Անհատի ապրումակցման (էմպաթիայի) գործընթացը՝ որպես իր համար ստեղծված ծուղակ

 Հեղինակ՝ Ռուբեն Պողոսյան

20-րդ դարի ամերիկացի ֆանտաստ գրող Բրեդ Բերին իր ֆանտաստիկ պատումներից մեկում հանճարեղորեն կռահել էր, որ այն անհատը, ով որպես անձ դեռևս ձեռք չէր բերել իր ինքնությունը, իր ես-ը, ես-ի սահմանները, հեշտությամբ կերպարանափոխվում և դառնում էր դիմացինի բացարձակ կրկնօրինակը, սակայն երբ այդ հերոսի շուրջ հավաքվում են բոլոր այն անձինք, ում հետ նա կրկնօրինակվել և նույնականացել էր, նա հօդս է ցնդում, իսպառ անհետանում է և դադարում է գոյություն ունենալ:
Ընդհանրապես, ես հակված եմ կրկնելու ուսանողներին, տարբեր բանավեճերում, հոդվածներում, որ հոգեբանությունը գիտություն է բացակայության մասին, դրանով իսկ նրա ուսումնասիրության առարկան խիստ առանձնակի է: Ոչ ոք չի կարող պնդել, որ գիտի, թե ինչպես է ծագում զգացմունքը, հույզերը՝ մասնավորապես ապրումակցումը: Զարմանալին այն է, որ մենք բոլորս առօրյայում այդ հույզերը ճանաչում ենք, ինչպես մեզ շրջապատող իրերն ու առարկաները: Բայց երբեք չենք կարող իմանալ, թե որտեղից են դրանք գալիս, դրանց ծագման աղբյուրը: Ճանաչողության հնարը նույնպես մեզ չի նպաստում, որպեսզի բացահայտենք դրա աղբյուրը, որովհետև այն խիստ առեղծվածային ու գաղտնագրված է, և անգամ այլ իրերի, առարկաների ծագման ճանաչման եղանակով էլ չենք կարող հոգեկանը ճանաչել: Դեռևս գիտությունը չի կարողանում թափանցել հոգեկանի տիրույթ՝ այդ «բացակայության» մեջ, չունի համապատասխան գործիքակազմ այդ դատարկությունը ճանաչելու համար, իսկ բացակայությունը դա հենց հոգեբանության գիտության հիմնաքարն է:

Այսպես, մենք հանգում ենք  հոգեբանության գիտության ամենակարևոր հարցին՝ նրա մեթոդաբանության հիմնահարցին: Երբ խոսքը վերաբերում է ապրումակցմանը մարդու կյանքում, որն անհատին ապրեցնում է, ապա նկատում ենք, որ այդ առավելության կողքին կա ևս մի բան, որն ունի իր բացասական կողմերը: Բանն այն է, որ ապրումակցում, նախ և առաջ, նշանակում է ինչ-որ մեկի հետ համատեղորեն վերապրել դիմացինին, բայց չէ՞ որ դա այլաբանություն է: Ինչպե՞ս կարող է անհատը թափանցել դիմացինի հուզական ոլորտը և նույնականացվել դրան, ամբողջովին տարրալուծվել նրա հուզական ոլորտի հետ, սա իսկապես առեղծված է:

1. Մենք հակված ենք ասելու՝ «այնքան ուժասպառ եմ, որ ոչինչ չեմ զգում», բայց չէ՞ որ այդպես չի կարող լինել, դա այլաբանություն է, այսինքն փաստացի դա այդպես չէ: Անհատը ինչ հուզականություն որ դրսևորում է դիմացինի հետ մեկտեղ, միևնույնն է՝ դիմացինին իր հետ է նույնականացնում, որովհետև անհնար է այդ հեքիաթային դիցը՝ ամբողջովին փոխվել և դառնալ դիմացինը: Մարդկությունը այդպիսի երազանք ունեցել է՝ նույնականացման, ֆետիշացման երազանք, բայց որքանով դա ռեալ գործընթաց է, այնքան էլ անիրականանալի:

2. Ապրումակցել նաև նշանակում է՝ անհատը պահպանելով և չվտանգելով իր անհատականությունը, ձգտում է միևնույն ժամանակ չմնալ միայնակ, միշտ լինել ուրիշի հետ, քանի որ մարդկային էակն իր հոգեկանով հանդերձ նաև այլության ծնունդ է, հետևապես նրա այդ անհատի ինքնության վրա կան նաև այլության հետքեր: Այսպիսով, անհրաժեշտ է գտնել այն սահմանը, որում անհատը միևնույն ժամանակ և՛ ինքն է, և՛ այլություն է, և այդ սահմանը երբեք չպետք է խախտվի: Արդյո՞ք հնարավոր է գիտականորեն այդ մեթոդաբանությունը կյանքի կոչել, որպեսզի մարդը պատրանք չունենա ապրումակցման մեջ ամբողջովին վերածվել ուրիշի, դիմացինի այլության: Եթե նման միտում կա, ապա դա ընդամենը պատրանք է, այլ ոչ թե իրականություն: Չի կարելի էմպաթիային վերագրել բացարձակության դեր, այն անձի հարաբերական որակներից մեկն է:

3. Ինչպես արդեն նշեցինք սկզբում, հոգեբանությունը գիտություն է բացակայության մասին: Եթե մենք անգամ ստեղծում ենք մեր հուզական աշխարհը, նաև հարաբերակցվում ենք այդ հույզերով դիմացինի հետ, ապրումակցում ենք: Նախ և առաջ, այստեղ պետք է պարզենք ՝ ինչպես է առաջանում հուզականությունը, աֆեկտը, զգացմունքների ձևերը, որոնք ի սկզբանե, հավանաբար, կարող են ծագել, առաջանալ որպես հարաբերությունների կառուցման ներուժ: Դա իհարկե վարկած է, բայց առանց դրա անհնար է: Չնայած որ մարդկային էակը միայնակ է ծնվում այս աշխարհում, այնուամենայնիվ, նա անխուսափելիորեն է մտնում հարաբերությունների մեջ: Ճիշտ այդպիսի ճակատագիր ունի նրա հոգեկանի ձևերի ծնունդն ու հետագա ձևավորումը:

Այսպիսով, ապրումակցման (էմպաթիայի) արդեն իսկ կայացած ձևերը, ընդհանուր առմամբ, պատրանք են ներշնչում, որ մարդն իր հույզերով կարող է նույնականանալ, միաձուլվել դիմացինի հետ, դառնալ մեկ ամբողջություն, այսինքն դա պատրանք է, քանի որ սուբյեկտն ի վերջո ունի իր ինքնությունը, ես-ը և այդ ես-ի սահմանները, մինչդեռ հոգեկանի ուսումնասիրության գործիքակազմի ստեղծման հիմքով միայն հնարավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝ որտե՞ղ է գտնվում ես-ը և ո՞րն է մենք-ի տիրույթ:
                                                                                       Հոդվածի հեղինակ՝ հ.գ.թ. դոցենտ Ռուբեն Պողոսյան

20

Related Post

Թողնել մեկնաբանություն