Արտ-թերապիան որպես ստեղծագործական որոնում

 Յուրաքանչյուր մարդ յուրովի է փորձում պատասխանել իր առջև կանգնած հավերժական հարցերին: Ստեղծագործությունն այն ճանապարհն է, որի միջոցով փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արվեստի հետ շփումը թույլ է տալիս` հարմարվել մեր կյանքի փոփոխություններին, փնտրել իմաստ այն ամենում, ինչ անում ենք, զգում:

Հոգեթերապիայի կարևոր խնդիրներից է` վերականգնել խաթարված կապը զգացմունքների և մտքի միջև, զարգացնել ամբողջական անձին: Արտ-թերապիան, որն օգտագործում է արվեստի խորհրդանշական լեզուն, լավագույնը բացահայտում է մարդու ստեղծագործական հնարավորությունները, դառնում նրա ստեղծագործական որոնման սկիզբը:

«Առողջ մարմին, լուսավոր միտք, ճկուն ոգեղեն կապ աշխարհի հետ. ահա թե ինչ է հարկավոր ներդաշնակ գոյության համար: Դա մեր հրաշալի և ստեղծագործական կյանքի հնարավորությունն է»: Լուիզա Հեյ

Արտ-թերապիան ամենամեղմ, միևնույն ժամանակ խորը մեթոդներից է հոգեբանների և հոգեթերապևտների զինանոցում: Այն կապված է անհատի ստեղծագործական հնարավորությունների բացահայտման, թաքնված ուժերի ազատագրման հետ: Արդյունքում մարդը գտնում է իր պրոբլեմների լուծման արդյունավետ ձևերը: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատմությունը: Այդ պատմության մեջ կան և՛ ուրախ պահեր, և՛ տխուր: Կան նաև այնպիսի իրավիճակներ, որոնք ցանկանում ես վերհիշել, նորովի ապրել և գիտակցել, բայց մուտքն անհասանելի է: Արտ-թերապիան հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի հոգեկանի խորքերը:

Նկարելով, ծեփելով կամ գրական ձևով նկարագրելով պրոբլեմը, տրամադրությունը, մարդը կարծես թե ծածկագրված ուղերձ է ստանում իր անգիտակցականից: Բազմաթիվ խնդիրներ մարդը կարողանում է իր սեփական ուժերով լուծել, ինքն իր հոգեբանը դառնալ, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Իսկ երբ մարդը հոգեկարգավորման համար հոգեբանի միջամտության կարիք է զգում, այստեղ արդեն այդ օգնությունը լինում է խիստ մասնագիտական և համակարգված:

Կան հոգեկան ներդաշնակություն ստեղծելու տարբեր ուղղություններ և մեթոդներ` հոգեդինամիկ, վարքային, կոգնիտիվ, խաղային թերապիա, հոգեմարմնամարզություն և այլն: Այս շարքում իր բավականին կարևոր դերն ունի արվեստի թերապիան: Արվեստն ազդում է մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա: Եթե բարոյագիտությունը ձևավո- րում է անձի բարոյագիտական հայացքները, ապա արվեստը ձևավորում է ամբողջական անձին: Հաղորդակցումն արվեստի հետ մարդուն ազնվացնում է, վեհացնում, ժամանակավոր մոռացնել տալիս առօրյա հոգսերը, հոգեկան բավարարվածության անկրկնելի պահեր պարգևում:3c13ebee5e252897fffcc3b5c68257dd

Արվեստի բոլոր ձևերը խիստ անձնական բնույթի ինքնաարտահայտման միջոց են: Այդ ինքնաարտահայտումը և ինքնադրսևորումը թերապևտիկ նշանակություն ունեն ինչպես ստեղծագործողի, այնպես էլ՝ ընկալողի համար: Արվեստի հենց այդ վերականգնող, թերապևտիկ ազդեցությունն է ընկած հոգեբանական ներդաշնակությունը վերականգնող արտ-թերապևտիկ մեթոդների հիմքում:

«Արտ- թերապիա» բառացիորեն նշանակում է «բուժում արվեստի միջոցով»: Մեթոդն ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, և տերմինն առաջին անգամ օգտագործել է Ադրիան Հիլը: «Արվեստը որպես թերապիա» մեթոդի նկատմամբ վերջին տարիներին աճող հետաքրքրությունը կարելի է բացատրել մարդու այն պահանջմունքով, որ նա ձգտում է ներդաշնակության և հոգեկան առողջության հասնել ավելի բնական և համալիր ձևով, որտեղ հավասարաչափ կարևոր են զգացմունքն ու միտքը, մարմինն ու հոգին, ներհայեցողության ընդունակությունն ու ակտիվ գործունեությունը:

Այսօրվա մարդու համար, որը հիմնականում օգտագործում է հաղորդակցման խոսքային ձևեր, ոչ պակաս կարևոր է վիզուալ (տեսողական) և պլաստիկ արտահայտչամիջոցների «լեզուն»: Այն դառնում է անփոխարինելի միջոց` հետազոտելու և ներդաշնակեցնելու մարդու հոգեկան աշխարհի այն կողմերը, որոնց արտահայտման համար բառերը երբեմն անզոր են լինում:

Դասական հոգեվերլուծության ներկայացուցիչների կարծիքով, արվեստի` որպես թերապիայի, հոգեկարգավորման մեխանիզմը սուբլիմացիան է, որը կարծես հավասարակշռություն է ստեղծում անգիտակցական և գիտակցական Ես- երի միջև: Այստեղ կարևոր է ակտիվ երևակայության տեխնիկան, որը աֆեկտիվ փոխներգործության միջոցով կարծես հաշտեցնում է անգիտակցականն ու գիտակցականը: Հումանիստական հոգեբանության տեսանկյունից արտ-թերապիայի նշանակությունը հետևյալն է. սեփական Ես-ի հարստացման և ճանաչման նպատակով` անձին տալ անսահման հնարավորություններ ստեղծագործության մեջ ինքնաբացահայտման և դրսևորման համար: Տրանսպերսոնալ հոգեբանությունը ելնում է այն կարևոր դրույթից, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա ոգեղեն սկիզբ (Ոգեղեն Ես), որը կապված է կոլեկտիվ անգիտակցականի հետ և անվերջ մի ռեսուրս է` զարգացման և ամբողջականության վերականգնման:

imagesՍտեղծագործական աշխատանքը հնարավորություն է տալիս մարդուն` կենտրոնացնել իր գիտակցական և ենթագիտակցական գործընթացները` ինքնաարտահայտվելու ձգտումը, որի արդյունքում հնարավոր է դառնում սիմվոլիկ ձևով վերակառուցել կոնֆլիկտային, հոգեկանը խաթարող իրավիճակները և հասնել հոգեկան ներդաշ նակության: Մարդը ստեղծում է սիմվոլիկ պատկերներ սեփական մտքերն ու հույզերը արտահայտելու համար: Սա արտ-թերապիայի մեխանիզմներից մեկն է: Հոգեբանն այստեղ ելնում է մարդկանց ընկալման ամբողջականության, իմաստավորվածության ընդունակություններից: Մեր ընկալումը նաև սիմվոլիկ է: Ընկալվող մեկ օբյեկտն իր մեջ ընդհանրացնում է օբյեկտների մի ամբողջ խումբ: Նկարիչը կամ արվեստի միջոցով ապաքինվող մարդը, երբ նկարում է դեպի արևը ձգվող ծառ, հենվում է մարդկանց ընդհանրացման կարողության վրա` յուրաքանչյուր մասնավոր դեպքի մեջ տեսնելով ընդհանուրը` իր բազմազան դրսևորումներով:

Տրամադրության անկումները, թերարժեքության զգացման հետ կապված խանգարումները առողջ մարդկանց, հատկապես շեշտված անձնավորությունների մոտ կարելի է վերացնել, թուլացնել ստեղծագործական ինքնաարտահայտման միջոցով: Մարդը համակվում է ապաքինող ստեղծագործական ներշնչանքով, կարողանում բարոյապես առողջ ինքնադրսևորմամբ հաղթահարել դժվարությունները, թուլացնել հոգեկան լարվածությունը, ոգու վերելքը` չդիմելով և ոչ մի դեղամիջոցի, թմրանյութի, ալկոհոլի: Ստեղծագործական աշխատանքի ընթացքում մարդը հոգեպես հարստանում է, կարծես նորովի գտնում իրեն, զգում և գիտակցում իր անձնային առանձնահատկությունները, որը հնարավորություն է տալիս նրան գտնելու իր տեղն ընկերների կողքին, հասարակության մեջ: Այդ աշխատանքում ստեղծագործական պայծառացման, ներշնչանքի ժամանակ կարծես չկա հիվանդություն, պաթոլոգիա, այլ կա միայն լույս:

Ստեղծագործությունը սեփական Ես-ի կերտումն է, որը հնարավորություն է տալիս մարդուն զգալու և հասկանալու ինքն իրեն` բնության և մարդկության հետ ներդաշնակ: Իրականության երևույթների էական գծերն արվեստի ստեղծագործություններում իրագործվում են այնպիսի արտահայտիչ բնութագրերով, ինչպիսին ձևն է, գույնը, շարժումը և այլն: «Երբ մենք օգտագործում ենք «արտ» տերմինը, մենք չենք մտածում բառերի մասին, այլ պատկերացնում ենք գույներ, բարդ զգացողություններ, պատկերներ, գծեր և այլն, ինչը դժվար է արտահայտել լեզվի միջոցով: Այստեղ է մեր մասնագիտության հմայքը և բարդությունը»,- գրում է հայտնի արտ-հոգեբան Գուդմանը:

Գույնը և երաժշտական հնչյունը հոգեկան ապրումների արտահայտման անմիջական միջոցներն են, այն հույզերի և ապրումների, որոնք հնարավոր չէ որոշել, արտահայտել մտքի միջոցով: «Գույնը մեզ տալիս է կյանքի ջերմությունը, զգայություններ, հույզեր և այն ապրումների աննկարագրելի նրբերանգները, որոնք բանականությունը ընդունակ չէ տարբերակել և արտահայտել: Հետևաբար, ձևի արժանիքը պարզությունն է, գույնինը` խորությունը…:images11

Գույնը բացահայտում է այն, ինչը վերաբերում է ձևի ներքին էությանը, հուզական նշանակությանը»,- գրում է Գովինդան: Օրինակ նկարելը կամ ծեփելը զարգացնում և կանոնավորում են մարդու գույնի և ձևի զգացողությունը: Անձի հուզականությունը, որը երբեմն հանդիպում է մարդու մոտ, պարտադրում է կարծես վիզուալիզացիա ձևի և գույնի մեջ: Միայն այդ էքսպրեսիվ միջոցների շնորհիվ է մարդը գիտակցում իր ներաշխարհում փոթորկվող հույզերն ու ձգտումները, ապրումներն ու վիճակները, որոնք խոսքայնացնել հնարավոր չէ: Այդ ոչ նյութական, աբստրակտ գծերը, ձևերն ու գույները բնութագրվում են երկակի հրաշալի որակներով. միաժամանակ և՛ թաքցնում են, և՛ բացահայտում են:

Կյանքում մենք գիտենք, որ գույնը կարող է հիացնել, բարկացնել, հանգստացնել, գրգռել, որոշ գույներ տաք են (կարմիր, դեղին, նարնջագույն), որոշ գույներ` սառը (կապույտ, սպիտակ): Գույնը շատ հաճախ է օգտագործվում արտ-թերապիայում՝ որպես հույզերի և ապրումների սիմվոլիկ արտահայտչամիջոց: Արտ-թերապևտիկ ստեղծագործական աշխատանքում մարդը ինտուիտիվ և խորությամբ է զգում գույնը: Նրա մոտ կա գիտակցական պահանջ կոնկրետ գույների նկատմամբ: Հաճախ, երբ մարդը գտնվում է բարձրագույն հուզական վիճակում կամ տառապում է, ձևը չի բավարարում նրան, գիծը դառնում է սահմանափակող, և միայն գույնն է մնում նրա հույզերի արտահայտիչը: Գույնի միջոցով մարդը փնտրում է ինքն իրեն, սեփական ես-ը:

Արտ-թերապիայի մյուս մեխանիզմը կապված է արվեստի գեղագիտական ընկալման հետ, որը թույլ է տալիս ներքին, ճնշված ապրումներին, աֆեկտիվ հույզերին կարծես կերպարանափոխվելու գերագույն հաճույքի և վայելքի զգացման: «Գեղագիտական ապրումները միշտ փոխակերպող ազդեցություն ունեն: Գեղագիտական օբյեկտը փոխակերպվող փորձի հիմքն է կազմում, որի միջոցով հաղթահարվում է հոգեկանի կտրտվածությունը և ինտեգրվում են Ես-ի տարբեր մասնիկներ», – գրում է ամերիկյան արտ-հոգեթերապևտ Քեյզը: Օրինակ, երաժշտության հետ հաղորդակցումը թեթևացնում է մարդու սթրեսային վիճակները, մեղմում ցավը, կենդանացնում հիշողությունները, վերականգնում կենսական ուժերը, բարենպաստ ազդեցություն թողնում մարդու վրա: musicԵրաժշտությունը առօրյա, երբեմն միապաղաղ կյանք է ներարկում հույզերով հարուստ երանգներ: Երաժշտությունն ինքը ներդաշնակություն է, որով համակում է ունկնդրին: Կամ ասենք, գեղագիտական օբյեկտը գեղարվեստական գրականությունն է, որը, ընթերցողին տալով անկրկնելի ապրումներ, փոխակերպում է նրա անհանգստությունը, հուզմունքը, հոգեկան աններդաշնակությունը ամբողջական Ես-ի զգացողության:

Շատ հաճախ հասուն տարիքում մարդը «հանդիպում» է իր հոգեհարազատ գրողին, որի երկերը թույլ են տալիս ավելի ճիշտ հասկանալ ինքն իրեն, իր ապրումները, կոնֆլիկտները, ավելի հստակ է դառնում իր հարաբերությունների հետագա կառուցումն այլ մարդկանց հետ:

Կերպարվեստը հնարավորություն է տալիս մարդուն հասնելու հոգեբանական բարեհար- մարության, որի դեպքում ստեղծագործողն ինքը «հանդիսատես» է դառնում, ուսումնասիրում սեփական ինքնաարտահայտման արդյունքը: Անկախ նրանից`  մարդը զբաղվում է գրական ստեղծագործությամբ, թե՝ պատմում, նա բոլոր դեպքերում իրականացնում է ինֆորմացիայի անցում հուզական մակարդակից իմացականին: Միևնույն ժամանակ, դրանով իսկ փոխվում է նրա վերաբերմունքն անցյալի, հոգեկանը խաթարող փորձի և սեփական թերությունների նկատմամբ: Համաձայն Գուդմանի` կերպարվեստը երկխոսություն է` կա՛մ ստեղծագործողի և իր ինքնության, կա՛մ ստեղծագործողի և այլ մարդկանց միջև:

Արվեստը՝ որպես թերապևտիկ մեթոդ, ելք է տալիս ներքին կոնֆլիկտներին, հույզերին, օգնում մեկնաբանել արտամղված ցանկություններն ու ապրումները, բարձրացնում է անձի ինքնագնահատականը, զարգացնում ստեղծագործական ընդունակությունները: Արվեստը ոչ միայն պատկերի կառուցման վարպետություն և տեխնիկա է, այլև, առաջին հերթին, ստեղծագործողի անձի արտացոլումն է գեղարվեստական ստեղծագործության մեջ: Հենց այս միտքն է ընկած արտ-թերապիայի մեթոդն օգտագործող հոգեբանի աշխատանքի հիմքում: Անձը, այցելուն ստեղծագործում է` նկարում, փորագրում, գրում և բոլոր դեպքերում իր ներաշխարհն է արտահայտում, իր գիտակցված և չգիտակցված մղումները:

Յուրաքանչյուր մարդ յուրովի է պատասխանում իր առջև ծառացած հավերժական հարցերին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ես, ի՞նչ է աշխարհը, որում ապրում եմ ես»: Ստեղծագործությունը այն ուղին է, որի վրա փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արարման պահի ապրումները տալիս են ուժ` խոչընդոտները հաղթահարելու, ներքին ու արտաքին կոնֆլիկտները լուծելու համար: Այդ ուժը ռեսուրսային է, քանի որ առօրյա կարծրատիպերից հեռու է և ընդլայնում է կյանքի փորձը, մեծացնում հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մարդն ինչքան լավ կարողանում է ինքնահաստատվել, այնքան լիարժեք և անկրկնելի է իրեն զգում: Արտ-թերապիան ձևավորում է կյանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունք, նպատակին հասնելու միջոցների և ձևերի բազմազանությունը տեսնելու կարողություն, զարգացնում է մինչ այդ թաքնված ընդունակություններ` կյանքի առաջադրած խնդիրները լուծելու համար: Մարդը բացահայտում է ստեղծագործական գործընթացի ընդհանուր օրինաչափություններն ինչպես արվեստում, այնպես էլ՝ կյանքում: Եվ աստիճանաբար այդ երկու հասկացությունները միավորվում են, դառնում Ապրելու Արվեստ:

Շատ պրոբլեմների պատճառն, ըստ Ռ. Մեյի, ծագում է այն մտքից, որ մարդը չգիտի ինքն իրեն, խաղում է «ոչ իր դերը»: Հարկավոր է ունենալ քաջություն` դեմ դիմաց կանգնելու սեփական ես-ի հետ, «լայնացնելու գիտակցությունը», վերակառուցելու համար աշխարհը, ստեղծելու նոր աշխարհ, իսկ դա ստեղծագործական որոնման արդյունք է: Ստեղծագործաբար ապրող մարդը միշտ բացահայտում է իրականության նորանոր կողմեր, հասկանում և գնահատում է երևույթներն ու մարդկանց` տարբեր տեսանկյուններից: «Ինչքան մարդն օժտված է, այնքան հեշտ և արագ են նրա մեջ փոփոխություններ տեղի ունենում, նա ավելի ընկալունակ է, ավելի խորն է զգում տառապանքը, բայց նրա հնարավորություններն էլ ավելի հարուստ են»:

Հոդվածի հեղինակ՝ հ.գ.թ., դոցենտ Սյուզան Սարգսյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.