվների, կազմակերպությունների) ներուժի զարգացումը, խմբային մտածողության զարգացումը, խմբային մերձեցումը, ներխմբային կոնֆլիկտների բացահայտումը և արդյունավետ լուծումը:
Խմբային խորհրդատվության ժամանակ կիրառվում են զանազան մեթոդներ և տեխնիկաներ, որոնց համակազմը հիմնականում պայմանավորված է հոգեբանի, հոգեթերապևտի մասնագիտական տեսական ուղղվածությամբ (հոգեվերլուծական, կոգնիտիվ-վարքային, գեշտալտ և այլն):
ԵՐԵԽԱՆԵՐԻ և ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մանկական խորհրդատվությունը հոգեբանական հատուկ մեթոդներով և տեխնիկաներով հագեցած մի գործընթաց է, որն ուղղված է երեխաների մոտ առկա տարաբնույթ խնդիրների կանխարգելմանն ու հաղթահարմանը:
Մանկական խորհրդատվությունը սկսվում է հոգեբանի/հոգեթերապևտի և երեխայի միջև վստահելի հարաբերությունների հաստատմամբ: Այնուհետև մասնագետն ակտիվորեն իրականացնում է երեխայի խնդիրների գնահատում, հոգեախտորոշում, երեխայի անհատական զարգացման աստիճանի որոշում: Հաջորդ քայլը կոնկրետ հոգեթերապևտիկ խնդիրների նախանշումն է և դրանց լուծումը: Վերջնական փուլն է հանդիսանում ստացված թերապևտիկ արդյունքի ամրապնդումն ու հնարավոր կրկնությունների կանխարգելումը:
Ավելին տե′ս ԵՐԵԽԱՆԵՐԻ և ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնում․․․
ԶՈՒՅԳԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական աշխատանքի մի յուրահատուկ ձևաչափ է, որը նպատակ ունի կանխարգելել, վերականգնել և զարգացնել խաթարված միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խանգարումները: Այն ուղղված է ընտանիքի բոլոր անդամների համար անձնային աճի հնարավորության ստեղծմանը, ընտանեկան դերերի, դիրքերի վերաիմաստավորմանը: Խորհրդատվության այս տեսակը կիրառվում է նաև ամուսնալուծության շրջանում, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների շրջանակներում:
Ավելին տե′ս ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնում․․․
Ինտերնետային խորհրդատվությունն այժմ լայնորեն տարածված խորհրդատվական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս, անկախ այցելուի գտնվելու վայրից, կապ հաստատել հոգեբանի հետ և իրականացնել խորհրդատվական ամբողջական գործընթաց: Ինտերնետային խորհրդատվությունն ու թերապիան իրականացվում է Skype-ի միջոցով:
Ավելին տե′ս ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնում․․․
Մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը աջակցություն է այն անձին, ով՝
- կանգնած է ապագա մասնագիտություն ընտրելու խնդրի առաջ (ավագ դպրոցի ընտրություն կատարող դպրոցականներ և դպրոցի շրջանավարտներ)
- ուզում է ընտրել երկրորդ մասնագիտություն կամ մասնագիտացում
- ուզում է փոխել իր աշխատանքային գործունեության ոլորտը
Ավելին տե′ս ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ բաժնում․․․
Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով:
Պայմանավորված այցելուի խնդրի բնույթով և նրա սպասումներով, ինչպես նաև հոգեբան/հոգեթերապևտի տեսական ուղղվածությամբ՝ հոգեբանական խորհրդատվության նպատակները կարող են տարբեր լինել, սակայն ընդհանրացնելով՝ կարելի է թվարկել հետևյալը՝