Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստել երեխաներին Ամանորին

Ժամանակակից աշխարհում հնարավորությունների առումով տոները դառնում են ավելի հագեցած, ավելի գունեղ և տպավորիչ: Ծնողները  փորձում են լավագույնս նախապատրաստվել տոնին և ուրախություն պարգևել իրենց փոքրիկներին:

Մինչև երեք տարեկան երեխաների համար հոգեբանական  նախապատրաստումը շատ քիչ նշանակություն ունի: Կարիք չկա այս տարիքի երեխայի ուշադրությունը սևեռել առաջիկա իրադարձությունների վրա,  այս տարիքում երեխան չի հասկանում «շուտով» և «հետո» բառերի իմաստը: Միգուցե և հասկանա, եթե մեկ ու կես տարեկանից բարձր է, բայց երեխային դժվար է համակերպվել, որ նվերները կամ տոնը կլինի հետո: Այդ դեպքում ինչու՞ խոսել նախօրոք և ավելորդ անհանգստություն պարգևել երեխային: Խորհուրդ է տրվում տոնածառի շուրջ պարզապես կազմակերպել փոքրիկ միջոցառում, որի ժամանակ երեխան կստանա նվերներ, հետաքրքրությամբ կուսումնասիրի զարդարված միջավայրը, կխաղա, կտեսնի մտերիմների ժպտացող դեմքերը, շրջապատված կլինի միայն դրական լիցքերով: Այսպիսի մթնոլորտում երեխան կկարողանա լիարժեք ուրախանալ` զերծ մնալով իր հոգեկանի վրա ազդող բացասական գործոններից: Երեխային ժամանակից շուտ հանրային, աղմկոտ, մարդաշատ միջոցառումներին մասնակից դարձնելը նրա փխրուն, անկայուն հոգեկանի համար կարող է սթրեսային լինել, վատ ազդեցություն ունենալ: Երեխայի հոգեկանը աստիճանաբար է ընդլայնվում և դժվար է միանգամից ապրել այդքան բուռն տարաբնույթ հույզեր․ չափազանց մեծ ոգևորությունը, գրգռվածությունը հանգեցնում են նյարդային համակարգի ինքնակարգավորման խախտմանը: Ձմեռ պապիկի կերպարը կարող է նաև երեխայի մոտ առաջացնել վախի զգացում, որի  արդյունքում էլ երեխան սկսում է  չքնել, տեսնել վատ երազներ, անհանգիստ լինել: Արդյունքում, երեխայի գլխում սկսում է տիրել խառնաշփոթ, և նա, բացի վատ զգացողություններից,  ոչինչ չի ստանում:

Ժամանակակից աշխարհում ծնողները շատ հաճախ ցանկանում են  երեխաներին մասնակից դարձնել հետաքրքիր տարաբնույթ միջոցառումներին,  միգուցե իրենց մանկության տարիներին այդպիսի տոնակատարություններ, հետաքրքիր միջոցառումներ չեն եղել և նրանք  ցանկանում են, որ իրենց փոքրիկը ունենա հաճելի և ուրախ մանկություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նաև անհրաժեշտ է ելնել երեխայի կարիքներից և այն ամենից, ինչը նրան հաճույք կպատճառի, հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները․ արդյո՞ք երեխան ի վիճակի է հասկանալու, գիտակցելու այդ ամենը: Կարիք չկա երեխային միջոց դարձնելու սեփական ցանկությունները կամ չիրականացված երազանքները բավարարելու համար:

Երեք տարեկանից սկսած  երեխաներն արդեն գիտակցում են տոնի նշանակությունը և այս հասակի երեխաների հետ դեկտեմբերի սկզբից կարելի է սկսել տոնի կազմակերպչական աշխատանքները: Հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում, երբ սկսվում են տոնի նախապատրաստական աշխատանքները: Նույնիսկ օրացույցի վրա երեխաները կարող են ջնջել օրերը, որպեսզի  տեսնեն, թե երբ է ամիսը վերջանում և մոտենում տոները: Ծնողները, հաշվի առնելով իրենց երեխայի նախասիրություններն ու առանձնահատկությունները, կարող են ընտրել համապատասխան վայրեր, որտեղ երեխայի օրը տոնի կվերածվի, և միևնույն ժամանակ կանցնի առողջ և հաճելի մթնոլորտում:

Կարիք չկա չափազանցնելու միջոցառման կարևորությունը և երեխայի մեջ սերմանել հատուկ սպասելիքներ: Տոնի մասին պետք է խոսել հանգիստ, ծնողները երեխաների հետ միասին կարող են առանձնացնել տոնի հաճելի պահերը, մտածել, թե ինչպես  զարդարել տունը, սենյակները, տոնածառը, ինչ  հագնել: Անհրաժեշտ է  հաշվի առնել երեխայի ցանկությունները յուրաքանչյուր հարցի շուրջ, որտեղ նա ունի անմիջական մասնակցություն:

Եթե ​​երեխան արդեն խոսում է և դրսևորում է ուշագրավ ստեղծագործական ունակություններ` ակտիվ է, չի վախենում հանրային ելույթից, միևնույն է, կարիք չկա նրան ծանրաբեռնելու չափածոներով, բարդ ստեղծագործություններով և ստիպել, որ  անգիր սովորի: Առավել ևս, կարիք չկա պատժելու կամ զրկելու նվերներից, քննադատելու հետևյալ արտահայտություններով. «Բոլոր երեխաները կարտասանեն, իսկ դու ոչ», «Բոլորը կստանան նվերներ, իսկ դու չես ստանա»՝ այդպիսով փորձելով խթանել երեխայի ցանկությունները: Նա չի լացելու ամոթից և իրեն ավելի լավ դրսևորի: Ընդհակառակը, նման քննադատությունները ներքին բողոք են առաջացնում երեխայի մեջ, և նա այլևս չի ցանկանում ոչինչ ասել: Կարելի է, պարզապես, երեխային առաջարկել հետաքրքիր գաղափարներ, և միևնույն ժամանակ հնարավորություն տալ, որ ինքն ընտրի, թե որ բանաստեղծությունն է ուզում ասել, որ երգն է ուզում երգել և որ պարն է ուզում պարել: Այսպիսով, երեխան կզգա իր անմիջական միջամտությունը պրոցեսի մեջ և ավելի մեծ հաճույքով մասնակցություն կցուցաբերի:

Մանկությունն այն  շրջանն է, երբ ամեն ինչ նման է հրաշքի, մեզ շրջապատող իրերը թվում են հեքիաթային և կախարդական: Երեխաները մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսների, իրենց ֆանտազիաների միջոցով սկսում են կառուցել իրենց աշխարհը, տարբերակել չարն ու բարին, լավն ու վատը և ապրել այդ աշխարհում:

Երեխաների պատկերացմամբ Ձմեռ պապը նույնպես հերոս է, ով ասոցացվում է բարի, դրական, արդարացի կերպարի հետ: Նա իր հետ բերում է նվերներ ` բարի, խելացի, լսող, աշխատասեր  երեխաների համար: Ձմեռ պապիկից ստացված նվերը հաստատում է, որ  երեխան սիրված է, լավ է դրսևորել իրեն, այսինքն իր վարքագծով արժանացել է այդ նվերին: Այս զգացողությունը բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը և ավելի ոգևորում:

Պատմե՞լ երեխային ճշմարտությունը, թե՞ թողնել, որ շարունակի հավատալ Ձմեռ պապի գոյությանը:

Երեխային կարիք չկա պատմելու ճշմարտությունը մինչ այն պահը, երբ արդեն ինքն է սկսում կասկածել և հետաքրքրվել: Իսկ կասկածն ու հետաքրքրվածությունը վաղ թե ուշ լինելու է, այնպես որ ծնողները պետք է պատրաստ լինեն ցուցաբերելու ճիշտ մոտեցում: Երբ երեխան սկսում է հարց ու փորձ անել, դա խոսում է երեխայի զարգանալու, մեծանալու մասին: Երեխան սկսում է հորինված, հեքիաթային աշխարհից, իր ֆանտազիաներից վերադառնալ իրականություն, զարգանում է երեխայի բանական դատողությունը, բախվում է իրականության տարբեր կողմերի հետ և նրա մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր ու կասկածներ: Այստեղ կարևոր է ծնողների անկեղծությունը․ երբ երեխան հարց է տալիս, նա ակնկալում է անկեղծ պատասխան, իսկ անկեղծ պատասխանի մատուցման ձևը կախված է երեխայի տարիքային առանձնահատկություններից: Ձմեռ պապիկի գոյություն չունենալու փաստը, իհարկե, կմտահոգի երեխային, բայց երեխային պետք է բացատրել, որ դրանով Ամանորը չի կորցնում իր արժեքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը շարունակում են մնալ երեխաների և մեծերի  մեջ՝ որպես  Ամանորի հերոսներ, շարունակում են լինել բոլորի անկատար մնացած ցանկությունների իրագործողները: Թե´ մեծահասակները, թե´ երեխաները Ամանորի նկատմամբ մեծ հավատով լցված սպասում են հրաշքների կատարմանը, հենց այդ հավատն է  ուժ տալիս բոլորին ինչ-որ բան վերափոխելու, վերանայելու և վերագտնելու:

Ամանորը իսկական տոնի է վերածվում այն ժամանակ, երբ նախապատրաստական աշխատանքները տարվում են սիրով, այլ ոչ թե պարտավորված: Երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունենում է իր անմիջական մասնակցությունը, առաջարկում է հետաքրքիր մոտեցումներ տոնն էլ ավելի գեղեցկացնելու և հետաքրքրացնելու համար: Հոգնեցնող, ծանրաբեռնված, պարտավորեցնող աշխատանքները փչացնում են տոնական տրամադրությունը՝ ընդհուպ միչև ինքնազգացողության վատացում: Վատ հետևանքներից խուսափելու համար կարիք չկա այդչափ մեծ կարևորություն տալ նախապատրաստական աշխատանքներին: Տոնը պետք է ավելի նպաստի  ներքին տրամադրվածության բարձրացմանը, հոգեկան ներդաշնակությանը և դրական, տրամադրող մթնոլորտի ստեղծմանը, այլ ոչ թե խաթարի հոգեկան անդորրը։

Նյութը պատրաստեց Էդիտա Հովակիմյանը

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.