ՉԿԱՆ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՆ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Գրանցվել խորհրդատվության

Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան,

 մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ

– Ի՞նչ հանգամանքներ և գործոններ պետք է առավել կարևորել մասնագիտություն ընտրելիս:

 – Մասնագիտություն ընտրելիս, նախ և առաջ, պետք է հաշվի առնել սեփական ընդունակությունները, հետաքրքրությունները և անձնային առանձնահատկությունները, որից հետո հասկանալ, թե որքանով են այդ որակները համընկնում նախընտրած մասնագիտության ներկայացրած պահանջների հետ: Օրինակ, ինտրովերտ անձը, ով  ունի հակվածություն դեպի ներս, դեպի իր ներաշխարհը, սիրում է ստեղծագործել, տարվել իր մտքերով, կդժվարանա աշխատել սպասարկման ոլորտում, որտեղ պետք է լինել շատ ակտիվ, շփվող, ուղղված դեպի արտաքին աշխարհը: Մեկ ուրիշ մասնագիտության մեջ, որտեղ այլ որակներ են պահանջվում, գուցե ինքը կլինի իդեալական:  Խառնվածքով ծնվում են, որն էլ հետագայում առաջացնում է որոշակի անձնային առանձնահատկություններ: Մասնագիտական կողմնորոշումը պետք է հիմնվի անձի առավել կայուն որակների վրա, որոնք հետագայում շատ քիչ փոփոխություններ կկրեն:

Պետք է կարևորել նաև մասնագիտության պահանջարկը: Կան մահացող մասնագիտություններ, որոնք ժամանակին պահանջված են եղել, բայց ներկայում տեղ չունեն տվյալ երկրում, ինչպես նաև կան նոր, նախկինում բացակայող մասնագիտություններ: Մասնագիտության ընտրության հարցը, առհասարակ, պետք է լուծել հետևյալ սխեմայով՝ «Այն, ինչ ես ուզում եմ», «Այն, ինչ ես կարող եմ»  և «Այն, ինչ որ պետք է»: Հարկավոր է հասկանալ, թե որտեղ են այդ երեք բաղադրիչները համընկնում, որ մասնագիտական ոլորտն է ներառում այդ երեքն էլ:

– Իսկ ինչպե՞ս կողմնորոշվի այն անձը, ում ընդունակությունները չեն համընկնում իր նախասիրությունների հետ: Օրինակ, անձն ունի ընդգծված երաժշտական տաղանդ, բայց ապագայում իրեն տեսնում է միայն տնտեսագետի դերում:  

 Անձը պետք է իմանա, որ իր ընդունակությունների շնորհիվ նա անհամեմատ արագ կարող է հաջողության հասնել այդ ոլորտում, քան այլ մասնագիտական դաշտում:  Բնատուր տաղանդի դեպքում տվյալ մասնագիտությունն ավելի հեշտ է տրվում մարդուն: Իհարկե, ընդունակությունները կարելի է զարգացնել, բայց դա ավելի երկար և աշխատատար գործընթաց է:

Ընդունակությունները, հետաքրքրությունները, անձնային առանձնահատկությունները պետք է  դիտարկել համալիր ձևով: Գոյություն ունի մասնագիտական դաշտ, մասնագիտական տիպեր, պետք է հասկանալ, թե անձը կոնկրետ որ մասնագիտական տիպին է պատկանում: Կան մասնագետներ, ովքեր հետազոտելով դեռահասի ընդունակությունները, նախասիրությունները և անձնային առանձնահատկություները, հասկանում են, թե այդ որակները ինչպես են համատեղվում կոնկրետ մասնագիտության պահանջների հետ:

 – Որո՞նք են այն գործոնները, որոնց ազդեցության ներքո  դեռահասը կատարում է իր բնույթին և ընդունակություններին  չհամապատասխանող մասնագիտության սխալ ընտրություն:

– Հիմնականում սխալ ընտրության պատճառ է դառնում նորաձև մասնագիտությանը հետևելը` առանց հաշվի առնելու սեփական կարողությունները: Առհասարակ, պետք է կարևորել մասնագիտությունների պահանջարկը, բայց խաբուսիկ մի բան կա, երբ թվում է, թե մասնագիտությունը շատ մեծ պահանջարկ ունի, և մեծ թվով մարդիկ գնում են այդ ուղղությամբ: Արդյունքում, նրանցից շատ շատերը մնում են գործազուրկ, քանի որ իրականում պահանջարկը այդքան էլ մեծ չէր, որ ապահովեր բոլորին աշխատատեղերով: Այդպես եղավ տնտեսագիտության և իրավաբանության ոլորտներում: Առհասարակ, չկան լավ ու վատ մասնագիտություններ, կան պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ պրոֆեսիոնալ լինելու համար պետք է ունենալ տվյալ մասնագիտությանը համապատասխան անձնային որակներ:

 Հաջորդ կարևոր գործոնը ինֆորմացիայի պակասն է, որը մեծացնում է սխալվելու հավանականությունը: Այդպես, դեռահասը որոշում է դառնալ բանկի կառավարիչ, որովհետև վերջինս շատ գումար է աշխատում, և նա միայն գիտի, որ կառավարիչ լինելու համար ինքը պետք է դառնա տնտեսագետ: Բայց այդ դեռահասը չգիտի բանկի կառավարիչն ինչ գործունեություն է անում, ինչ պայմաններում է աշխատում, ինչ հատկություններ են հարկավոր կառավարման համար: Այդ անիրազեկությունը հետագայում մասնագիտությունից հիասթափության պատճառ կարող է դառնալ: Երեխային դեռ վաղ տարիքից պետք է նախապատրաստել և տալ սպառիչ ինֆորմացիա մասնագիտությունների մասին: Շատ եմ կարևորում մասնագիտական այցելությունները  դեպի գործարաններ, աշխատանքային տարբեր միջավայրեր, որտեղ կարելի է ներսից հասկանալ կոնկրետ մասնագետների գործունեությունը:

– Իսկ ի՞նչ ազդեցություն են ունենում ծնողները դեռահասի մասնագիտական կողմնորոշման հարցում:

 – Ծնողների դերն այս հարցում շատ մեծ է՝ սկսած խանգարելուց մինչև շատ մեծ օգնություն ցուցաբերելը: Ծնողը, բնականաբար, ավելի լավ է ճանաչում իր երեխային, և ենթադրվում է` նա ավելի լավ պետք է իմանա նրա ընդունակությունները, հետաքրքրություններն ու անձնային առանձնահատկությունները: Եթե ծնողն այս ամենը հաշվի է առնում, պետք է որ ճիշտ լինի նրա խորհուրդը, բայց շատ դեպքերում ծնողներն առաջնորդվում են այլ սկզբունքներով: Նախկինում նրանք ցանկացել են ձեռք բերել որևէ մասնագիտության, չի հաջողվել, և այժմ ուզում են, որ իրենց ժառանգն իրականացնի մասնագիտական այդ երազանքը` առանց հաշվի առնելու երեխայի անհատականությունը: Ստացվում է, որ ծնողը պրոյեկտում է երեխայի վրա որոշակի ցանկություններ և որակներ, որոնք նա իրականում չունի:

– Իսկ ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել մասնագիտության սխալ ընտրությունը:

– Սխալ ընտրություն կատարած մարդիկ աշխատանքի մեջ իրենց զգում են չբավարարված, անարդյունավետ, աշխատանքի մոտիվացիան ցածր է, ոգևորող գործոնը միայն ֆինանսն է: Չկա ներքին մղում մասնագիտության մեջ ինքնակատարելագործվելու, անընդհատ նորն իմանալու, ինքնաիրականանալու: Կարող են առաջանալ սոմատիկ հիվանդություններ, աշխատանքի ժամանակ գլխացավեր, հոգնածության մշտական զգացողություն: Պարզապես, այդ մարդիկ ներքուստ մերժում են այն գործունեությունը, որով իրենք զբաղվում են:

– Բայց արդյո՞ք նման խնդիրները պայմանավորված են միայն մասնագիտության ընտրությամբ, չէ՞ որ նույնիսկ ճիշտ մասնագիտության դեպքում որոշակի հանգամանքների պատճառով սեփական գործունեությունը կարող է դառնալ տհաճ և անարդյունավետ:

– Ենթադրվում է, որ ամենակարևոր հանգամանքը սխալ ընտրված մասնագիտությունն է, բայց կան էլի գործոններ, որոնք միասին հանդես գալու պարագայում կարող են իջեցնել աշխատանքի արդյունավետությունը: Այդպիսի գործոններ են` աշխատավարձը, կոլեկտիվը, տվյալ ընկերությունում ղեկավարման ոճը: Բնական է, ճիշտ մասնագիտություն ընտրելու դեպքում չի կարելի համարել, որ ամեն ինչ պետք է իդեալական լինի, բայց շատ ավելի մեծ է հավանականությունը, որ անձը հաջողությունների կհասնի այդ ոլորտում:

– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ և տարբերակել՝ խնդիրներն առաջացել են սխալ մասնագիտություն ընտրելու հետևանքով և խելամիտ կլինի փոխել մասնագիտությունը, թե՞ պետք է, այնուամենայնիվ, հարմարվել և փորձել ինչ-որ կերպ «տեղավորվել» ձեռք բերված մասնագիտության մեջ:

– Ամեն ինչ պայմանավորված է խնդրի բնույթով: Եթե մարդը հասկանում է, որ ինքն այլևս չի կարողանում այդ մասնագիտության մեջ ինքնաիրականանալ, դժվարությամբ է գնում աշխատանքի, մոտիվացիան միայն ֆինանսն է, չի հասկանում, թե այդ գործունեությունը ինչ է իրեն տալիս, ապա ճիշտ կլինի երկրորդ անգամ մասնագիտություն ընտրել: Շատ է լինում, երբ բակալավրիատն ավարտած ուսանողը որոշում է մագիստրատուրան շարունակել այլ ոլորտում: Այստեղ շատ կարևոր է ինքնակրթությունը:

Հարցազրույցը վարեց Արփինե Դանիելյանը 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.