Ե՞ՐԲ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻՆ

Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:

Շատ հաճախ հոգեբանին դիմելու պատճառ հանդիսանում են մարդու կյանքում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններն ու լուրջ փոփոխությունները, որոնց հակազդման համար ինքը չունի համապատասխան հմտություններ: Դրանք սեփական պատկերացումներից, սպասելիքներից  դուրս անսովոր վիճակներ են, որոնք անձը ի զորու չէ փոխել, բայց և հարմարվելը դրանց թվում է անհնար: Կյանքի այդ մարտահրավերներին դիմակայելու համար մարդը պետք է վերակառուցի իր արժեքային համակարգը և փոփոխի վարքի ստանդարտ ձևերը: Դրանք հաճախ բացասական միջադեպեր են` հարազատի կորուստ, ընտանիքի փլուզում, բռնություն, բայց երբեմն դրական իրադարձությունները ևս դառնում են սթրեսածին լուրջ հանգամանքներ` երեխայի ծնունդ, պաշտոնի բարձրացում, բնակավայրի փոփոխություն:

Որպես սոցիալական էակ՝ անձի հոգեկան ներդաշնակության և ամբողջականության համար խիստ կարևոր են նրա ճիշտ փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները միջավայրի հետ: Երբեմն անձը սկսում է  անհարմարություն զգալ առօրեական շփումներից, խուսափում է հանդիպումներից, մտերմիկ զրույցներից, կոնֆլիկտային են դառնում նրա շփումները նույնիսկ սիրելի մարդկանց հետ: Այս իրավիճակները ևս կարող են արդյունավետորեն հաղթահարվել հոգեբանական/հոգեթերապևտիկ միջամտությամբ:

Պատահում է նաև այնպես, որ  անձը, առանց ընդգծված կենսական դժվարությունների, իրեն զգում է փակուղու առջև, երբ սեփական գոյության իմաստը դառնում է անորոշ, նպատակները՝ արժեզրկված, ունեցածը՝ անբավարար:

Առաջացած խնդիրները լուծել ինքնուրույն, թե հոգեբան/հոգեթերապևտի պրոֆեսիոնալ աջակցությամբ՝ ամեն անձի անհատական որոշումն է: Ամեն դեպքում պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորինս արագ վերականգնել ներքին անդորրը:

Այն խնդիրներն ու իրավիճակները, որոնց  դեպքում պետք է դիմել հոգեբանին, շատ բազմազան են: Այնուամենայնիվ,  փորձել ենք համակարգել դրանք՝ հաշվի առնելով չափահաս անձանց և երեխաների հոգեբանական խնդիրների առանձնահատկությունները:

Չափահաս անձանց առնչվող խնդիրներ.

  • Անձնային աճ, ինքնազարգացում
  • Ինքնագնահատականի խնդիրներ, անվստահություն, թերարժեքության բարդույթներ
  • Տագնապ, վախ, ֆոբիա
  • Տարիքային ճգնաժամեր
  • Սթրես, դեպրեսիա, քրոնիկ հոգնածություն
  • Կորուստ, վիշտ, տրավմա
  • Աշխատանքային սթրես
  • Ուշադրության, կենտրոնացման, հիշողության խնդիրներ
  • Միջանձնային հարաբերություններում խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ
  • Մինչամուսանական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ
  • Հոգեսեռական խնդիրներ
  • Ծնողավարություն
  • Հոգեմարմնական խնդիրներ
  • Քաշի կառավարում, սննդային խանգարումներ և սննդային ռեժիմի փոփոխություն
  • Քրոնիկ հիվանդությանը հարմարվելու դժվարություններ
  • Վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)
  • Կյանքի իմաստի փնտրտուք, սեփական ես-ի բացահայտում
  • Կարիերայի կառուցում, մասնագիտական կողմնորոշում

 Երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ.

  • Վարքի խանգարումներ
  • Բարձր տագնապայնություն
  • Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
  • Զարգացման խանգարումներ
  • Մանկական աուտիզմ
  • Հետտրավմատիկ սթրես
  • Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
  • Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Կակազություն, խոսքի խնդիրներ
  • Անհանգիստ քուն
  • Ուշադրության, կենտրոնացման խնդիրներ
  • Հասակակիցների հետ շփման խնդիրներ
  • Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
  • Քաշի խանգարումներ
  • Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)
  • Դեռահասների մասնագիտական կողմնորոշում

Վերոնշյալ խնդիրները, որպես կանոն, լուծվում են հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ միջամտության շրջանակներում:

20