Յոգան և վերլուծական հոգեբանությունը

Յոգայի նկատմամբ արևմուտքի  հետաքրքրությունը սկսվում է անցյալ դարի կեսերից: Արևմուտքում յոգայի նկատմամբ հետաքրքրության առաջացման հիմնական շարժառիթ-պատճառը, ըստ Կ.Գ.Յունգի, հոգևոր-բարոյական կոնֆլիկտների սրումն էր, որը արդյունք էր ավանդական կրոնի` քրիստոնեության և քրիստոնեական եկեղեցու հասարակական կյանքի վրա ունեցած ազդեցության թուլացման: Եվրոպացու «մտքից ու վարքագծից աստվածայինի դուրս մղման» հետևանքով առաջացած հոգևոր դատարկության, բարոյական հակասությունների հանդեպ գիտությունը մնում էր անհաղորդ ու անտարբեր: Իսկ գիտության՝ հավատի և կրոնական կյանքի հետ միավորվելու ջանքերը (Քրիստոնեական գիտություն, թեոսոֆիա և անտրոպոսոֆիա) սահմանափակվեց ինտելուկտուալ շրջանակներով, չդարձավ հասարակության սեփականություն: «Կրոնական ուսմունքի և գիտական ճշմարտության միջև հակասությունը հոգեբանական տեսանկյունից ոչ մի հիմքեր չէր ունենա,-ասում է Յունգը,- եթե մի կողմից չլիներ հավատի անբնական հարկադրանքը, մյուս կողմից, նույնքան անբնական հավատը գիտության նկատմամբ»:

Այսպես, ուրեմն, մի կողմից անհատի հոգևոր-բարոյական անբավարարվածությունը, մյուս կողմից՝ «արևմտյան գիտակցության տրոհվածությունը», արևելյան ուսմունքների, մասնավորապես յոգայի հանդեպ հետաքրքրության ուժեղացման գլխավոր ազդակները եղան: Յոգան, ինչպես նաև արևելյան մյուս ուսմունքները («Ռամաքրիշնայի առաքելությունը», բաբիզմը, սուֆիստական աղանդները, ձենը և այլն) դիտվեցին որպես ելք ստեղծված իրադրությունից, իբրև փրկության ուղի:

Ի՞նչ է նշանակում յոգան Արևմուտքի համար, ո՞րն է նրա գրավչությունը. նախ, «կրոնական մեթոդը» միաժամանակ երաշխավորվում է որպես «գիտական մեթոդ»: Կարելի՞ է վստահ լինել, որ Արևմուտքում յոգան կունենա արձագանք և լրիվությամբ պատասխան կտա արևմուտքի մարդու հոգևոր ակնկալիքներին: Յոգան փիլիսոփայական բովանդակությամբ հագեցած հոգեբանական և ֆիզիոլոգիական հիգենայի միջոց է և «որքանով որ մեզանում հոգևոր կողմնորոշիչների բացակայությունը սահմանակից է հոգեբանական անարխիային,- ասում է Յունգը,- այդքանով էլ ցանկացած կրոնական կամ փիլիսոփայական պրակտիկա հավասարազոր է դառնում ինչ-որ հոգեբանական դիսցիպլինի»:

Յոգայի փիլիսոփայական հիմքն ու ելակետը մարմնականի ու հոգևորի (գիտակցության) կատարյալ միասնության գաղափարն է, գաղափար, որ բացակայում է արևմտյան մշակույթում: Հոգևոր զարգացմանը խանգարող արգելքների հաղթահարման համար յոգան առաջարկում է ութ եղանակ` զսպվածություն (յամա), պատվիրանների կատարում (նիյամա), մարմնական վարժություններ (ասանա), շնչառության գիտակցական կառավարում (պարանայամա), զգայականի վերացարկում իրենց օբյեկտներից (պրատյաիպա), գիտակցության կենտրոնացում (դհարանա), հայեցողություն (դհյանա) և կենտրոնացում տրանսի վիճակում (սամադհի):сияние-чакр

Յոգը մարմնական (ասանա) և հոգևոր(պրայանա) վարժությունների միջոցով մեկ ամբողջության մեջ է միացնում ոչ միայն մարմնի մասերը, այլև գիտակցությունը և ոգին: Ինքնակենտրոնացման և ինքնախորասուզման միջոցով վերացնելով հոգու և մարմնի երկատվածությունը և  հասնելով գիտակցության մակարդակում դրանց միաձուլմանը՝ նա ապահովում է կյանքի ամբողջական ընկալումը:

Արժևորելով յոգայի ուսմունքը՝ Յունգը նշում է, որ այն արևելյան ոգու մեծագույն նվաճումներից է, մարդկային մտքի խոշոր ձեռքբերումներից մեկը, որը համեմատության տեսանկյունից իրեն հարուստ սիմվոլիկայով, հատկապես նրա որոշ տարատեսակներ` Կունդալինի – յոգա, լամայական, չինական/դաոսների յոգա, անգնահատելի նյութ են տալիս անգիտակցականի մեկնաբանության համար:

Յունգի համար յոգայի ուսումնասիրությունը արժեքավոր է միայն այս տեսանկյունից և այդ չափով: Փորձել այն գործնականում կիրառել հոգեբանական ինչ-ինչ նպատակներին հասնելու համար ոչ միայն արդյունավետ չէ, այլև վնասակար է: Ամենից առաջ այն պատճառով, ասում է նա, որ բախվում են արևելյան և արևմտյան արժեքային համակարգերը: Արևմուտքին խորթ է ու օտար հնդկական մտածողությունը: Բանն այն է, որ «հոգևոր զարգացումը Արևմուտքում ընթացել է բոլորովին այլ ուղղությամբ, քան Արևելքում» և  այդ իսկ պատճառով էլ արևմուտքի ժողովուրդների մոտ առկա հոգեբանական մթնոլորտը աննպաստ է յոգայի կիրառման համար: Գիտական-փիլիսոփայական մտածողությանը հավատալու և այն զարգացնելու «Արևմուտքին բնորոշ հիմար սովորությունը» արևմուտքի մարդուն անխուսափելիորեն կանգնեցնում է երկընտրանքի առջև. կամ նա ընկնում է հավատի թակարդի մեջ և առանց մտքի փոքր-ինչ առկայծման կուլ է տալիս այնպիսի հասկացություներ, ինչպիսին են` ատման, չակրա, սամադհի և այլն, կամ նրա գիտական քննդատական մտածողությունը միանգամից դեն է շպրտում դրանք՝ որպես «զտարյուն խորհդապաշտություն»:

Ի՞նչ կարող է յուրացնել եվրոպացին յոգայից. նա կարող է ընդամենը անգիր անել հնդկական գաղափարները, սակայն անկարող է դրանցով արտահայտել իր սուբյեկտիվ փորձը, ասում է Յունգը՝ ավելացնելով, որ Արևմուտքի կողմից յոգան ընդունվում է ոչ թե էությամբ, այլ արտաքնապես: Պատճառը արևմտյան մտածելակերպն է ու հոգեբանական այն դիրքորոշումները, որոնք ձևավորվել են քրիստոնեության և ռացիոնալիստական փիլիսոփայության գաղափարների ազդեցության ներքո: Վերապրումը և միտքը/գաղափարը/ Արևմուտքում միևնույնը չեն, մինչդեռ Արևելքում հոգին ամբողջապես ներծծված է մտքով: Նման հոգին ձևավորվել ու դաստիարակվել է յոգայի կողմից, որը խոBEACH-YOGA-SPAINրթ է եվրոպացուն: Եվրոպացու սովորական ըմբռնումները անհուսալիորեն տարամիտվում են հնդկական ոգու էության հետ: Եվրոպացին հոգևորի բովանդակությունը բխեցնում է արտաքին տպավորություններից` համաձայն հայտնի փիլիսոփայական սկզբունքի. «չկա ոչինչ գիտակցության մեջ, որ նախապես տրված չլինի զգայություններում»: Հնդկաստանում այդ սկզբունքը չի աշխատում: Հնդկական մտածողության  պատկերավորությունը ոչ թե ածանցվում է զգայականից, այլ առկա է նրանում: Յոգայի փիլիսոփայության համաձայն՝ աստվածությունը գտնվում է բոլոր իրերի և ամենից առաջ մարդու ներսում: Այստեղ «շարժումը ընթանում է արտաքինից դեպի ներքինը»:
Արևմուտքն այդպես էլ չյուրացրեց դեռևս 5-րդ դարում Օգոստինոս Երանելու պատվիրանը՝ Աստծուն փնտրեք ձեր հոգու մեջ, Նա այնտեղ է, ոչ այլուր: Հնդկական հին տաճարներում զոհասեղանները երկու-երեք մետր թաղված են գետնի մեջ, և այն, ինչ մենք ամոթից թաքցնում ենք, նրանց համար սրբազան սիմվոլ է (օր.`լինգամի պաշտամունք): Քրիստոնեական ոգով դաստիարակված մարդու հայացքն ուղղված է դեպի Երկինք, իսկ հնդիկի հայացքը` դեպի իր ներաշխարհը, վերջապես, եվրոպացին հավատում է գործողությանը, իսկ հնդիկը` անշարժ կեցությանը:

Արևելյան մեդիտացիային նմանակելու և կապկելու փորձերից ոչինչ չի ստացվի, ասում է Յունգը, բացի դատողականությունից  արհեստականորեն նահանջելուց: Յոգային էությամբ տիրապետելու համար պետք է հրաժարվել այն ամենից, ինչ եվրոպական է:

Յունգը գտնում է, որ յոգայի մեթոդների հետ համեմատելի են ժամանակակից հոգեթերապիայի մեթոդները: Յոգան իրենից ներկայացրել է բնական ինտրովերտիվ գործընթաց, որը տարբեր  խոտորումներով  տանում է անձի փոփոխության: Ֆրեյդի հոգեվերլուծությունը արհեստական ինտրովերսիայի օրինակ է, իսկ նրա տեխնիկան խոստովանության տրամաբանության զարգացումը,  որի նպատակը սուբյեկտի անգիտակցական բաղադրատարրերի գիտակցումն է և գիտակցությունից ցանկությունների ու հակումների դուրս մղումը: Աուտոգեն մարզումների մեթոդի (Ի.Գ.Շուլց) կիրառումով  գիտակցությունը զուգակցվում է յոգայի հետ: Այստեղ ևս նպատակը գիտակցության միջնորմների փշրման միջոցով անգիտակցականը ճնշող պատճառների վերացումն է:

Իմ սեփական մեթոդը, գրում է Յունգը, նույնպես հինված է խոստովանության վրա: Այդուհանդերձ, ինչու՞ յոգան Արևմուտքում չի կարող դառնալ հոգևոր արժեք, հարցնում է Յունգը և պատասխանում, որովհետև Արևմուտքի համար բնութագրականը գիտության և փիլիսոփայության (հավատի ու բանականության) խիստ տարաբաժանվածությունն է: Ի դեպ, հավատի և բանականության, աստվածաբանության (կրոնի) և փիլիսոփայության (գիտության) հակադրության թեզը զուտ արևմտաեվրոպական մշակույթի երևույթ է, ծագել է վաղ միջնադարում, քրիստոնեական լինելիության դարաշրջանում (հիշենք Քվինտ Տերտուլիանոսի բանաձևը՝ Հավատում եմ, որովհետև անհեթեթ է: Այս առումով հավատի անջատումն ու հակադրումը բանականությանը, որպես իմացական մոլորություն, ըստ էության, պետք է համարել քրիստոնեական եկեղեցու հայրերի «ծառայությունը» արևմտյան մշակույթին: Նման հոգևոր հիմքի վրա է ձևավորվել արևմտյան մտածելակերպը, դրանով իսկ խախտվել է գիտելիքի, ի վերջո նաև հոգևորի ամբողջականությունը: Ընդհակառակը, արևելյան ուսմունքներում (անտիկ մշակույթում նույնպես) մարդկային իմացությունը չի երկատվել կրոնականի և փիլիսոփայականի, այլ ինքնին նկատվել է իբրև միասնական գործընթաց, այն է` ամբողջական գիտելիքի ձեռքբերման միջոցներ, ուղիներ, որի գոյացմանը հավասարաչափ մասնակցություն են ունենում թե հավատը, և թե բանականությունը: Հիրավի, արևելքի կրոնների մեջ (բուդդայականություն, կունֆուցիականություն, դաոսականություն, ջայնիզմ, սինթո, իսլամ) բացակայում է հավատի ու բանականության կամ կրոնի և փիլիսոփայության 66183044փոխհարաբերության հարցադրումն իսկ. այդ ուսմունքներն ի սկզբանե ծագել ու զարգացել են իբրև բարոյափիլիսոփայական կամ կրոնափիլիսոփայական համակարգեր:

Յունգը փորձում է բանականության օգնությամբ կամուրջ գցել յոգայի և եվրոպական մտածելակերպի միջև: Դրա համար, ասում է նա, անհրաժեշտ է դիմել յոգայի մեջ կիրառվող  խորհրդանիշների (սիմվոլների) իմաստային մեկնաբանությանը: Օրինակ, յոգայի մեջ արևը և ջուրը, իբրև խորհդանիշներ, արտահայտում են անգիտակցական կյանքի կարևորագույն գաղտնիքները…Այսպես, մեդիտացիայի` ինքնակենտրոնացման և ինքնախորասուզման միջոցով  յոգը տեղափոխվում է հոգևոր ոլորտ, որտեղ արևն ու ջուրը կորցնում են իրենց ֆիզիկական առարկայականությունը և վերածվում են հոգևոր բովանդակության խորհրդանիշների, այն է` դառնում են կյանքի աղբյուրի պատկերներ սեփական հոգում:  Յոգը դրան հասնում է հոգևոր երկարատև վարժություններից հետո, որի արդյունքում Ես-ը ազատագրվում է աղավաղված գիտակցությունից, թոթափում է պատրանքային աշխարհի ողջ տառապանքը և հասնում հոգու այլ բևեռ, որտեղ աշխարհը վերառնված է որպես պատրանք: Հոգու խորքերը ընկղմվելու յոգայի ուսմունքի և կոլեկտիվ անգիտակցականի գաղափարի միջև զուգահեռ անցկացնելով, Յունգը այն նմանեցնում է (արևի և ջրի մասին մեդիտացիայի օրինակով)  դեպի անգիտակցականը իջնելուն…

Սիմվոլների դերի հոգեբանական յունգյան արժևորումը  հաստատվում է մարդաբանական փիլիսոփայության տեսանկյունից: Այսպես, օրինակ, նեոկանտական (մարբուրգյան դպրոցի ներկայացուցիչ) Է.Կասսիրերը մարդուն սահմանում է որպես «խորհրդանշանային կենդանի» (animal symbolicum)՝ նշելով, որ մարդու մեջ ռեցեպտոր և էֆեկտոր համակարգերի միջև կա  մի երրորդ օղակ, որը կարող ենք բնորոշել իբրև «խորհրդանշանային համակարգ» և որ «մարդը բացի ֆիզիկական ունիվերսումից ապրում է նաև խորհրդանշանային ունիվերսումում»:
Արևելյան և արևմտյան ոգու միջև առկա է տրամագծորեն հակառակ մոտեցումներ հոգու ընկալման վերաբերյալ. արևմտյանը կատարելությունը (իմաստը) տեսնում է դեպի վերև ընթանալու,  բարձրանալու (օր. հարության գաղափարը) մեջ, իսկ արևելքը դեպի ներքև, հոգևորի ոլորտ խորասուզվելու, ընկղմվելու մեջ: Եվ որպեսզի եվրոպացին էությամբ յուրացնի յոգան, նա, նախ, պետք  է  յուրացնի հնդկական արվեստի, փիլիսոփայության և էթիկայի ոգին: Եվրոպացու համար արտաքին իրականությունը՝ իր նյութականությամբ և ծանրությամբ, ավելի ուժեղ է և պահանջկոտ, քան հնդիկի համար: Առաջինը փնտրում է գերիշխանություն աշխարհի վրա, երկրորդը` հաճույքով վերադառնում է բնության մայրական ընդերքը:

2413483_JOGA antistressԻ՞նչ է յոգան. գիտակցության ազատագրում ամեն մի ճնշումից, հրաժարում սուբյեկտից և օբյեկտից: Արևմուտքի մարդը չի կարող ձերբազատվել անգիտակցականից այնքան ժամանակ, քանի դեռ հստակորեն չի գիտակցել, թե ինչ է ներկայացնում ինքն իրենից իբրև սուբյեկտ: «Սուբյեկտը,- ասում է Յունգը, – դա անգիտակցականն է»: Այնինչ, յոգայի տեխնիկան կիրառելի է բացառապես գիտակցական մտքի և կամքի նկատմամբ:

Յունգը սկզբունքորեն դեմ է յոգայի ոչ քննադատական ընդունմանը, որովհետև եվրոպացին նրա օգնությամբ ոչ միայն չի լուսավորի սեփական հոգու մութ անկյունները, չի վերացնի սեփական հոգում տիրող անորոշությունն ու քաոսը, այլև յոգան կարող է նա օգտագործել ի չարը, որովհետև նրա մոտ հոգեբանական հակվածությունը բոլորովին այլ է, քան արևելցու մոտ:

Յոգան չի կարող համընդհանուր սպեղանի լինել արևմուտքի մարդու հոգևոր-սոցիալական վերքերի բուժման համար, որովհետև անգիտակցականի ոլորտում խորասուզվելը ներկայացնել իբրև  հոգևոր դատարկությունը լցնելու արդյունավետ միջոց չափազանց միակողմանի կլինի: Իրականում, հարկավոր է ազատվել «բարբարոս միակողմանիությունից», այն է` ծայրահեղականացված ռացիոնալիզմից, նյութապաշտությունից, կյանքի հանդեպ ուտիլիտար մոտեցումներից և ստեղծել անհատի հոգևոր ազատ զարգացման համար անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական նպաստավոր մթնոլորտ:

Յունգը միաժամանակ հույս է հայտնում, որ, նախ,  քրիստոնեության հիմքի վրա Արևմուտքը ապագայում կստեղծի իր սեփական յոգան/իբրև օրինակ նշելով ճիզվիտական օրդենի հիմնադիր Իգնատիոս Լոյոլայի վարժությունները և բժշկության մեջ կիրառվող ժամանակակից հոգեթերապիայի մեթոդները/, երկրորդ, քրիստոնեությունը, ավելի ճշգրիտ քրիստոնեական սիմվոլիկան, որը թաղված է դիցաբանական մտածողության մեջ (օր. հավասարաթև խաչի կամ սվաստիկայի պաշտամունքը) ի զորու է դառնալու արևմուտքի հոգևոր դատարկությունը լցնելու միջոց:

Սակայն դժվար է հավատալ այդ կանխատեսման իրականացմանը, քանզի, նախ, քրիստոնեական փիլիսոփայության հիմքը հոգու և մարմնի երկատումն ու հակադրումն է, մինչդեռ չնայած յոգայի բազմաթիվ տարատեսակների առկայությանը, նրանց փիլիսոփայական ելակետը, այն է` հոգու և մարմնի միասնության գաղափարը մնում է նույնը, որի վրա է կառուցված արևելյան մեդիտացիան ընդհանրապես: Հավելենք նաև, որ Յունգի մոտեցման մեջ նկատելի է որոշակի հակասություն. այն է` մի կողմից, նա, այսպես կոչված արևմտյան յոգայի ստեղծման հիմք համարում է քրիստոնեությունը, մյուս կողմից, կոչ է անում  բացահայտել սեփական էությունը, վերադառնալ իր սեփական բնույթին, բնական մարդուն (ոչ ռուսոյական իմաստով), որը, ըստ էության, կնշանակի հրաժարում քրիստոնեությունից:

 Հոդվածի հեղինակ՝ հ.գ.թ., դոցենտ Նելլի Հարոյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.