Գեղեցիկ խոսքի արժեքը

Նյութի աղբյուրը՝ www.hhpress.am
Վերջին ժամանակներում ծնողները սկսել են մեծ ուշադրություն դարձնել իրենց երեխաների խոսքային խանգարումներին։ Եթե նախկինում համարում էին, որ խնդիրն ինքն իրեն կկարգավորվի, ապա ներկայումս ծնողները հիմնականում շատ զգայուն են եւ միանգամից դիմում են լոգոպեդին։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կլինիկական հոգեբան, լոգոպեդ Էմմա Արզիեւան «ՀՀ»—ի հետ զրույցում կարեւորեց մարդկանց տեղեկացվածությունը խնդրի վերաբերյալ։ «Կարող է թվալ, թե խոսքային խանգարումները շատացել են, մինչդեռ ընդամենը խնդրի հանդեպ հասարակության ուշադրությունն է ավելացել։ Լոգոպեդիան յուրահատուկ գիտություն է նրանով, որ հնարավորություն է տալիս օգնելու մարդկանց գեղեցիկ եւ արտահայտիչ խոսել»,–ասաց նա։
Ժամանակակից դասակարգման մեջ լոգոպեդիայում առանձնացնում են գրավոր եւ բանավոր խոսքի խանգարումներ։ Ամենատարածված խոսքի խանգարումը դիսլալիան է, այսինքն՝ մեկ կամ մի քանի հնչյունախմբերից վերցրած հնչյունների ոչ ճիշտ կամ աղավաղված արտասանումը, կամ էլ ընդհանրապես այդ հնչյունի բացակայությունը։ Մյուս առավել տարածված խոսքի խանգարումներից է կակազությունը։ Լոգոպեդը թյուր է համարում այն կարծիքը, թե կակազությունը միայն լոգոպեդական միջամտություն է պահանջում։ Այն նախեւառաջ ենթադրում է համալիր միջամտություն։ «Սիրում եմ աշխատել կակազող երեխաների հետ, որովհետեւ երեխային գեղեցիկ եւ սահուն խոսել սովորեցնելուց հաճելի եւ հետաքրքիր բան չկա»,–նշեց նա։
Իհարկե, կան խոսքային խանգարումներ, որոնք լիարժեք չեն անցնում, քանի որ ունեն օրգանական ծագում կամ մեկ այլ հիվանդության հետեւանք են։ Է. Արզիեւան կարծում է, որ պետք չէ համակերպվել դրա հետ եւ ոչինչ չձեռնարկել, քանի որ խոսքային խնդրին անհարժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում կարելի է կանխել դրա հետագա զարգացումն ու կարծրացումը։ Որքան շուտ ծնողը դիմի լոգոպեդական եւ հոգեբանական օգնության, այնքան հեշտ կլինի բուժումը։
Ինչ վերաբերում է խոսքային խանգարումների զարգացմանը, ապա կա որոշակի տրամաբանություն։ Լոգոպեդը մեկնաբանում է, որ բացառությամբ մի քանի դեպքերի, որեւէ խոսքային խանգարում միանգամից չի զարգանում։ «Եթե երեխան չի խոսել մինչեւ երեք տարեկան հասակը, ապա ծնողը պետք է ուշադրություն դարձներ՝ արդյո՞ք գեղգեղանքի, թոթովանքի փուլը նորմալ է զարգացել, թե ոչ։ Եթե այդ փուլը չի եղել, ապա դա արդեն ահազանգ պետք է լինի ծնողի համար, որ ինչ—որ մի բան սխալ է զարգանում։ Շատ դեպքերում ծնողներն ասում են, թե իրենք էլ ուշ են խոսել, բայց դա միֆային պատկերացում է, քանի որ խոսքը երբեւէ միանգամից չի սկսվում, միշտ կա գեղգեղանք, թոթովանք, խոսք։ Այլ հարց է, որ մենք միշտ չէ, որ ուշադրություն ենք դարձնում այդ ամենին»,–մեկնաբանեց Է. Արզիեւան։
Հոգեբան—խորհրդատու Լիանա Թերզյանի խոսքով, մի կողմ թողնելով խոսքի խանգարման օբյեկտիվ պատճառները՝ գենետիկական, ֆիզիոլոգիական, հղիության շրջանում որոշակի դեղորայքների ընդունումը, վիրուսները, ինչպես նաեւ ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները, մնացած պատճառները սոցիալական են, դաստիարակության հետեւանքով առաջացած։ Դրանցից է գերխնամքը, երբ շատ են կենտրոնանում երեխայի վրա, կատարում են նրա բոլոր հրահանգները եւ, առավելագույն ուշադրություն ցուցաբերելով, մոռանում են խոսեցնել երեխային։ «Իհարկե, ճիշտ կլինի, որպեսզի ծնողն անկախ այն բանից հասկանում է երեխային, թե ոչ, թույլ տա նրան ինքնուրույն բացատրել իր ուզածը։ Խոսքը կապված է նյարդային համակարգի, գիտակցության հետ, եւ եթե երեխային չխոսեցնենք, ապա հետագայում ոչ միայն խոսքի, այլեւ ընդհանուր զարգացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ»,–բացատրեց հոգեբանը։
Նույն խնդիրները կարող են առաջանալ նաեւ երեխային անուշադրության մատնելու հետեւանքով, երբ զբաղված լինելու պատճառով բավարար չափով չեն զբաղվում երեխայով կամ զբաղեցնելու նպատակով մուլտֆիլմեր են միացնում։ Լ. Թերզյանի դիտարկմամբ, վերջին հանգամանքը կարող է ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն ունենալ. դրական առումով՝ երեխան լսում է խոսքը, լրացնում պասիվ բառապաշարը, բայց հեռուստացույցից մատուցվող խոսքը տարբերվում է սոցիալական հարաբերություններում օգտագործվող խոսքից։ «Երեխայի հետ շփումը պետք է ճիշտ լինի. հաճախ փոքրիկներին սիրելիս փաղաքշական բառեր ենք օգտագործում, թոթովախոսում ենք եւ արդյունքում խոչընդոտում ենք երեխայի խոսքի զարգացմանը։ Նրանց հետ աշխատելու լավագույն միջոցը հասուն եւ մատչելի լեզվով հաղորդակցվելն է»,–ասաց նա։
Բացի դաստիարակչական սխալներից, խոսքի զարգացման վրա կարող են ազդել նաեւ աֆեկտիվ, տրավմատիկ վիճակները, ինչպես, օրինակ՝ ծնողից թեկուզ կարճատեւ բաժանումը, վթարները, բարձր ձայները, ծնողների վեճը։
Հետաքրքիր տեսություն կա, որ երեխաները, չկարողանալով իրենց բացասական վերաբերմունքը, զայրույթն արտահայտել շուրջը տեղի ունեցող իրադարձությունների կամ երեւույթների հանդեպ, ենթագիտակցորեն սոմատիկ խնդիրներ են ունենում, ինչը կարող է կապված լինել չխոսելու, չլսելու, ինչպես նաեւ շնչառական կամ այլ հիվանդությունների հետ։
Խոսելով հասարակության կյանքում, նաեւ խոսքի զարգացման վրա ժամանակակից տեխնոլոգիաների ունեցած դերի մասին՝ Լ. Թերզյանը նշեց, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հետ է գնում սոցիալական զարգացումը։ Երեխայի ոչ միայն խոսքային, այլեւ ընդհանուր զարգացման համար շատ կարեւոր է հուզական բաղադրիչը եւ միջանձնային շփումը, առաջին հերթին ընտանիքում, այնուհետեւ մանկապարտեզում, դպրոցում, բակում։ «Զարգացնելով տեխնոլոգիական հնարավորությունները, մենք երեխային հեռացնում ենք իր համար բնական միջավայրից՝ սոցիումից։ Բացի շփման պակասից, համակարգչային միջավայրը չի ապահովում մանր մոտորիկայի զարգացումը, ինչը շատ կարեւոր է խոսքի զարգացման համար։ Այդ ամենն առավել ցայտուն է արտահայտվում խոսքի զարգացման խնդիր ունեցող անձանց մոտ։ Դրան հակառակ շատ դրական է կավի հետ աշխատանքը, մատներով նկարչությունը, ավազով խաղալը կամ զուտ վարժություններ անելը»,–մեկնաբանեց զրուցակիցս։
Գրագետ օգտվելու եւ ճիշտ չափաբաժինը պահելու դեպքում ժամանակակից տեխնոլոգիաները դրական կարող են ազդել եւ չեն վնասի։ Օրինակ, չի խրախուսվում նախադպրոցական տարիքի երեխաներին մեկ ժամից ավելի մուլտֆիլմեր նայել, քանի որ ծանրաբեռնվում է երեխայի ուղեղը. «Եթե նկատել եք, մուլտֆիլմերում պատկերները մեծ հաճախությամբ են փոփոխվում, ինչն ազդում է ուղեղի վրա։ Արդյունքում նախադպրոցական տարիքի երեխան չի հասցնում այդ փոփոխությունների հետեւից, երբ մի դրվագին անմիջապես հաջորդում է մյուսը»,–բացատրեց Է. Արզիեւան։ Սխալ է նաեւ քնելուց առաջ մուլտֆիլմեր դիտելը, ինչը քնի հիգիենիկ նորմերի խախտում է եւ կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա։ Ի դեպ, քնելուց արդեն 40 րոպե առաջ երեխան պետք է անցնի պասիվ ռեժիմի։
Մասնագետը զգուշացնում է, որ ծնողները երեխաներին չծանրաբեռնեն իրենց տարիքին ոչ համապատասխան ինֆորմացիայով։ Ցանկալի է, որ երեխայի զարգացումն ընթանա խաղերի միջոցով։

Դպրոցում լոգոպեդները «հնաբնակ» են

«Խոսքը մտածողության գործիք է, ինֆորմացիայի եւ հիշողության կրող, հաղորդակցման միջոց։ Հետեւաբար որքան վաղ տարիքում հայտնաբերվի խոսքի խանգարումը, այնքան դա կանխարգելիչ ազդեցություն կունենա ուսումնառության ընթացքում եւ խոչընդոտ չի հանդիսանա ուսումնական գործընթացը ճիշտ կազմակերպելուն»,–վստահ է Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի հատուկ մանկավարժ—լոգոպեդ Լիզա Հարությունյանը։ Դպրոցում առավել հաճախ հանդիպող խնդիրներից մասնագետն առանձնացրեց թլվատությունը, կակազությունը։ Խոսքի հնչյունային խանգարումները հիմնականում տարրական դասարաններում շտկվում են եւ բարձր դասարաններում գրեթե չեն հանդիպում։ Օրգանական խնդիրների հետեւանքով խոսքի խանգարում ունեցող երեխաները քիչ են։ Ներառական կրթության ծրագրի շրջանակում նրանց հետ համատեղ աշխատանք են տանում լոգոդեպը, ուսուցիչը, հոգեբանը, սոցմանկավարժը, նաեւ՝ ծնողը։ Նշենք, որ պարապմունքներն անցկացվում են շաբաթական երկուսից երեք անգամ։ Աշխատանքների ընթացքում երեխաները չեն կաշկանդվում կամ բարդույթավորվում, քանի որ խմբի ներսում աշխատանքը տարվում է խաղի միջոցով, եւ երեխաները խաղային պրոցեսում հաճախ իրենք են վերհանում իրենց խնդիրները։
Աշխատանքը ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար դպրոցն ունի համապատասխան սենյակ՝ հագեցած լոգոպեդին անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հայելի, մեխանիկական միջոցներ, խաղեր եւ այլն։ «Սենյակն այնքան գրավիչ է, որ խոսքի հետ կապված խնդիր չունեցող երեխաները նույնպես հաճույքով են այցելում։ Երեխան պարզապես խաղում է, մինչդեռ մեր կողմից ընթանում է շտկողական աշխատանք։ Երեխաները տանը, բակում էլ կարող են խաղալ, բայց այստեղ դրանք ունեն կոնկերտ նպատակ եւ անցկացվում են հատուկ մեթոդներով»,–ասաց դպրոցի մասնագետը։ Երեխա—ծնող—մասնագետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնում է այն, որ իրենց դպրոցում թույլատրվում է, որպեսզի ծնողը մասնակցի պարապմունքներին։ Երբ ծնողը ներկա է գտնվում, ծանոթանում է ամբողջ աշխատանքային գործընթացին, տեսնում է ինչից են սկսում եւ ինչպիսի արդյունքներ են ունենում, ապա այդ ամենը հավատ է ներշնչում։
Մասնագետի առկայությունը դպրոցում մշտապես եղել է, պարզապես լեզվական խնդիր ունեցող երեխաների հետ աշխատանքը կազմակերպվել է այնպես, որպեսզի սահուն, գրագետ եւ աննկատ տարվի։ Լ. Հարությունյանն ընդգծեց, որ հանրակրթական դպրոցների համար խոսքի խանգարման խնդիրները լուրջ բնույթ չեն կրում, սակայն մասնագետ չունենալն արդեն իսկ խնդիր կլիներ։ «Խնդիր չէ, քանի որ ունենք մասնագետ, եւ հարցն իր լուծումն է ստանում։ Լոգոպեդը, ինչպես նաեւ ցանկացած մասնագետ, դպրոցում շատ կարեւոր է, քանի որ խոսքի խանգարման խնդիրը կարգավորելուց բացի, այն կարող է հետագայում մասնագիտական կողմնորոշման հարց էլ լուծել։ Այդ երեխան, ում մոտ խնդիր է եղել եւ շտկվել է, հետագայում ինքը կարող է որոշել օգնել այլ երեխաների»,–ասաց նա։
Հոգեթերապեւտ Հասմիկ Հակոբյանի խոսքով, եթե ծնողները մասնագետի օգնությանը դիմելու փոխարեն փորձեն թաքցնել իրենց պատկերացմամբ երեխայի «բացերը», ապա այդ հանգամանքն ավելի կբարդացնի դպրոցականի ուսումնական պրոցեսը։ Առաջնային հետազոտական շրջանում միգուցե ուսուցիչները չհասկանան, որ երեխան խնդիր ունի՝ կարծելով, թե նա համառում է կամ լռում, մինչդեռ լեզվական խնդիրներն ազդում են ուսումնական նյութի ընկալման եւ երեխայի կողմից մատուցման վրա։ Այդ առումով Հ. Հակոբյանի գնահատմամբ, տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Այսօր արդեն հոգեբանները եւ լոգոպեդները շրջում են դասարաններում, հատկապես տարրական դասարաններում եւ բացահայտում նաեւ լեզվական խնդիր ունեցող երեխաներին։ «Առաջին հերթին գործ ունենք երեխայի ներաշխարհի հետ, ով լեզվական խնդիրների պատճառով դժվարանում է լիարժեքորեն ներգրավվել ուսումնական գործընթացի մեջ։ Մյուս կողմից էլ՝ խոսքի հետ կապված խնդրները կարող են սթրեսի հետեւանք լինել։ Առաջին ուսումնական տարին մեծ սթրես է երեխայի համար եւ նրան պետք է ընտելացնել նոր միջավայրին, նոր հարաբերություններին, օգնել, որպեսզի կարողանա ինքնադրսեւորվել եւ բարձրացնել ինքնագնահատականը։ Այդ պարագայում ցանկալի է, որպեսզի լոգոպեդի հետ միասին նաեւ հոգեբան աշխատի»,–ասաց հոգեթերապեւտը։

Մասնագիտական գրականությունը երբեք շատ չի լինում

Ցանկացած, այդ թվում՝ նաեւ լոգոպեդիայի ոլորտում, չափազանց կարեւոր է հայերենով մասնագիտական գրականության առկայությունը։ Եթե նախկինում գերակշռում էին թարգմանված գրքերն ու դասագրքերը, ապա վերջին տարիներին ավելացել են հայ մասնագետների հեղինակային գրքերը։ Այդ պատասխանատու աշխատանքն իրականացվում է ինչպես կրթության ազգային ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մասնագետների, այնպես էլ՝ հասարակական եւ այլ կազմակերպությունների կողմից։
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանի կարծիքով, առկա գրականությունը դեռ չի կարելի բավարար համարել եւ անհրաժեշտ է մշտապես համալրել մեր մտածողությանը, կարիքներին եւ պայմաններին համապատասխան ինչպես հեղինակային, այնպես էլ՝ թարգմանված եւ հարմարեցված գրքերով։
«Ողջունելի է, որ պրակտիկ մասնագետները սկսել են մեծ ներդրում ունենալ ոլորտում։ Եթե նախկինում մասնագետների մոտ այն մտածելակերպն էր գերիշխում, որ արդեն կան խաղեր եւ իմաստ չունի նորերը գրել, այսօր այն համոզմունքն է ձեւավորվում, որ յուրաքանչյուր մասնագետ պարտավոր է կիսել իր գիտելիքները եւ փորձը։ Ցանկալի է նաեւ, որպեսզի տեսությունն ու պրակտիկան իրականացնողները սերտորեն համագործակցեն։ Դասախոսը պետք է պատրաստ լինի, որ երբ ուսանողին տեսություն է մատուցում, ապա հետագայում նրանից պրակտիկա է սովորելու»,–մեկնաբանեց զրուցակիցս։
Հոգեբանի խոսքով, դասագրքերը պետք է հարմարեցված լինեն ոչ միայն լեզվի ընկալման, այլեւ ֆունկցիոնալության առումով։ Կան խաղեր, որոնք ծառայում են մեկ նպատակի, սակայն փորձարկման արդյունքում մշակվում են այդ խաղի մի քանի տարբերակներ եւս։ Լեզվի մասով դասագիրքը պետք է հնարավորինս զերծ լինի խիստ մասնագիտական տերմինաբանությունից։
Կարեւորելով պրակտիկ մասնագետների փորձն ու գիտելիքները՝ Ս. Հովսեփյանը նախաձեռնել եւ մի խումբ լոգոպեդների, հոգեբանների հետ կյանքի է կոչել «Խաղանք եւ սովորենք» ժողովածուն։ Նշենք, որ այն ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված է որպես ուսումնամեթոդական օժանդակ ձեռնարկ մասնագետների համար։ Ժողովածուն բաղկացած է երեք՝ ուսուցողական, լոգոպեդական եւ հոգեբանական խաղերի բաժիններից։ Գրքում ընդգրկված խաղերի առանձնահատկությունն այն է, որ բոլորը աշխատանքի ընթացքում փորձարկված խաղեր են։
Ս. Հովսեփյանը նշեց, որ մտածում են այս խաղերն ունենալ նաեւ տեսատարբերակով։ Այդպես ավելի մատչելի եւ հասանելի կլինեն, քանի որ ծնողը կարող է տանը տեսատարբերակով աշխատել իր երեխայի հետ, ինչը չափազանց կարեւոր է հատկապես մարզերում։
Կան նաեւ որոշակի խաղեր, վարժություններ, որոնք հնարավոր է, այս կերպ առավել ճշգրիտ ներկայացնել, որպեսզի մասնագետը տեսնի դրանց կիրառությունը։ Իրենք շեշտը դնելու են լեզվի ճիշտ դրման տարբերակով խոսքի խանգարումների կարգավորման վրա։
Նյութի աղբյուրը՝ www.hhpress.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.