Վիրուսը հաղթահարելի է!

Հարգելի հայրենակիցներ, մեր գործունեությանը հետևող հարգելի բարեկամներ,
Ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով շատերիս մոտ գերակշռում են տագնապային ու անհանգիստ հուզական վիճակները։ Թեպետ ամբողջ աշխարհում այլ, շատ ավելի հայտնի հիվանդություններից (այդ թվում գրիպից) շատ ավելի մարդիկ են մահանում, քան կորոնավիրուսից, այնուամենայնիվ, այս հիվանդության նկատմամբ վախերը դեռ գերիշխող են։ Պատճառն այն է, որ այլ հիվանդությունների պատճառներն ու ախտանիշները, հետևանքներն ու ընթացքը քիչ թե շատ հայտնի են, այս վիրուսի պարագայում անհայտությունն ավելի մեծ է։ Սա է հիմնական այն գործոնը, որի պատճառով մենք անհանգստանում ենք։ Միշտ էլ դժվար է գործ ունենալ անորոշության հետ, և դա նորմալ է։
 
Այսուհանդերձ, վախերը հաղթահարելի են, որոշ ժամանակ հետո ամեն բան կկարգավորվի, սակայն այն գինը, որ մենք հիմա վճարում ենք մեր հոգեկանի հաշվին, կարող է ավելին լինել, քան այն վնասը, որը կարող է բերել այս վիրուսը։ Մեր ուշադրությունը պետք է սևեռենք ոչ այնքան վիրուսի, այլ առավելապես մեր հոգեկան վիճակի, հակազդեցությունների և այն բանի վրա, թե ինչպես ենք մենք կարողանում կառավարել մեր վարքագիծը: Եթե թույլ տանք խուճապային մոլագարությանը կառավարել մեզ, կարող ենք շատ հարաբերություններ վնասել, շատ բարեկամություն կորցնել:
 
Մեզ անհրաժեշտ են դրական մտքեր և դրական էներգիա: Հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի չկորցնենք մեր հոգեկան առողջությունն այն ժամանակ, քանի դեռ զբաղված ենք մեր ֆիզիկական առողջությունը այս վիրուսից պաշպանելու գործով:
Անթույլատրելի է խուճապի մատնվելը: Երբ մենք անհանգստանում ենք, նյարդայնանում ենք, խուճապի ենք մատնվում, մեր օրգանիզմն ապրում է սուր սթրես և կորցնում իմունիտետը: Այդպիսով, կարող ենք ակտիվացնել օրգանիզմում քնած հիվանդություններն ու կորցնենք վիրուսի դեմ պայքարելու կարողությունը:
 
Կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է բերել կենսակերպի նոր ռեժիմի կազմակերպման, ինքնախնամքի նոր մոտեցման ձևավորման։ Այժմ շատ կարևոր է մեր և մեր հարազատների թե՛ սննդի կազմակերպումը, թե՛ լիարժեք քնի ապահովումը, և թե՛ հոգեբանական խնամքը։ Մեր հույզերն ու զգացմունքներն արտահայտելը, կիսվելը, միմյանց հասկանալը, ինչպես նաև վտանգավոր ու անցանկալի շփումների առջև սահման դնելը կարող են դառնալ մեր ձեռքբերումներն այս իրավիճակում ու նաև նոր զարգացումների բերել մեր հասարակությանը։
 
Այս ճգնաժամային ժամանակահատվածը մեզ համար հնարավորություն է անցնել մի փորձության միջով, որը մեզ կարող է նաև ուժեղացնել, կրթել, կազմակերպել և զարգացնել։ Եկեք չմոռանանք, որ այս հիվանդությունը հաղթահարելի է։
 
 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.