Երեք տարեկանի ճգնաժամը և ներընտանեկան հարաբերությունները
Մի’ դաստիարակեք երեխաներին, նրանք միևնույնն է ձեզ նման են դառնալու.. դաստիարակե’ք ինքներդ ձեզ:
Անգլիական ասույթ
Յուրաքանչյուր մարդ իր զարգացման ընթացքում անցնում է մի փորձության միջով, որն անվանում են երեք տարեկանի ճգնաժամ: Այս ճգնաժամը փորձություն է ոչ միայն երեխայի, այլ նաև ողջ ընտանիքի համար, քանի որ փոխվում է երեխան և իր վարքը, և դա մի նոր փորձառություն է ծնողների ու ընտանիքի մյուս անդամների համար, ովքեր հաճախ խուճապի են մատնվում` չհասկանալով, թե ինչ է կատարվում երեխայի հետ:
Երեք տարեկանի ճգնաժամը առաջին անգամ նկարագրվել է Էլզա Քելերի «Երեք տարեկան երեխայի անձը» աշխատության մեջ:
Առհասարակ, երեք տարեկանի ճգնաժամի մասին առավել խոսվում է խորհրդային գրականության մեջ: Հատկապես նշանակալի է Վիգոտսկու մոտեցումը այս ճգնաժամին: Նա առանձնացրել է երեք տարեկանի ճգնաժամի յոթ առանձնահատկություն, դրանք են.
- Նեգատիվիզմ – Երեխան նեգատիվ արձագանք է տալիս այն ամենին, ինչն առաջարկվում է մեծահասակի կողմից: Նրա համար նույնիսկ հաճելի կարող է լինել այն գործողությունը, որը մեծն է ասել, սակայն նա դա չի անում հենց միայն այն պատճառով, որ մեծն է առաջարկել: Բոժովիչի մոտ հանդիպում ենք շատ լավ օրինակներ կապված նեգատիվիզմի հետ: Օրինակ՝ մի տղա, ում մոտ այս ճգնաժամը ձգձգվել էր, ցանկություն է հայտնում նկարել, և երբ ծնողները չեն հակառակվում, այլ խրախուսւմ են նրա այդ ցանկությունը, նա հայտնվում է դժվար իրավիճակում. մի կողմից նա շատ է ցանկանում նկարել, մյուս կողմից ծնողներին հակառակվելու ցանկությունն ավելի մեծ է: Նա սկսում է լաց լինել և ստիպել ծնողներին, որպեսզի արգելեն իրեն նկարել: Երբ ծնողները արգելում են, նա հանգստանում է և սկսում նկարել:
Հայտնի է նաև Պուշկինի բանաստեղծությունը «չ» մասնիկով արտասանող երեխայի օրինակը: Փաստորեն` երեք տարեկանում երեխան առաջին անգամ կարողանում է դեմ դուրս գալ իր անմիջական ցանկություններին: Նեգատիվիզմը ստիպում է երեխային վարվել սեփական աֆեկտիվ վարքին հակառակ: Երեխայի վարքը որոշվում է ոչ թե այդ ցանկությամբ, այլ մեծերի հետ հարաբերությամբ: Վարքի դրդապատճառն արդեն երեխային տրված իրավիճակից դուրս է: Իհարկե, նեգատիվիզմը ճգնաժամային երևույթ է, որը պետք է անցնի: Սակայն այն, որ երեք տարեկան երեխան գործում է ոչ թե իր անմիջական ցանկության ազդեցության տակ, այլ ավելի բարդ և կայուն դրդապատճառներով, շատ կարևոր ձեռքբերում է նրա զարգացման մեջ:
- Ինքնակամություն – «Ես համակարգի» ձևավորման հետ կապված` բնականաբար, շատ վառ կերպով դրսևորվում է ինքնուրույնության տենդենց, և երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Սկզբունքորեն դա դրական երևույթ է, սակայն ճգնաժամի ժամանակ ինքնուրույնության հիպերտրոֆիկացված տենդենցը բերում է ինքնակամության: Երեխայի ձգտումը ամեն ինչ անել ինքնուրույն հաճախ ադեկվատ չէ նրա հնարավորություններին և առաջացնում է հավելյալ կոնֆլիկտներ:
- Անհնազանդություն – ի տարբերություն նեգատիվիզմի` ուղղված չէ որևէ կոնկրետ մարդու դեմ: Այն դրսևորվում է դաստիարակման ոճի, առհասարակ ընդունված կանոնների, նորմերի և կենսակերպի դեմ:
- Կամակորություն – դրսևորվում է նրանում, որ երեխան պնդում է ինչ-որ բան ոչ թե այն պատճառով, որ դա իրեն դուր է գալիս, կամ նա այդպես է ցանկանում, այլ որովհետև նա արդեն այդպես էր ասել: Նա պահանջում է, որ մեծերը հաշվի առնեն իր կարծիքը: Կամակորությունը համառություն չէ, որով երեխան կարող է հասնել իր ուզածին: Կամակոր երեխան պնդում է նույնիսկ այն բանը, ինչն իրեն այնքան էլ դուր չի գալիս կամ դադարել է ցանկալի լինելուց:
- Բողոք-բունտ – դրսևորվում է այն հանգամանքում, որ երեխան մշտական կոնֆլիկտի մեջ է շրջապատողների հետ: Նա բողոքում է ամեն ինչից, և նրան ոչինչ չի գոհացնում, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտների:
- Արժեզրկում – Երեք տարեկան երեխային այլևս չեն հետաքրքրում անցյալում գրավիչ խաղալիքները: Նա անտարբերություն է ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչը կարևոր, հետաքրքիր և թանկ էր իր համար նախկինում, նա կարող է նույնիսկ ագրեսիվություն ցուցաբերել այդ ամենի հանդեպ:
- Բռնակալություն – Եզակի երեխայով ընտանիքներում այն դրսևորվում է որպես իշխանության ձգտում. բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ցանկանում: Բազմազավակ ընտանիքներում բռնակալությունը դրսևորվում է խանդի ձևով:
Ինչպես տեսնում ենք` երեք տարեկանի ճգնաժամը փոխում է երեխային և նրա զարգացման մեջ շատ կարևոր փուլ է: Երեք տարեկանում երեխան հատկապես սենզիտիվ է մարդկային հարաբերությունների ընկալման հարցում, քանի որ փոխվում է իր սեփական ընկալումը աշխարհի և հարաբերությունների հանդեպ:
Երեք տարեկանում երեխաները ընտանիքից սպասում են իրենց անկախության և ինքնուրույնության ընդունում: Երեխան ցանկանում է, որ իրեն հարցնեն, խորհրդակցեն իր հետ: Նա չի կարող սպասել, որ դա կլինի ապագայում, նա ուզում է ամեն ինչ միանգամից, ակնթարթորեն, հենց հիմա: Նա ամեն գնով փորձում է հասնել ինքնուրույնության և ինքնահաստատվել հաղթանակի մեջ, նույնիսկ եթե դա բերում է անհարմարության` մոտ մարդկանց հետ կոնֆլիկտի պատճառով: Այստեղ շատ կարևոր է ընտանիքի և շրջապատող մարդկանց ազդեցությունը, քանի որ երեխան, ցանկանալով իրեն պահել ինչպես մեծահասակ, առաջին հերթին օրինակ է վերցնում իրեն շրջապատողներից: Երեք տարեկան երեխայի առաջատար գործունեությունը դերային խաղն է: Երեխան սկսում է ակտիվորեն ընդօրինակել մեծերի վարքը:
Ներընտանեկան հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ այս դեպքում հարաբերությունների մեջ գտնվող անհատները անմիջական շփման մեջ են գտնվում, ինչը էլ ավելի է ուժեղացնում այդ հարաբերությունների ազդեցությունը: Հայտնի է, որ երեխան իր կյանքի առաջին իսկ ամիսներից ունի շփման պահանջմունք, որը բավարարվում է առաջին հերթին հենց ներընտանեկան հարաբերությունների միջոցով: Առանց մեծի հետ շփման` երեխան չէր կարողանա ձեռք բերել խոսքի և մտածողության, առարկայական գործունեության հմտություններ, ձեռք չէր բերի մարդկային փորձի հիմքերը կյանքի տարբեր ոլորտներում, չէր ճանաչի և յուրացնի մարդկային փոխհարաբերությունների կանոնները, որակները, որոնք բնորոշ են մարդուն, նրանց ձգտումներն ու իդեալները: Միայն շփման միջոցով երեխան կարող է հասնել անձնային ինքնագիտակցության և գիտակցել սեփական «Ես»-ը:
Ներընտանեկան հարաբերությունների մեջ անհրաժեշտ է առանձնացնել ծնողական սիրո դերը, որն ապահովում է երեխայի էմոցիոնալ և հոգևոր զարգացումը և նրա մոտ ձևավորում է բարոյական հատկանիշներ և ինքնավստահություն: Այն պատրաստակամության, հոգատարության, մարդկանց հանդեպ սիրո և այլ ազնվագույն զգացմունքների պայմանն է և աղբյուրը: Ընտանիքի միկրոկլիման, փոխհարաբերությունների մթնոլորտը կարող են այնպիսի անձնային հատկանիշների առաջացման և զարգացման համար հիմք հանդիսանալ, ինչպիսիք են կարեկցանքը, ապրումակցումը, նրբանկատությունը, հարգանքը, հավատարմությունը, պատասխանատվությունը, արդարամտությունը, քաջությունը և այլն:
Երեք տարեկանի ճգնաժամի ժամանակ ծնողները պետք է դառնան ավելի ճկուն իրենց դաստիարակչական գործունեության մեջ, պետք է ընդլայնեն պարտականություններն ու իրավունքները և բանականության սահմաններում պետք է թույլ տան երեխային լինել ինքնուրույն: Երեխայի նորմալ զարգացման համար ցանկալի է, որ երեք տարեկանի ճգնաժամի ժամանակ երեխան զգա, որ տան բոլոր մեծերը գիտեն, որ իրենց կողքին մանկիկ չէ, այլ իրենց հավասար բարեկամ և իրենց ընկեր:
Շատ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ ծնողների և երեխաների փոխհարաբերությունները ամրագրվում են վերջիններիս վարքում և դրսևորվում են նրանց հետագա շփման մեջ: Նույնիսկ երեխայի հանդեպ ավտորիտար հարաբերությունների վրա հիմնված վերաբերմունքը, հարգանքի և արդարության բացակայության պայմաններում, բերում է նրան, որ երեխան վերարտադրում է այն իր հասակակիցների շրջապատում: Եվ հակառակը` այն երեխաները, որոնք դաստիարակվել են նորմալ պայմաններում, իրենց սեփական հարաբերությունները կառուցում են բարոյաէթիկական հիմքի վրա:
Երեխայի հոգեկանի զարգացումը մեծամասամբ կախված է կոնտակտներից, որոնք հաստատվում են երեխայի և ծնողների միջև: Երեք տարեկան երեխայի առաջատար գործունեությունը արդեն դերային խաղն է: Երեխան սկսում է «խաղալ» մեծերի հետ և ընդօրինակել նրանց:
Երեխայի անձի զարգացման համար կարևոր է ընտանեկան հարաբերությունների հարմոնիզացիան, ներդաշնակությունը: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ է ամուսնական և երեխա-ծնող հարաբերությունների խնդիրների գիտակցում և երեխայի դաստիարակության վրա ընտանիքի ազդեցության ներդաշնակեցում:
Այս ամենը հաշվի առնելով` պարզ է դառնում, որ ներընտանեկան հարաբերությունների բնույթը մեծ ազդեցություն է թողնում երեխայի զարգացման վրա, իսկ քանի որ երեք տարեկանը երեխայի անձի ձևավորման ամենասենզիտիվ շրջաններից է, ակնհայտ է, որ այդ ազդեցությունն էլ ավելի ուժեղ է: Երեխան նոր հարաբերությունների մեջ է մտնում աշխարհի և մարդկանց հետ, նորովի է ընկալում իրեն շրջապատող աշխարհը և դրանում առկա հարաբերությունները, իր ընկալումը անցնում է արդեն սեփական «ես»-ի ֆիլտրի միջով` ձևավորելով հենց այդ «ես»-ը: Այն, թե ինչպես երեխան կհաղթահարի երեք տարեկանի ճգնաժամը և ինչպիսի առանձնահատկություններ կունենա երեխայի անձը հետագայում, մեծամասամբ կախված է երեխային շրջապատող մեծահասակներից, առաջին հերթին` ծնողներից և ընտանիքի մյուս անդամներից և ընտանիքում տիրող հարաբերությունների որակից ու տեսակից:
Հոդվածի հեղինակ՝ հոգեբան Արմինե Հայրապետյան