Նոր Տարի

Նոր տարին իսկապես ՆՈՐ դարձնելու հինգ միջոց

Հարազատների, ընկերների հետ ուրախ ժամանց, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ…ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին: Չնայած այդ լավատեսական տրամադրվածությանը՝ ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր սպասումներից շատերը այդպես էլ մնացել են չիրականացված երազներ: Բախվելով իրականությանը՝ Ամանորը շատերի համար վերածվում է անիմաստ իրադարձության, որի միակ հետևանքը  դատարկված դրամապանակից առաջացած գլխացավերն են:

Կարելի՞ է արդյոք Ամանորն իսկապես տոն դարձնել և  վերադարձնել հեքիաթի, հրաշքների գոյության այն հաճելի զգացումները, որոնք ապրել ենք մեր մանկության ժամանակ: Իհարկե, կարելի է, պետք է միայն հետևել մի քանի պարզ կանոնների.

  • Կազմեք ցանկությունների ցուցակ:  Վերցրեք նոթատետր և գրիչ, մի բաժակ թեյ կամ սուրճ պատրաստեք, հարմար նստեք Ձեր զարդարված տոնածառի մոտ և սկսեք երազել: Այո, այո, պետք է հենց երազել: Ազատություն տվեք Ձեր երևակայությանը: Գրեք այն ամենը, ինչ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՆԵԼ գալիք տարում: Ոչ թե այն, ինչ ուզում եք կատարվի, իրականանա, այլ այն ամենը, ինչը Ձեզնից է կախված, Ձեր կամքից, Ձեր ջանքերից: Երազանքները պետք է լինեն ազատ, գունավոր, վառ և գեղեցիկ:
  • Ամանորը տոնելու ստեղծագործական ծրագիր մշակեք: Ձեր հարազատների և ընկերների հետ մտածեք, թե ինչպես կարող եք ամանորյա գիշերը դարձնել անմոռանալի: Կազմակերպեք մրցույթներ, խաղեր, որոնք կստեղծեն իսկական տոնի մթնոլորտ: Ստեղծեք Ձեզ համար հրճվանքի պահեր, որոնք պայմանավորված կլինեն ոչ թե շամպայնի ըմպած գավաթների քանակով, այլ հարազատ, ջերմ և կրեատիվ միջավայրով:
  • Փոխեք տան մթնոլորտը: Կատարեք կահույքի տեղափոխություն, թարմացրեք վարագույրները, անցնող տարվա երջանիկ պահերի լուսանկարները փակցրեք տան պատերին: Այդ ամենը թույլ կտա ոչ միայն զարդարել տունը, այլ նաև վերաձևավորել Ձեր աշխարհընկալումը՝ որպես խթան ապագա փոփոխությունների համար:
  • Ամանորի գիշերը ինչ-որ նոր բան արեք: Սկսեք իրականացնել Ձեր փոփոխությունների ծրագիրը՝ ինչ-որ անսովոր, հետաքրքիր և հաճելի բան անելով: Օրինակ, փորձեք առաջին անգամ նվագել կիթառով, լուցկու տուփերով հետաքրքիր կերպարներ ստացեք, մի որևէ էկզոտիկ բաղադրատոմսով համեղ ուտեստ պատրատեք, Ամանորը տոնեք նոր երկրում և այլն: Կարևորը մի քայլով ընդառաջ գնացեք Ձեր երազանքների իրականացմանը՝ փոխելով Ձեր կարծրատիպերն ու քարացած համոզումները:
  • Ստեղծեք Ձեր երազանքների տեսանելի, շոշափելի մոդելները: Ամանորյա տոնածառը զարդարեք ոչ միայն փայլփլուն խաղալիքներով, այլ նաև Ձեր երազանքների փոքրիկ խորհրդանիշներով: Օրինակ, եթե Դուք ուզում եք գալիք տարում սովորել դայվինգ, տոնածառից կախեք բազմագույն ձկնիկ, ցանկանում եք Եգիպտոս գնալ, եղևնու մի ճյուղից կախեք փոքրիկ բուրգ: Կարևորն այն է, որ խորհրդանիշը հեշտ հիշվող լինի և համապատասխանի Ձեր պատկերացումներին: Ամանորի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, նայեք Ձեր երազանքների փոքր մոդելներին և պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականություն դառնում: Իսկ հունվարի մեկից վերադարձեք Ձեր ցանկությունների ցանկին և մանրամասն գրեք, թե երբ և ինչպես պետք է իրականացնեք Ձեր նպատակներից յուրաքանչյուրը:

Տարվա ընթացքում հետևողականորեն իրականացրեք ինքնակատարելագործման Ձեր այդ ծրագիրը, և Նոր տարին իսկապես կդառնա ՆՈՐ Ձեզ համար:

Նյութը պատրաստեց Տարաս Վավրիկը

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.