Հոգեկանի ուսումնասիրության մեթոդների հարցի շուրջ

Այսօր մոռացության է մատնվել հոգեբանության մեջ մի մեթոդ, որն անցյալ դարում մեծ համբավ ուներ: Ժամանակին այն առաջադրել էր բուլղարացի գրականագետ, հոգեբան Արնաուդովը: Այդ մեթոդը կոչվում էր «Կենսագրական տվյալների և արխիվային փաստաթղթերի հոգեբանական վերլուծության մեթոդ», «էպիստոլյար» նյութերի վերլուծություն, որոնցում ներկայացված են տվյալ անհատի գործունեության արդյունքները, կյանքում այս կամ այն գործունեության մեջ ունեցած ձեռքբերումները կամ ձախողումները:

Այս մեթոդն առավել արդյունավետ է պատմական դեմքերի, քաղաքական գործիչների, գրողների, գիտնականների և տարբեր բնագավառներում գործող նշանակալից անձանց դեպքում: Վերծանելով անձի հոգեբանական նկարագիրը՝ ներառելով բնավորության գծերը, բարոյական կեցվածքը, մտավոր կարողությունները և այլն, այս մեթոդը կարող է ինչ-որ տեղ ամբողջական, լիարժեք չլինել, քանի որ ժամանակի ընթացքում անհատը քիչ թե շատ «խմբագրվում է»: Ավելին, տվյալ անձի կենսագրության մեջ կարող են լինել մութ անկյուններ, որոնք բացակայեն վավերագրումներում և մատնվեն լռության:  Հետևաբար, վավերագրումները ոչ միշտ կարող են լիարժեք և ճշմարտացի փաստեր ներկայացնել, սակայն հմուտ հոգեբանները, ովքեր նրբորեն են այդ կենսագրական նյութերը վերլուծում, կարողանում են վեր հանել այդ ճեղքերը: Ահա սա է այս մեթոդի մի կողմից թերությունը, որի պատճառով այսօր գրեթե չի կիրառվում, մյուս կողմից առավելությունը, որը հոգեբանին հարկադրում է հմտանալ, վերհանել և տեսնել հարցականներ ու անհայտներ:

Այսպես օրինակ, հայտնի հոգեվերլուծող և Զ.Ֆրեյդի կենսագիր Ջոնսոնը, ով Ֆրեյդի ժամանակակիցն էր, վերջինիս կենսագրությունն ուսումնասիրելիս վերը նշված կենսագրական տվյալների բացթողումները լրացնում էր հոգեվերլուծական մեկնաբանություններով: Նաև կարելի է բերել մեկ այլ օրինակ. գրողի հոգեբանական նկարագիրը կազմելիս հնարավոր է դիմել նրա ստեղծագործությանը` վեպերին, պատմվածքներին, բանաստեղծություններին և այլն: Ուսումնասիրելով ժամանակակից գործչին, հանրահայտ անձնավորությանը, շատ կարևոր է նաև կիրառել զննականության մեթոդը, այսինքն՝ նրա կենդանի շարժուձևը, գործելաոճի բացահայտ դրսևորումները, նրա ունեցած գործունեության հաջողության կամ ձախողման պատճառները և այլն: Զննականության մեթոդն այստեղ լրացնում է կենսագրական փաստաթղթերում տեղ գտած անճշտություններն ու բացթողումները: Այստեղ նույնպես հոգեբանը կարծես թե հմտորեն պետք է կարողանա թափանցել էպիստոլյար նյութերում ներկայացված փաստերից այն կողմ: Ինչպես տեսնում ենք, փաստերը շատ կարևոր են տարբեր մասնագետների համար, սակայն հոգեբանը, ներթափանցելով անձի հոգեկան աշխարհը, նրա հոգեբանական նկարագիրը կազմելիս պետք է առաջնորդվի հոգեկանի մասին նրա առանձնահատկությունների և օրինաչափությունների իմացությամբ:

Այսպիսով, վերը նշված հոգեբանական կենսագրական մեթոդի կարևորությունն այն է, որ հոգեբանական նկարագրի վերաբերյալ կարևոր լրացումներ կարող է տալ, անգամ եթե տվյալ անձի հետ հոգեբանը անմիջական շփման մեջ չի մտել:

 Հոդվածի հեղինակ Ռուբեն Պողոսյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.