Ի՞նչ հոգեբանական ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը հայ ժողովրդի համար

«Արմեդիա» ՏՎԳ-ն Հայոց ցեղասպանության հոգեբանական ազդեցության և այդ համատեքստում ճանաչման կարևորության մասին զրուցել է ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ:

– Պարոն Պողոսյան, հոգեբանական ի՞նչ հետևանքներ է թողել Հայոց ցեղասպանությունը, որոնք պահպանվել են մինչ օրս:

– Ցեղասպանության արդյունքում առաջացել էր հետաքրքիր հոգեբանություն՝ չխոսել, լռել դրա մասին, քանի որ մտածում էին, որ դրա մասին բարձրաձայնելու դեպքում կարող է ավելի վատ բան տեղի ունենա: Սակայն, այդ մասին պետք է խոսվի. խոսելը վկայություն, ճանաչողություն է: Ցեղասպանությունն անշուշտ սարսափելի բան է, սակայն ավելի սարսափելի է, երբ մենք լռում ենք դրա մասին՝ այն դարձնելով ուրվական:

Իմ պապիկը Բայազետից էր, տատիկս՝ Իգդիրից: Ցեղասպանության տարիներին գաղթել էին Հայաստան: Տատիկս երբեք չեր արտաբերում «ես քեզ սիրում եմ» բառերը, չեմ հիշում, որ երբևէ փաթաթվեր, համբուրեր մեզ: Նա բավականին համեղ բաներ էր պատրաստում, և երբ ասում էինք «տատիկ ջան ինչ համեղ է», լուռ ժպտում էր: Հետո մենք իմացանք, որ տատիկի աչքի առաջ իր տեգոր երեխաներին, որոնց նա շատ է սիրել, գլխատել են. ինքը վախենում էր իր սերն արտահայտեր, քանի որ սնահավատորեն մտածում էր, որ եթե հանկարծ ասի, որ սիրում է, կարող է վատ բան պատահել:

Միշտ ինչ-որ ուրախ առիթների ժամանակ տատիկիս մոտ ուժեղ ագրեսիա էր արթնանում: Դա Ցեղասպանության ազդեցություն էր, վախենում էր, որ վատ բան տեղի կունենա: Այժմ մեր ժողովրդի մոտ էլ է նկատվում ցեղասպանության այդ ազդեցությունը:  Ապրիլի 24-ի շեմին ժողովրդի մոտ ինչ-որ իրարանցում է սկսվում, վարքը փոխվում է. Դա ամսաթվի սինդրոմն է:

Ցեղասպանության հոգեբանական ազդեցությունը վերջին տասնամյակներում ինչ-որ չափով մեղմվել է, քանի որ սկսել են ավելի շատ խոսել դրա մասին: Խոսքը բուժիչ հատկություն ունի:

Սակայն միևնույն ժամանակ վտանգավոր միտումներ են նկատվում. ժամանակի ընթացքում մենք սկսել ենք սիրել զոհի մեր կարգավիճակը, նույնիսկ առանձին դեպքերում սկսել ենք հպարտանալ այդ կարգավիճակով: Սա հոգեբանական շատ վտանգավոր սահման է, ինչի դեմ պետք է գլոբալ պայքար սկսվի:

– Արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը կնպաստի «Ցեղասպանված ազգի» սինդրոմից ազատվելուն:

– Ճանաչումն անշուշտ շատ կարևոր է: Անհայտությունը բավականին դժվար բան է ոչ միայն անհատի, այլ նաև ազգի մակարդակով: Մենք անթիվ զոհեր ենք ունեցել, որոնք անգամ գերեզման չունեն: Նրանց ուրվականը կարծես պտտվում է մեր շուրջ: Դա մեզ թույլ չի տալիս սրտանց ուրախանալ: Մեզ շատ հաճախ ասում են, որ մեր երգերը, ամեն ինչը տխուր է: Եթե Ցեղասպանությունը ճանաչվի, ապա մենք մեզ ներքուստ ազատ կզգանք:

Խոսելով ճանաչման մասին՝ ի նկատի ունենք, որ անողը պիտի ճանաչի: Ես՝ որպես հոգեբան, հողերի և հատուցման մասն այդքան կարևոր չեմ համարում, դա երկրորդական է ցավից ազատվելու հարցում:

Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից շատերը փորձում են ներկայացնել որպես հաղթանակ իրեն ցեղասպանողի նկատմամբ, սակայն ես համամիտ չեմ: Ցեղասպանության ճանաչումն ավելի շուտ թույլ կտա վերականգնել թուրքերի հետ հարաբերությունները, բարեկամության եզրեր գտնել մեր հարևանների հետ: Ճանաչումը թույլ կտա միասին խաղաղության ուղի բռնել: Հիշում եմ, որ պապիկս թուրքական երգեր էր երգում՝ բնական է կողք-կողքի երկար տարիներ էին խաղաղ ապրել, շատ ընդհանուր բաներ ունենք: Ես ինքս մեծացել եմ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում, սակայն ես չեմ հիշում, որ այնտեղ ոխ եղած լինի՝ բացարձակապես, ես երբեք թուրքերի նկատմամբ վատ բան չեմ լսել: Ափսոսանք կար, միմյանց հետ երկար տարիներ բավականին լավ հարաբերություններ են ունեցել:

Ճանաչումն այս պահին երկուստեք է պետք: Ցեղասպանության ուրվականը պտտվում է նաև թուրք ժողովրդի մեջ: Դրա ապացույցը Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած ակցիաններն էին, երբ մարդիկ ասում էին «Բոլորս Դինք ենք»:

Սակայն հիմա փոխարենը բացատրելու Թուրքիային, որ տեղի է ունեցել մի երևույթ, որը չի տեղավորվում մարդկային, քաղաքակրթական կամ հոգեբանական նորմերի մեջ, Թուրքիային փորձում ենք պարտադրել, որ դա ճանաչի: Դա մեր համար վտանգավոր մոտեցում է: Մենք, պարտադրելով Թուրքիային ճանաչելու Ցեղասպանությունը, հակամարտություն ենք սրում, քանի որ ցանկացած պարտադրանք հակազդեցություն է առաջացնում:

Աղբյուրը՝ www.armedia.am

20

Related Post

Թողնել մեկնաբանություն