Ռուբեն Պողոսյան. «Ջազն օգնում է ազատվել սթրեսից»

Նյութի աղբյուրը՝ www.aravot.am

«Սոցիալական բնույթի նեւրոզները ոչ ադեկվատ ակտիվություն են, որոնք հոգեկան մեծ էներգիա են խլում մարդուց: Դրանցից կարող են առաջանալ սթրեսներ եւ դեպրեսիաներ»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ներկայացնելով հետտոնական սթրեսների պատճառները, ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ամանորին պատրաստվելիս մարդիկ անպայման աշխատում են սեղաններին ունենալ բոլոր անհրաժեշտ ուտեստները. «Այսինքն, ասում են՝ սեղանն առանց չարազի ո՞նց կլինի… անպայման պետք է լինի՝ ինչ գնով էլ որ լինի, կամ առանց ապխտած բդի եւ տոլմայի ո՞նց կլինի…: Այստեղ մրցակցություն կարող է առաջանալ՝ բա որ չլինի՞: Այ սա կարող է սթրեսներ առաջացնել»:

Հոգեբանի խոսքով՝ Ամանորը սպասումների տոն է, որից հետո կյանքը նորովի է սկսվում. «Երբեմն հրաշքի պես են ուզում լինի: Եթե մի բան այնպես չի ստացվում, սնոտիություն է առաջանում՝ ուրեմն մի բան այնպես չեմ արե՞լ: Սա եւս սթրեսի պատճառ է: Բացի այդ, անընդհատ կրկնվող կերակուրը կամ անընդհատ տոնական մթնոլորտ ստեղծելը եւս կարող է սթրեսի հանգեցնել: 12 օր պահված ուտեստից պետք է ձերբազատվել: Բացի դրա հնանալուց եւ սննդային թունավորում առաջացնելու վտանգից, միօրինակությունը կարող է զզվանք առաջացնել: Պետք է հրաժեշտ տալ հին տարուն, հին կոշիկին, հին հագուստին եւ այլն»:

Այս ամենից հետո, ըստ Պողոսյանի, դատարկության զգացում է առաջանում. «Հանգստյան օրերը սթրեսածին են: Այն օրերին, երբ մարդը զբաղված չի, սթրեսի է ենթարկվում: Ըստ Ֆրանսիայում անցկացված հետազոտության՝ կիրակի օրերին ինքնասպանությունները շատանում են: Սա խոսում է այն մասին, որ սթրեսը դատարկության հետեւանք է, երբ մարդը չգիտի՝ ինչ անել»: Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս ոչ թե ձերբազատվել տոնական իրադարձությունից, այլ խոսել այդ մասին՝ տոներից հետո. «Պետք է ասվի տոնի վատ եւ լավ կողմերի մասին, թե ինչը հաջողվեց մարդուն եւ ինչը ոչ: Անգամ աշխատանքի վայրում է պետք այդ մասին խոսել: Միանգամից աշխատանքի անցնել խորհուրդ չի տրվում, բայց պետք է խոսել անցած տոնի, ձեռքբերումների եւ բացթողումների մասին»:

Ռուբեն Պողոսյանը սթրեսից ձերբազատվելու արդյունավետ միջոց է համարում ջազ լսելը. «Ջազային երաժշտության մեջ վերջակետեր չկան: Սա անձնական ընտրություն է, ինձ միշտ օգնել է: Ջազ կոչ եմ անում լսել հատկապես դիմորդներին քննություններից առաջ եւ հետո: Այն հետաքրքիր թերապիա է, որն ամեն ինչի շարունակականության եւ ռեալ կյանքի երանգ է հաղորդում»: Հոգեբանը հավելեց, որ իր այցելուներից ոմանք կիսում են այդ կարծիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/01/13/646839/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.