Ի՞նչ է քոուչինգը

Քոուչինգը ժամանակակից հոգեբանության մեջ նոր ուղղություն է: Այն ի հայտ է եկել 20-րդ դարի 80-ական թվականներին, երբ հիմնադիրներ Թիմոթի Գոուլվին և Ջոն Ուիթմորը որոշեցին չեմպիոնների հետ անհատական մարզումների դրական փորձը կիրառել նաև հոգեբանության մեջ: Քոուչինգն այսօր հաջողությամբ ներառում է մենեջմենթի, սպորտի, հոգեբանության և փիլիսոփայության ձեռքբերումները:

 Ո՞րն է քոուչինգի առանձնահատկությունը– Քոուչը (քոուչինգ իրականացնող մասնագետը) չի տալիս կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ: Նա ակտիվացնում է մարդու մեջ ձգտումը դեպի հաջողություն՝ հենվելով այցելուի անհատական դրական փորձի վրա: Քոուչինգի հիմնական կարգախոսն է՝ «Մեզնից յուրաքանչյուրն ունի բավարար պոտենցիալ հաջողության հասնելու համար»:

Քոուչ-մասնագետի խնդիրն է՝ աջակցել այցելուին արդյունավետ վարք ձևավորել իր գործունեության այս կամ այն ոլորտի մեջ (բիզնես, կարիերայի կառուցում, անձնական կյանք):

 Անձի զարգացման անհատական գործընթացին աջակցելը համարվում է քոուչինգի այցեքարտը:

Քոուչինգում կիրառվում է «ներքին խաղ» երևույթը, որը հենվում է կյանքի նկատմամբ մարդու ստեղծագործական և դրական վերաբերմունքի վրա: Խաղը, որպես գործունեության ձև, օգնում է կիրառել ունեցած գիտելիքներն ու կարողությունները՝ առանց ավելորդ լարվածության, հաճույք ստանալով ինքնաբացահայտման և ինքնակատարելագործման գործընթացից: Քոուչինգը հնարավորություն է տալիս զգալու կյանքի համը, սիրելու և հետաքրքրվելու այն ամենով, ինչով զբաղվում է անձը:

Քոուչինգում քոուչի և այցելուի հարաբերություններն ի սկզբանե կառուցվում են գործընկերային հարթության վրա: Նրանց հաճախ անվանում են խաղընկերներ: Քոուչը կիրառում է «ուժեղ» հարցերի մեթոդը՝ այցելուի նպատակների, մոտիվների և արժեքների պարզաբանման համար: «Ի՞նչ է Ձեզ համար նշանակում երջանկություն», «Ինչպե՞ս եք Ձեզ տեսնում/լսում/զգում՝ որպես երջանիկ մարդ», «Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ուրախացնում», «Ինչքա՞ն հաճախ եք Դուք  ժամանակ հատկացնում Ձեզ երջանկացնող երևույթներին»: Նմանատիպ բաց հարցերը թույլ են տալիս ակտիվացնել այցելուի կողմից իրավիճակի գիտակցված և ստեղծագործական ընկալումը: Քոուչը օգնում է նաև մաքսիմալ կոնկրետացնել, հստակեցնել գծագրած ծրագրի քայլերը: Պլանավորումից հետո գալիս է ամենապատասխանատու փուլը՝ մշակված ծրագրի գործնական իրականացումը: Քոուչը ոգևորում է այցելուին, օգնում է հավատալ իր ուժերին՝ հենվելով վերջինիս դրական փորձի վրա: Քոուչինգում չկան անհաջողություններ կամ խնդիրներ, կան միայն դասեր և մարտահրավերներ: Ամեն իրավիճակ սովորեցնում է ինչ-որ բան, իսկ քոուչը օգնում է հստակեցնել՝ կոնկրետ ինչ որակներ, կարողություններ, գիտելիքներ պետք է զարգացնել՝ առաջընթաց ունենալու համար: Այդպես է ձևավորվում հաջողակ մարդու հոգեբանությունը:

Ու՞մ է հարկավոր քոուչինգը– Յուրաքանչյուրին, ով ունի հարուստ կենսափորձ, կրեատիվ մտածողություն, ով ցանկանում է ունենալ անձնային աճ և զարգացնել լիդերային որակներ:

Նյութը պատրաստեց Տարաս Վավրիկը

20

Թողնել մեկնաբանություն