Եթե ուզում ես ապրել, հանգստացիր. Ռուբեն Պողոսյան

«Գոյություն ունի այսպես կոչված դադարի հոգեբանություն։ Մարդկային էակը թե՛ կենսաբանորոն, թե՛ հոգեբանորեն ինչ ակտիվություն էլ դրսևորի, վերջնագիծը դադարն է»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին այս մասին նշեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Վերջինիս խոսքով, երբ մարդը գնում է արձակուրդ, հայտնվում է սթրեսային իրավիճակի մեջ, որին պետք է հարմարվի։ Մարդկանց մոտ աշխատանքային ակտիվ ձևից դուրս գալն ավելի հեշտ է ստացվում, քան դրա մեջ մտնելը։ «Երբ մենք այս հանգստից հետո գալիս ենք աշխատանքի, դա նույնպես սթրեսային է»,- նշեց հոգեբանը։

Ըստ Ռուբեն Պողոսյանի, օրգանիզմը պետք է հանգստանա լարվածություններից։ Նրա կարծիքով, ուժերը վերականգնելու լավագույն միջոցն ակտիվ հանգիստն է, քանի որ պասիվ հանգիստը հոգեբանորեն լավ չէ, այն կարող է այնպիսի անկման հանգեցնել, որից հետո մարդը մեծ դժվարությամբ կմտնի աշխատանքի. «Շատ դժվար է մտնել աշխատանքային հունի մեջ, այդ մեկնարկային մասը սթրեսային է, աշխատանքից հանգստի գնալը նույնպես սթրեսային է»։

Սթրեսներից ազատվելու համար հոգեբանը խորհուրդ տվեց ջազ լսել։ Ըստ նրա, ջազի մեջ կա կյանքի շարունակություն, այդ երաժշտության մեջ վերջակետ կամ դադար չկա։ «Հանգիստը մարդկանց հետ շփումն է, բայց ոչ պարտադրված, պարահանդեսն է, գրքերի ընթերցումը, մարդը պետք է անի այն, ինչ իրեն է հաճելի»,- նշեց Պողոսյանը։ Իսկ լրագրողներին խորհուրդ տվեց ավելի շատ արշավների գնալ։

«Մենք չգիտենք՝ ինչ է նշանակում հանգստանալ, որովհետև մեր ամբողջ կյանքն է՝ ապրել աշխատելու համար։ Հանգիստը քնելու նման մի բան է։ Եթե ուզում ես ապրել, հանգստացիր»,- եզրափակեց Ռուբեն Պողոսյանը։

20

Թողնել մեկնաբանություն