Լրատվամիջոցներից և համացանցից կախվածությունը՝ որպես հոգեկերտվածքի աղավաղման միջոց

Թերևս, խորհրդային ժամանակաշրջանում կոմունիստական գաղափարախոսությունը խստաշունչ արգելք էր դնում մարդու ինտիմ կյանքը բարձրաձայնելու առջև: Մարդը պատկերվում էր որպես սեռականությունից զուրկ իդեալական անձ, սրբապատկեր, որին նա պետք է հասներ: Դա էր մարդու վերստեղծման կոմունիստական գաղափարախոսությունը: Այդ ժամանակաշրջանում առաջին շարքում էր կանգնած գրաքննությունը, որը կատարում էր ֆիլտրման դեր: Նմանատիպ արգելքի դեր էր տանում նաև պուրիտանական եկեղեցին:

Թերևս դա էր պատճառը, որ այդ արգելքները հակառակ ազդեցությունն էին թողնում և տանում էին մարդկանց դեպի կրքերի դրսևորման անցանկալի ուղիները` սպանություն, ինքնասպանություն, հանցանքի այլ դրսևորումներ և այլն: Դեռևս հազարամյակների ընթացքում արևելքում և արևմուտքում առկա է եղել պոռնոգրաֆիական մշակույթ, ստեղծվել է նմանատիպ գրականություն և այլն:

Այսօր մենք հայտվել ենք հակառակ ծայրահեղության մեջ: Դեմոկրատիան և ազատականությունը, ինչպես տեսնում ենք, ստեղծել է մի այլ ծայրահեղ իրավիճակ: Անբարո վարքը որոշ երկրներում խստաշունչ արգելքների չի հանդիպում, չնայած նրան, որ ներկայումս էլ եկեղեցին շարունակում է մնալ իր դիրքերում: Սեռականության այլանդակ դրսևորումների և ձևերի նկատմամբ տիրում է բարձիթողություն և բացարձակ ազատականություն: Եթե նախկինում դա կրել է քողարկված բնույթ` կապված խիստ վերահսկողության հետ, ապա այժմ այն դրսևորվում է բացահայտ կերպով: Դրան են նպաստում հատկապես զանգվածային լրատվամիջոցները` դեղին մամուլը, հեռուստատեսությունը և մասնավորապես համացանցը, որում լայն ծավալով տարածվել են պոռնոկայքերը: Այս պարագայում, պատկերը մնում է նույնը. հանցագործությունների թիվը եթե ոչ նույնն է մնում նախկին արգելքների առկայության պայմանների համեմատ, ապա կարելի է ասել, որ գնալով ավելանում է: Ըստ էության, արգելքն ու բարձիթողությունը նույն իրավիճակին են հանգեցնում:

Սեռականության այլասերվածության վերաբերյալ ինֆորմացիոն հոսքը, բնականաբար, այսօր անհնար է կանգնեցնել: Նմանատիպ նյութերին առնչվում են ոչ միայն մեծահասակները, այլ նաև երեխաներն ու դեռահասները: Այս պարագայում ամենախոցելի սոցիալական շերտը համարվում է աճող սերունդը, որի դաստիարակությունը մեծապես պայմանավորված է ներկայիս լրատվամիջոցներով և համացանցային կայքերով:

Իհարկե, պետք է հատուկ շեշտել, որ ինֆորմացիոն այդ հոսքը ազդում է նաև ընտանիքի հոգեվիճակի վրա, ամուսինների համատեղ կյանքն է քայքայվում: Ցավալի է, բայց  սեռականության չափազանց գռեհիկ, աղավաղված, խեղաթյուրված դրսևորումները նկատելի են նաև մերօրյա գրականության մեջ: Պարզ է, որ այդ գրականությունը արգելված չէ դեռահասների և պատանիների համար: Այս ամենը, իհարկե, անհետևանք չի մնում: Պոռնոկայքերը հեշտությամբ գայթակղում են մարդկանց և գցում իրենց թակարդը: Այսպես առաջանում է կախվածություն, որը կարող է առաջ բերել վարքագծային որոշ շեղումներ` ագրեսիվություն, հոգեկան անհավասարակշռություն, ինչպես նաև հնարավոր է տագնապայնություն, մղձավանջային երազներ, ցնորքներ և այլն: Մարդը կտրվում է իրականությունից, շրջապատող միջավայրից և դրանով իսկ անհատը կորցնում է վստահությունը բարոյականության հանդեպ, մարդկանց բարեկրթության, ինչպես նաև աշխարհի հետ շփման նկատմամբ:

Ինչպես տեսնում ենք, գիտատեխնիկական առաջընթացը` կոմպյուտերիզացիան, հեռուստատեսությունը, ինֆորմացիայի սրընթաց հոսքը իրենց հետ, բացի դրական միտումներից, բերում են նաև վերը նշված անցանկալի հետևանքները, որոնք կարող են խաթարել մարդու հոգեկան առողջությունը: Մյուս կողմից, մեզանում ստեղծված այս նոր իրավիճակը, հարկադրում է վերանայել դաստիարակության հոգեբանության սկզբունքները: Ինքնին հասկանալի է՝ ինֆորմացիայի բացասական հոսքը անխուսափելի է, այնուամենայնիվ, հարկավոր է այդ անցանկալի հոսքին հակազդել նոր գաղափարախոսությամբ: Մենք պետք է վերանայենք ժամանակակից գրականությունը և հասկանանք, թե մարդն իր մշակույթով ի՞նչ ուղիներով է ընթանում: Տարբեր պատումներում, հաղորդումներում, հեռուստաբեմականացումներում պետք է  կարողանալ բացահայտել ՄԱՐԴԿԱՅԻՆԸ մարդու մեջ, այլ ոչ թե մնալ կենդանական ստորին բնազդային հույզերի, ագրեսիայի, մարդկային տեսակի ոչնչացման նկարագրությունների մակարդակում: Արվեստի մեջ պետք է արտացոլվի մարդու բարձրագուն զգացմունքը` ՍԵՐԸ, որը բնորոշ է մարդկային հասարակության մշակույթի զարգացմանը:

Այսպիսով, ամփոփելով, պետք է նախաձեռնել հետևյալ միջոցառումները.
1. Վերանայել հասարակության մանկավարժա-հոգեբանական սկզբունքները
2. Վերհանել մարդկային անհատի ախտահարված հոգեբանական առանձնահատկությունները
3. Լրջագույն ձևով վերափոխել գրականության և արվեստի, մշակութային ՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ (առողջ ապրելակերպի տեսական հիմունքների մշակում):
4. Գռեհիկ պոռնոկայքերում ներկայացվող այդ սեռականությունը պետք է հակակշռել բարձր էրոտիկ նյութերով, սյուժեներով, որտեղ, ի տարբերություն պոռնոգրաֆիայի, ամեն բան թույլատրելիի սահմաններում է և որն էլ կարող է դաստիարակել բարձր գեղագիտական ճաշակ:

Հեղինակ՝ հ.գ.թ., դոցենտ Ռուբեն Պողոսյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.