ԴԵՌԱՀԱՍՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գրանցվել խորհրդատվության

Հարցազրույց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի
հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանի հետ

– Ո՞ր տարիքից է պետք լրջորեն մտածել մասնագիտության ընտրության մասին:

-Մասնագիտության ընտրության հարցը կրթության ամենաառաջին տարիներից էլ դրվում է, իսկ արդեն 14 տարեկանում դեռահասը պետք է կողմնորոշված լինի, թե որ մասնագիտության մեջ է իրեն տեսնում ապագայում: Կրթական համակարգով պայմանավորված՝ դեռահասն այդ տարիքում ավագ դպրոց կամ մասնագիտացում է ընտրում, և այդ ընտրությունը պետք է նպատակային և խելամիտ լինի: Եվրոպական տարբեր երկրների դպրոցներում դասավանդվում են հատուկ առարկաներ (ինչպես օրինակ հասարակագիտությունն է), որոնց շրջանակներում երեխաներին դեռ վաղ հասակից նախապատրաստում են մասնագիտության ընտրությանը, ծանոթացնում են մասնագիտություներին, դրանց ներկայացրած պահանջներին և տվյալ երկրում առկա պահանջարկին: Սա մեզ մոտ ցավոտ և ռիսկային հարց է, քանի որ մենք դեռ չունենք այդ մշակույթը: Իսկապես, սա խնդիր է, և պետք է լուրջ մոտեցում լինի բոլորի կողմից:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դեռահասը 14, 15 տարեկանում ընդունակ է ճիշտ կատարելու իր կյանքի, թերևս, ամենապատասխանատու քայլերից մեկը:

-Կարծում եմ՝ կարող է: Այո, համաձայն եմ, իսկապես շատ պատասխանատու քայլ է, բայց ամեն դեպքում  դարերով է եկել այն փաստը, որ մարդը հենց այդ տարիքում պետք է մասնագիտական ընտրություն կատարի:  Մասնագիտական կողմնորոշման ծառայության շրջանակներում շփվելով այդ տարիքային խմբի հետ` տեսնում ենք, որ դեռահասն ունի շատ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան որոշում կայացնել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար: Եթե տվյալ դեռահասի մոտ ցածր է պատասխանատվության զգացումը, ապա պետք է աշխատանք տանել այդ ուղղությամբ, այլապես այդ որակը կուղեկցի նրան հետագա ողջ կյանքում: Այո, դեռահասը կարող է ընտրել մասնագիտության ընդհանուր ոլորտ, իսկ մասնագիտացումը պետք է նա հստակեցնի ավելի ուշ, երբ առավել ծանոթ կլինի մասնագիտության առանձնահատկություններին:

– Իսկ ինչպե՞ս վարվի այն դեռահասը, ով ընտրել է իր կարողություններին և հակումներին առավելագույնս համապատասխանող մասնագիտություն, բայց իր որոշումը դարձել է ծնողների հետ լուրջ կոնֆլիկտի պատճառ:

-Եթե դեռահասն իր որոշումը կայացրել է հետազոտության արդյունքում և մասնագետի օգնությամբ, ապա կարելի է հրավիրել ծնողներին, ներկայացնել բոլոր այն գործոնները, որոնց հիման վրա ընտրվել է այդ մասնագիտությունը, և բացատրել, թե ինչ խնդիրների առաջ հետագայում կարող է կանգնել երեխան, եթե սխալ լինի ընտրությունը: Այս պարագայում մեծ է հավանականությունը, որ ծնողները կհասկանան և կընդունեն: Եթե դեռահասի որոշումը կայացվել է ինքնուրույն, առանց մասնագետի, ապա այդ բացատրական ֆունկցիան նա ինքը պետք է կատարի: Ծնողներին պետք է հանգամանալից ներկայացնել, բացատրել և հիմնավորել սեփական ընտրությունը` մատնանշելով բոլոր այն գործոնները, որոնք հաշվի են առնվել ընտրություն կատարելիս:

– Նույն իրավիճակը  դիտարկենք հակառակ տեսանկյունից. ինչպե՞ս վարվեն այն ծնողները, երբ իրենց կողմից մշակված, հանգամանալից մտածված և ամենաճիշտը թվացող տարբերակը մերժվում է զավակի կողմից:

-Սա իսկապես լուրջ խնդիր է, երբ ստիպում են դեռահասին անել մի բան, որն իրենը չէ: Այդ տարիքում արդեն ծնողները պետք է ընդունեն և հաշվի նստեն իրենց երեխայի անհատականության և կարծիքի հետ: Ավտորիտար ոճով երեխայի հետ շփումը հետագայում կբերի շատ խնդիրներ նրա համար: Անգամ եթե ծնողները ճիշտ են  կողմնորոշվել իրենց երեխայի մասնագիտության հարցում, այնուամենայնիվ, եթե երեխան համաձայն չէ, ապա պետք չէ ստիպողաբար, կոնֆլիկտով ուսում սկսել:  Հետագայում,  նա աշխատանքային իր խնդիրների համար միշտ կմեղադրի ծնողներին:  Լինում են դեպքեր, երբ երեսուն տարեկանում մեզ դիմում են նոր մասնագիտություն ձեռք բերելու համար, և պարզվում է, որ ժամանակին իրենք որոշում են կայացրել ծնողների դրդմամբ:

– Խոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող է մասնագետը օգնել մասնագիտության ընտրության  խնդրի առջև կանգնած դեռահասին:

-Դեռահասի համար, իսկապես, դժվար խնդիր է ճիշտ կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում և ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելապես համապատասխան և հեռանկարային կլինի իր համար: Մասնագետի հետ այս խնդիրն անհամեմատ արագ և արդյունավետ է լուծվում: Մեր կենտրոնում  տարբեր հետազոտությունների արդյունքում բացահայտում ենք անձի ընդունակությունների ոլորտը, հետաքրքրությունները, անձնային առանձնահատկությունները և մասնագիտական տիպերը: Երբեմն անձին առաջարկում ենք նույն մասնագիտական տիպի մեջ մի քանի մասնագիտություններ:

Մեր կենտրոնի մասնագետներին կարող են դիմել բոլոր այն անձինք, ովքեր կանգնած են մասնագիտության ընտրության առաջ, ովքեր ուզում են ընտրել նեղ մասնագիտացում, և նրանք, ովքեր ուզում են փոխել իրենց մասնագիտությունը:

– Ի՞նչ է ներառում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը:

-Ընդհանրապես, մասնագիտական կողմնորոշման գործընթացը ենթադրում է բժշկական, հոգեբանական և մանկավարժական համալիր հետազոտություն: Տարբեր երկրներում այս երեք մասնագետներն էլ ներառվում են գործընթացի մեջ: Մեզ մոտ միայն հոգեբաններն են այս հարցով զբաղվում, ինչպես նաև որոշ դպրոցների սոցիալական աշխատողները:

Մեր կենտրոնում մասնագիտական կողմնորոշումը երկու հիմնական բաղադրիչ է ներառում՝ 1. հետազոտական, 2. տեղեկատվական: Անձի ընդունակությունները, անձնային որակները հետազոտելուն զուգահեռ մենք ինֆորմացիա ենք տրամադրում մասնագիտությունների աշխարհի մասին, ներկայացնում ենք մասնագիտական պահանջները, պայմանները, աշխատաշուկայում եղած պահանջարկը, զարգացման միտումները, ինչպես նաև տվյալ մասնագիտությունը ձեռք բերելու եղանակները: Մասնագիտական կողմնորոշման գործընթացը տևում է երկու օր, որից հետո արդյունքները գրավոր եզրակացության տեսքով տալիս ենք հետազոտվող անձին:

– Կպատմե՞ք կենտրոնում կիրառվող հետազոտական մեթոդների մասին:

-Որպես մեթոդ՝ կիրառում ենք հարցազրույցը, թեստավորումը և պրոյեկտիվ մեթոդիկաները:

Մեր մասնագետները կիրառում են «Պրոֆեսիանս» պրոյեկտիվ քարտային- խաղ մեթոդիկան, որն առավել լայն հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր մասնագիտությունների առարկաների, նպատակների, միջոցների և պայմանների հետ: Այս բոլորը փորձարկվողը տեսնում է քարտերի միջոցով, որոնք հետազոտական նպատակից բացի նաև գիտելիքներ են հաղորդում մասնագիտական աշխարհի մասին: Սա շատ հետաքրքիր, արդյունավետ մեթոդիկա է, որը կիրառելու համար մեր մասնագետները վերապատրաստում են անցել Ռուսաստանից ժամանած մասնագետների կողմից:

– Մասնագիտական կողմնորոշման գործընթացում արդյո՞ք պարտադիր է դեռահասի ծնողների ներկայությունը:

-Պարտադիր չէ, բայց ցանկալի է: Մենք խրախուսում ենք նրանց ներկայությունը, քանի որ հետազոտության ընթացքում ծնողներն առավել խորությամբ են ճանաչում իրենց երեխաներին: Բացի դրանից` ծնողները  ստանում են իրենց հարցերի պատասխանները` կապված զավակի ապագա մասնագիտական ճանապարհի հետ: Ամեն դեպքում, հետազոտության կենտրոնում  երեխայի անձն է, ծառայություն ստացողը, ով պետք է տեսնի և հասկանա, որ իր ապագան պայմանավորված է միմիայն սեփական ռեսուրսներով, ընդունակություններով և ունեցած հետաքրքրություններով:

Հարցազրույցը վարեց Արփինե Դանիելյանը