Գույնը և բնավորությունը

Յուրաքանչյուր մարդ նախապատվություն է տալիս մեկ, առավելագույնը 2-3 գույնի՝ կախված այն բանից, թե որտեղ է այդ գույնը կիրառվում: Հաճելի կամ տհաճ զգացողությունները, որոնք առաջացնում է այս կամ այն գույնը, կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում:  Բայց ամեն դեպքում այն գույնը, որին նախապատվություն եք տալիս, շատ բան կարող է պատմել Ձեր բնավորության և հուզական կերտվածքի մասին:

  • Կապույտ` երկնքի և հանգստության գույնը: Եթե այն դուր է գալիս, ապա դա խոսում է համեստության և մելամաղձոտ բնավորության մասին: Այսպիսի մարդուն պետք է հաճախ հանգստանալ, նա արագ է հոգնում, նրա համար խիստ կարևոր է վստահության զգացումը, շրջապատող մարդկանց բարեկամական վերաբերմունքը իր նկատմամբ: Այն մարդը, ում այս գույնը դուր չի գալիս, ցանկանում է տպավորություն թողնել, որ կարող է ամեն ինչ, բայց իրականում անինքնավստահ է և փակ: Այս գույնի նկատմամբ անտարբերությունը խոսում է զգացմունքային ոլորտում թեթևամտության մասին, որը քողարկվում է հոգատարության շղարշով: Կարճ ասած` եթե անձը նախընտրում է կապույտ գույնը, ապա նա հանգստի կարիք ունի, իսկ եթե մերժում է այն, ապա խուսափում է թուլանալուց, հանգստանալուց: Հիվանդության կամ գերհոգնածության ժամանակ կապույտի նկատմամբ հակումն ուժեղանում է:
  • Կանաչ` բնության, բնականի, կյանքի և գարնան գույնը: Նա, ով նախընտրում է հենց այս գույնը, վախենում է ուրիշի ազդեցությունից, փնտրում է ինքնահաստատման միջոցներ, քանի որ նրա համար դա կենսական նշանակություն ունի: Նա, ով չի սիրում այս գույնը, վախենում է կենցաղային խնդիրներից, ճակատագրի խաղից և ընդհանրապես բոլոր դժվարություններից: Կանաչն իր մեջ ամփոփում է թաքնված կենսական ներուժ, արտացոլում է կամային լարվածության աստիճանը: Այդ պատճառով կանաչը նախընտրողները ձգտում են ինքնավստահության և, ընդհանրապես, վստահության: Իսկ էքսցենտրիկ անձնավորություններին, ովքեր իրենց առջև դրված խնդրիներին հասնում են ոչ թե նպատակաուղղված կամային ակտիվությամբ, այլ հուզական ճանապարհով, կանաչը դուր չի գալիս: Բացի այդ այս գույնը մերժում են հոգեկան և ֆիզիկական գերհոգնածության շեմին գտնվող անձինք:
  • Կարմիր` կրքերի գույնը: Այն մարդը, ում սիրելի գույնը կարմիրն է, համարձակ է, ուժեղ կամք ունի, իշխող է, շուտ բռնկվող և շփվող: Այն մարդիկ, ում մոտ այս գույնը լարվածություն է առաջացնում, հավանական է, որ ունեն թերարժեքության բարդույթ: Նրանց մոտ առկա է վախ վեճերից, մեկուսանալու հակում, սակայն միջանձնային հարաբերություններում այս մարդիկ կայուն են: Կարմիրը խորհրդանշում է գրգռվածություն, էներգիայի կուտակում: Այս գույնը նաև էգոիզմի խորհրդանիշն է: Կարմիրի մերժումը, զզվանքը դրա նկատմամբ օրգանական թուլության, ֆիզիկական և հոգեկան հյուծվածության ցուցանիշ է: Ռազմագերիները, որոնք տարիներ շարունակ ստիպված էին ապրել կյանքի համար վտանգ սպառնացող պայմաններում, հատկապես հաճախ էին այն մերժում: Կարմիրը նախընտրում են առավելապես դեռահասները:
  • Շագանակագույն ընտրում են նրանք, ովքեր ամուր են կանգնած ոտքերի վրա: Այս գույնի նկատմամբ թուլություն ունեցող մարդիկ գնահատում են ընտանիքն ու ավանդույթները: Շագանակագույնի նախընտրությունը, նախ և առաջ, արտացոլում է ձգտումը դեպի պարզ բնազդային ապրումները, պարզունակ զգացական ուրախությունները: Միևնույն ժամանակ այս գույնին նախապատվություն տալը կարող է խոսել ֆիզիկական որոշակի հյուծվածության մասին: Նորմայում սևի հետ մեկտեղ, շագանակագույնը առավելապես մերժվում է:
  • Դեղինը խորհրդանշում է հանգստություն, անկաշկանդություն մարդկանց հետ հարաբերություններում, ինտելեկտ: Այն սիրողները շփվող, հետաքրքրասեր, համարձակ, հեշտ հարմարվող մարդիկ են, ովքեր հաճույք են ստանում դուր գալու և մարդկանց դեպի իրենց ձգելու հնարավորությունից: Եթե դեղինը տհաճ է, ապա գործ ունենք վատատես մարդու հետ, ում հետ դժվար է ծանոթություն հաստատել: Դեղինը ստացվում է կանաչի և կարմիրի խառնումից և հանդիսանում է էներգիայի գույնը: Այս գույնը ավելի շատ նախընտրում են հղի կանայք, ովքեր սպասում են ծննդաբերության բարեհաջող ավարտին, ինչպես նաև մարդիկ, ովքեր հակված են բնակության վայրի փոփոխման:
  • Մոխրագույն` խելամիտ, ոչ ոքի չվստահող, որոշում կայացնելուց առաջ երկար մտածող անձանց սիրելի գույնն է: Սա նաև չեզոք գույն է, որը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են աննկատ մնալ: Իսկ եթե այս գույնը ընդհանրապես դուր չի գալիս, ապա դա թեթևամիտ և պոռթկուն բնավորության ցուցանիշ է: Հաճախ այս գույնը նախընտրելի է դառնում ուժեղ գերհոգնածության ժամանակ՝ որպես արտաքին աշխարհից եկող լարվածությանը դիմադրող վահան: Մոտ երկու հազար տղամարդկանց  հետազոտումը թափուր աշխատատեղերի մրցութային քննությունների ժամանակ ցույց տվեց, որ մոխրագույնը առաջին տեղում դրեցին հարցվածների 27%-ը, իսկ սովորական, ոչ սթրեսային իրավիճակներում` ընդամենը  5%-ը:
  • Սպիտակ` բոլոր գույների սինթեզը, այդ իսկ պատճառով այն “իդեալական” գույն է համարվում: Այն բազմաբովանդակ է, քանի որ միևնույն ժամանակ հաղորդում է լույսի փայլը և սառույցի սառնությունը: Այս գույնին կարող է նախապատվություն տալ ցանկացած բնավորության տեր մարդ, քանի որ այն ոչ ոքի չի վանում:
  • Սև` անվստահության գույնը, որը խորհրդանշում է կյանքի մռայլ ընկալումը: Նա, ով նախընտրում է սև հագուստ, հակված է դեպրեսիայի, քանի որ համոզված է, որ իր կյանքի իդեալները անհասանելի են: Սև զգեստի  հաճախակի փոխարինումը առավել վառ, աչքի ընկնող հագուստով վկայում է այն մասին, որ հոռետեսական տրամադրությունը հաճախ է նահանջում: Սևին մշտապես նախապատվություն տալը խոսում է այն մասին, որ կա որոշակի ճգնաժամային վիճակ և բնութագրում է աշխարhի կամ սեփական ես-ի ագրեսիվ մերժումը: Հոգատարության և սիրո բացակայությունը սուր կերպով զգացող երեխաները հաճախ են իրենց նկարներում օգտագործում այս գույնը: Նորմայում սև գույնը, որպես կանոն, մերժվում է;

Աձի հոգեբանական առանձնահատկությունների մասին մեզ կարող են պատմել նաև այլ գույներ: Այսպես` նարնջագույնը այն մարդկանց սիրելի գույնն է, ովքեր ունեն լավ ինտուիցիա և տարվում են երազանքներով: Զինանիշագիտության մեջ այս գույնը նշանակում է նաև երկերեսանիություն: Վարդագույնը կյանքի և կենդանի ամեն ինչի գույնն է: Այն հիշեցնում է, որ պետք է սիրել և լինել ավելի բարի: Նրանք, ում սիրելի գույնը վարդագույնն է, կարող են անհանգստանալ ամենաչնչին պատճառից: Իսկ չափազանց պրագմատիկ մարդկանց մոտ այս գույնը առաջացնում է լարվածություն: Մանուշակագույնը խորհրդանշում է մարդուն հատուկ ինֆանտիլությունը և ներշնչվողականությունը, օգնության և հենարանի կարիքը: Այս առումով մանուշակագույնի ընտրությունը կամ ժխտումը հանդիսանում է հոգեբանական և սեռական հասունության ցուցիչ:

Չմոռանանք, որ գույների մեկնաբանությունները խիստ հարաբերական են և գույնի նախընտրությունը կարող է պայմանավորված լինել կյանքի տարբեր իրավիճակներով: Հետազոտությունները, որոնք անց են կացվել ռուսաստանյան հոգեբաններ Վ.Ֆ.Պետրենկոն և Վ.Վ.Կուչերենկոն, հաստատում են կապը մարդու հուզական վիճակի և գույնի ընտրության միջև: Այսպես, ուրախ իրավիճակներում ընտրում են առավելապես էներգիայով լի գույներ` դեղին և կարմիր, միևնույն ժամանակ մերժվում են հանգիստ և թուլացնող գույները` կապույտը և շագանակագույնը, ինչպես նաև անէության գույնը` սևը: Այն իրավիճակներում, երբ մարդը տարբեր արարքների պատճառով մեղքի զգացում է ունենում, բնութագրական է էներգիա կրող գույների`կարմիրի և դեղինի մերժումը և մոխրագույնին ու կապույտին նախապատվություն տալը: Կապույտն, այդպիսով, արտացոլում է ոչ միայն բացարձակ հանգստություն, այլ մոխրագույնի հետ համադրված՝ նշանակում է նաև պասիվ ընկճվածության վիճակ: Մարդու համար որևէ վտանգ ներկայացնող իրավիճակներում բնութագրական է կանաչ (կապված կամքի լարման հետ) և դեղին (էներգիայով լի գույն` կապված լարվածության արագ պարպման հետ) գույներին նախապատվություն տալը: Վախի պարագայում բնութագրական է կանաչի և մոխրագույնի ընտրությունը և դեղինի, կարմիրի ու մանուշակագույնի մերժումը: Իսկ եթե վտանգի դեպքում ռեակցիան ոչ թե վախն է, այլ ագրեսիվ լարվածությունը բնութագրական է դեղինի և կանաչի համադրությունը` զուգորդված սևի և շագանակագույնի մերժումով:

 Նյութը թարգմանեց  Լարիսա Աբրահամյանը

Աղբյուրը՝ www.psyfactor.org

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.