Ամանորյա հաշվետվություն, թե՞ ներքին երկխոսություն. ընտրությունը ձերն է
Տարեվերջին մարդիկ հաճախ են սկսում ամփոփել անցածը, պատեկարցնել ապագան՝ հայացքն ուղղելով ներսը։ Հատկապես դեկտեմբերի վերջին օրերին, համընդհանուր վազքի մեջ լարվածություն է առաջանում։ Երբեմն մարդիկ սպասում, որ 00։00-ից հետո նրանց կյանքը լիովին փոխվելու է և ամեն բան սկսվելու է մաքուր էջից։ Դա մարդու ներսի փոքրիկն է դրսևորվում, ով ուզում է հավատալ, որ գոյություն ունի մի բարի ուժ, որը կգա ու կլուծի բոլոր դժվարությունները, կպատասխանի բոլոր հարցերին։
Բայց ինչո՞ւ է այդ զգացումը տագնապ առաջացնում
Տագնապը գալիս է այն պատասխանատվությունից, որը մարդիկ դնում են «Նոր տարվա» և իրենց վրա։ Նրանք պահանջում են իրենցից լինել ավելի լավը, ավելի հաջողակ, ավելի երջանիկ հենց հաջորդ օրվանից։ Մարդու ներաշխարհն իր տեմպն ունի, որ հազվադեպ է համընկնում օրացույցի թվերի հետ։ Հունվարի 1-ը ոչ թե զրոյացման կետ է, այլ հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես է մարդու անցած ճանապարհը դառնում այն հիմքը, որի վրա շարունակելու է կառուցել իր պատմությունը։
Ի՞նչ անել այս օրերին
Մեղմացնել սպասումները
Թույլ տվեք, որ Ամանորը լինի պարզապես օրացուցային փոփոխություն, այլ ոչ թե սեփական ձեռքբերումների խիստ հաշվետվություն։ Դուք պարտավոր չեք «նոր կյանք» սկսել․ երբեմն պետք է պարզապես մի պահ կանգ առնել, խորը շունչ քաշել և ժամանակ տալ ինքներդ ձեզ։
Շնորհակալ լինել Ձեզ
Ցուցակներ գրելու փոխարեն՝ կարող եք մի պահ կանգ առնել ու նայել դեպի ներս․ ի՞նչ իրադարձություններ են եղել ձեր կյանքում․ ինչպե՞ս եք դիմակայել, ինչպե՞ս եք երջանկացել, ինչպե՞ս եք տխրել ու ինչպե՞ս եք նորից ուժ գտել ժպտալու։ Իրական հրաշքը հենց ձեր ներքին աճն է ու ինքնաճանաչումը, որ տեղի են ունեցել՝ անկախ օրացույցի թվերից։
Փոխել «կախարդանքի» ուղղությունը
իրական կախարդանքը ոչ թե «հունվարի 1»-ի մեջ է, այլ այն ներքին թույլտվության, որ դուք տալիս եք ինքներդ ձեզ՝ լինելու անկատար, լինելու հոգնած, բայց միևնույն ժամանակ՝ սիրված ձեր իսկ կողմից։ Այս տարի փորձեք ոչ թե սպասել հրաշքի, այլ դարձեք այն «բարի ծնողը» ձեր «ներքին երեխայի» համար, ով կասի. «Կապ չունի՝ ինչ կլինի ժամը 12-ից հետո, կարևորը՝ ես քո կողքին եմ»։