Ինչպե՞ս ընտրել հոգեբան

Հ.գ.թ, դոցենտ, հոգեբան-խորհրդատու Մանե Հակոբյանի հեղինակային հոդվածը

Շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ընտրել հոգեբան», կամ «Ուզում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ ինչի՞ց սկսել», «Ինչպե՞ս իմանամ, որ հոգեբանն է լավ, որը վատ» և այլն: Կփորձեմ պատասխանել այդ հարցերին:

Հոգեբան ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերին.

  • Հոգեբանը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթություն և այն հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ: Եթե կասկածում եք Ձեր առջև նստած մարդու մասնագիտական բանիմացությանը, խնդրեք նրա մասնագիտացումը հաստատող փաստաթուղթը:
  • Բացի հոգեբանի դիպլոմից՝ ցանկալի է, որ հոգեբանն ունենա մասնագիտական անդամակցություն: Այսօր, Հայաստանում հոգեբանի դիպլոմ ունեն շատերը, սակայն ոչ բոլորն են կարողանում աշխատել պրակտիկայում, այսինքն իրականացնել հոգեբանական խորհրդատվություն: Հոգեբանական բարձրագույն կրթությունը այն հիմքն է, որի հիման վրա հոգեբանը շարունակում է իր ուսումը և համապատասխան վերապատրաստումների, որակավորման բարձրացման և վերաորակավորման հիման վրա ձեռք բերում Հոգեբան-խորհրդատուի մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ: Հետբուհական այդ կրթությունը հոգեբանները, որպես կանոն, ստանում են իրենց մասնագիտական միությունների ներսում:
  •  Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, բանիմաց, իրենց գործին տիրապետող հոգեբանները միավորվում են մասնագիտական միություններում: Տվյալ հոգեբանի մասնագիտական տվյալների մեջ կոնկրետ մասնագիտական միության անդամակցությունը՝ օրինակ հոգեբանների միություն, տրանսակտ վերլուծության ասոցիացիա և այլն, խոսում է հօգուտ տվյալ մասնագետի որակավորման, բայց, իհարկե, լիովին չի երաշխավորում նրա որակը:
  • Հոգեբանի պատկանելիությունը մասնագիտական այս կամ այն միությանը այցելուին տեղեկություն է տալիս այն մասին, թե հոգեբանական որ ուղղության ներկայացուցիչ է տվյալ հոգեբանը, օրինակ հոգեվերլուծաբան, կոգնիտիվ վարքաբան, հիպնոթերապևտ, ՆԼԾ-ի մասնագետ, տրանսակտ վերլուծող և այլն:
  • Վերոնշյալ ուղղությունները՝ պայմանավորված տարբեր այցելուների անձնային առանձնահատկություններով, կարիքներով, հոգեբանական խնդրի տեսակով, հոգեբանական աջակցության տարբեր եղանակներ են առաջադրում: Լավ և վատ մեթոդ չկա, մեթոդը լավն է, եթե այն կիրառվում է տեղին և ծառայում նպատակին: Հոգեբանական բոլոր մեթոդները ստեղծվել են, որպեսզի օգնեն մարդուն լուծելու իր հոգեբանական խնդիրները: Պայմանավորված մարդկանց անձնային առանձնահատկություններով, հոգեբանական պրոբլեմի ձևով, դրա լուծման հնարավորություններով, այն ժամանակով, որ մարդը կարող է տրամադրել իր խնդրի լուծմանը՝ տարբեր մարդկանց համար նախընտրելի է այս կամ այն ուղղության ներսում գործող մեթոդները:
  • Շատ կարևոր է տարբերակել հոգեբաններին էքստրասենսներից, մոմ թափողներից, պայծառատեսներից, գուշակներից, թուղթ ու գիր կապող-քանդողներից: Հոգեբանը չի զբաղվում նշված երևույթներով, նա աշխատում է բացառապես հոգեբանական մեթոդներով:
  • Որպեսզի հասկանաք, թե ով է հոգեբանը, ում պատրաստվում եք դիմել, ցանկալի է նախապես ծանոթանալ տվյալ մասնագետի աշխատանքային ինքնակենսագրությանը՝ /CV, ռեզյումե/, որը շատ հոգեբաններ տեղադրում են ինտերնետում, բժշկական կայքերում, հոգեբանական կենտրոնների կայքերում: Այս CV-ներում, որպես կանոն, նշված է լինում մասնագետի կրթությունը, այն ուղղությունը, որի շրջանակում նա աշխատում է, կոնտինգենտը, ում հետ նա աշխատում է, օրինակ մեծերի, երեխաների, ամուսնական զույգերի, աուտիկների, հատուկ կարիքներով երեխաների և այլն: Դրված է լինում հոգեբանի լուսանկարը, որը ևս որոշակի կողմնորոշիչ նշանակություն ունի, քանի որ այցելուին պարզ է դառնում հոգեբանի տարիքը և առաջանում են որոշակի զգացմունքներ՝ համակրանք, հակակրանք, անտարբերություն, որոնք ի սկզբանե կողմնորոշում են մարդուն, թե ում հետ է նա գործ ունենալու: Իհարկե, սկզբնական այս տպավորությունները շատ սուբյեկտիվ են, դրանցում առկա է ֆանտազիայի մեծ չափաբաժին, բայց այն կարևոր է այնքանով, որ մարդը որոշակի հանգստություն է ապրում, վստահություն է զգում պատրաստվելով առաջիկա հանդիպմանը: Շատ հոգեբաններ ինտերնետում նշում են իրենց հեռախոսահամարը և հնարավորություն են տալիս անմիջականորեն կապվել իրենց հետ, մյուսները գերադասում են հոգեբանական կենտրոնի միջնորդությունը: mental-health-counseling-job-description

 Հոգեբանի հետ հանդիպման ընթացքում կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ փաստերին.

  1.  Որքանո՞վ է հոգեբանը ապահովում Ձեր հոգեկան կյանքի անվտանգությունը, ընդունում է Ձեզ արդյո՞ք առանձին կաբինետում, պահպանու՞մ է արդյոք զրույցի գաղտնիության պայմանները, չի՞ վերածում հոգեբան-այցելու հանդիպումը ընկերական զրույցի մեկ գավաթ սուրճի շուրջ, պահպանու՞մ է մասնագետ-այցելու դիստանցիան:
  2.  Լսարանը, սրճարանը, փողոցը, այգին, կինոթատրոնը, զբոսանքը քաղաքից դուրս, հոգեբանական սեանսների համար նախատեսված վայրեր չեն և եթե Ձեզ առաջարկվում է նմանատիպ ֆորմատ, ցանկալի է խուսափել նման հոգեբանի հետ հանդիպելուց: Հոգեբանն իր այցելուին չի հրավիրում ժամադրության, ծննդյան տարեդարձի, հարսանիքի, ընթրիքի, չի ընդունում նման հրավերքներ իր այցելուներից: Հոգեբանը չի այցելում մարդկանց տներ: Այցելուն ինքն է գնում հոգեբանի կաբինետ, բացառապես մահամերձ հիվանդների և այն մարդկանց, ովքեր բարցարձակապես զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից:
  3.  Հոգեբանը գումար է վերցնում իր ծառայությունների համար, այլ ոչ՝ նվերներ, ծաղկեփնջեր, բնամթերք և այլն, նա աշխատում է «պարտքի տակ չթողնել» այցելուին: Առանձին դեպքերում նա իհարկե կարող է հրաժարվել հոնորարից: Բայց դրանք բացառիկ դեպքեր են:
  4.  Հոգեբանն ազնիվ է իր այցելուի հետ, չի խաբում նրան, չի համոզում, չի գայթակղում:
Երբ արդեն հոգեբանի կաբինետում եք, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.
  •  Ինչպե՞ս է նա հասկանում Ձեր խնդիրը, ի՞նչ նախնական պլան, լուծման ուղի է առաջադրում, ինչպե՞ս է նա տեսնում Ձեր խնդրի լուծումը: Եթե հոգեբանական խորհրդատվության առաջին հանդիպման արդյունքում այցելուն չի գտնում այդ հարցի պատասխանը շատ դեպքերում վստահությունը տվյալ մասնագետի նկատմամբ իջնում է:
  • Եթե կասկածներ ունեք մասնագետի կոմպետենտության շուրջ, ապա իրավունք ունեք առաջին հանդիպման ընթացքում պահանջել, որ հոգեբանը ներկայացնի հոգեբանական կրթության մասին վկայական, բացատրի այն մեթոդը, որն ինքը կիրառում է, ինչու չէ նաև հիմնավորի, թե ինչու է ինքը կարծում, որ իր մեթոդն է ձեր խնդրի լուծման ամենալավ ուղին:
  • Հոգեբանական խորհրդատվության առաջին հանդիպման ավարտին հոգեբանը և այցելուն որոշակի համաձայնության են գալիս հետագա աշխատանքի վերաբերյալ, որպես կանոն, ճշգրտում են շաբաթական այցելությունների քանակը, օրը, տեղը, ժամը, դրանց համար վճարվելիք գումարի չափը: Դրանով առաջին այցելությունը հոգեբանին ավարտվում է:

Հոդվածի հեղինակ հ.գ.թ, դոցենտ, հոգեբան-խորհրդատու Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.