Ինչ հոգեբանական գործոններ են ազդում ընտրական գործընթացի վրա

Նյութի աղբյուրը՝ http://haydzayn.am

«Ընտրությունն ինքնին բարդ երևույթ է, ընտրություն կատարելիս մարդու համար շատ կարևոր է ընտրվողների համեմատությունը, թե ում միջև է կատարվում ընտրությունը»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Վարուժան Մելքոնյանը՝ խոսելով ընտրությունների հոգեբանական ազդեցությունների մասին:

Վերջինս նշեց, որ ընտրությունը բարդ հոգեվիճակ է ծնում մարդկանց մոտ, և ինչքան կարևոր են ընտրությունները, ինչքան շատ են անորոշությունները, այնքան բարդ է ընտրություն կատարելը և մարդը սկսում է հոգեբանորեն տատանվել ու անպատրաստ դառնալ ընտրությանը: «Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նախորդ դարի 90-ականներից ի վեր, և յուրաքանչյուր ընտրություն հնարավոր է գնահատել ինքնին, տվյալ ժամանակաշրջանի բազում գործոններից ելնելով: Եթե միմյանց հետ համեմատենք նախորդ ընտրությունները, կնկատենք էական տարբերություններ, սակայն մի կարևոր հանգամանք յուրահատուկ է բոլոր ընտրություններին, դա մարդկանց, հասարակության ընկալումն ընտրությունների օրինականության նկատմամբ, քանի որ լեգիտիմությունն ավելի շատ իշխանության օրինականության ընկալման սոցիալական համաձայնությունն է, քան նրա իրական օրինականությունը: Այդ առումով լիարժեք լեգիտիմ են ընկալվել միայն 1990 թվականի խորհրդարանական ընտրությունները: Մնացած բոլոր ընտրությունից հետո մարդիկ դժգոհել են, որ արդյունքները կեղծվել են: Նրանք այդպիսի եզրակցության են հանգում ուղեղում առկա հավատից, ընտրությունների հանդեպ ձևավորված վերաբերմունքի հոգեբանությունից ելնելով:

Ըստ մեր զրուցակցի՝ մեր քաղաքական դաշտում ներառված չէ հոգեբանական աշխատանքի գործոնը, այն Հայաստանոմ իսպառ բացակայում է: Մեզանում քաղաքական գործիչները գնում են քարոզարշավի առանց տվյալ տարածաշրջանի էթնոխմբերի, խնդիրների, հարցերի հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու, առանց տվյալ ընտրազանգվածի հետ հոգեբանական աշխատանք կատարելու: «Կարևոր է, որ տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները նախքան քարոզարշավ իրականացնելը տվյալ տարածաշրջանի ժողովրդի հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրեն, որպեսզի թեկնածուի արտահայտած մտքերն ու գաղափարները հասարակությունը հասկանա այնպես, ինչպես ասում է տվյալ քաղաքական գործիչը: Ի վերջո մարդը գործողություն կատարում է իր ընկալածից ելնելով, ոչ թե նրանից, ինչն իրեն մատուցվել է»:

Մելքոնյանի դիտարկման համաձայն, երբ որևէ քաղաքական միավոր կարողանում է հասցնել հանրությանն իր իսկ ասածի, քարոզածի ճշմարտացիությունը և մարդկանց ենթագիտակցության մեջ հավատ է առաջացնում, քվերակության գնացող քաղաքացին ենթագիտակցորեն քվեարկելու է տվյալ ուժի օգտին: Եթե այն դեռ ենթագիտակցություն չի հասել, գիտակցությունը սկսում է տատանվել, որի արդյունքում հակառակ քվերակություն կարող է լինել: «Ուստի անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերն ընտրողների հետ այնքան խորությամբ իրկանացնեն հոգեբանական աշխատանքները, որպեսզի իրենց օգտին քվեարկելու որոշումը հասնի ընտրողի ենթագիտակցությանը: Մարդկանց ենթագիտակցության մեջ այժմ ամրագրված է պատկերացումը, որ ընտրություններն անցկացվելու են կեղծիքներով, և սա պետք է հաղթահարի հատկապես իշխող քաղաքական ուժը, որովհետև հիմնական դժգոհությունները նրանց հետ են կապում: Այս առումով ընդդիմադիր կուսակցություններն ու ուժերը ավելի շահեկան վիիճակում են գտնվում, քանի որ չեն եղել իշխանություն, հետևաբար ոչ մի իրավիճակի համար պատասխանատվություն չեն ստանձնել և ոչ մի խնդիր նրանց անվան հետ չի կապվում: Լայն զանգվածների վրա հոգեբանական ներգործություն ունենալու, ընտրությունները լեգիտիմ ընդունելու խնդիրը հիմանակում իշխող քաղաքական ուժինն է»:

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական ուժերը պետք է այնքան հասունանան, որ իրենց գործունեության յուրաքանչյուր փուլում օգվեն հոգեբանական ծառայություններից:

«Երբ որևէ ուժ հայտարարություն է անում կամ փորձում է հանրությանը ինչ-որ բան համոզել, նախ պետք է ինքը համոզված լինի և հավատա դրանց ճշմարտացիությանը: Պետք է հոգեբանական աշխատանք անցկացել գաղափարախոսությունը տարածելու գործին մասնակցող մարդկանց շրջանում, նրանք պետք է լիարժեքորեն հավատան ու համոզվածություն ունենան իրենք իրենց և իրենց ծրագրերի ու գաղափարների հանդեպ, որպեսզի խոսքը դիմացինի համար համոզիչ լինի: Սրանք այն գործոններն են, որոնց բացակայության դեպքում անորոշություն է առաջանում: Այժմ անգամ ընդդիմադիր ուժերը ժողովրդին հավատ չեն ներշնչում, պարզապես ընկալվում են որպես ծանր սոցիալական պայմաններից ենթադրյալ դուրս բերողներ, ինչը դեռ հավատ չէ»:

http://haydzayn.am/hy/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80/2017/03/31/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A8/

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.